Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտվե՞լ են արդյոք բռնությունները

Դեկտեմբեր 20,2014 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը:

Արամ Աբրահամյան.– Անցած շաբաթ տեղի ունեցած բռնությունները՝ սկզբում ազատամարտիկների, իսկ այնուհետեւ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ, դատապարտվել են ԱԺ-ի բոլոր խմբակցությունների կողմից՝ տարբեր երանգներով: Խորհրդարանը ինչ-որ ուրիշ բան կարո՞ղ էր անել:

Մանվել Բադեյան.– Ոչ, ԱԺ-ն արեց այն, ինչ իր իրավասությունների մեջ էր՝ ընդունեց հայտարարություն ձայների մեծամասնությամբ, ցավոք սրտի՝ որոշ խմբակցություններ չմիացան ԱԺ հայտարարությանը: Բայց բոլոր քաղաքական ուժերը առանձին-առանձին եւս հանդես եկան բռնարարքների քննադատությամբ: Ավելին խորհրդարանը չէր կարող անել, որովհետեւ մնացածը ուրիշ մարմինների իրավասությունն է, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն յուրաքանչյուր գործի քննությամբ, մեղավորներին ի հայտ բերելով եւ նրանց պատժելով:

Ա. Ա.- Պարոն Ռուբինյան, Դուք երեւի հետեւել եք հայտարարություններին, որ եւ առանձին ՀՀԿ-ն է արել, հետո ՀՀԿ-ն Դաշնակցության հետ միասին, ինչպես նաեւ՝ եռյակը, թե քառյակը: Վերապահումներ ունե՞ք այս հայտարարությունների վերաբերյալ:
Կարապետ Ռուբինյան.- Բնականաբար: Ես կարծում եմ, այնուամենայնիվ՝ ԱԺ-ն պարտավոր էր ավելի կտրուկ արձագանքել այդ իրավիճակին: Որովհետեւ բացի նրանից, որ բռնությունների մի շղթա ստեղծվեց, միգուցե այդ շղթայում նույնիսկ մի օղակ, երկու օղակ պատահական էր, բայց այդ շղթան ցույց տվեց, որ մթնոլորտը երկրում նորմալ չէ: Դրան գումարվեց այն, որ պետական պաշտոնյան՝ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը իր հայտարարություններով մի նոր մթնոլորտ ստեղծեց, հնչեցին ուղղակի սպառնալիքներ, եւ կարծում եմ՝ ԱԺ-ն պետք է համապատասխան գնահատական տար այդ պաշտոնյայի ասածին: Այդ պաշտոնյան հակապետական հայտարարություններ էր անում: Պարզ է, որ ԱԺ-ն չի կարող գործից ազատել նման մի մարդու, բայց կարող էր կոչ անել համապատասխան ղեկավարներին, որպեսզի այդ մարդուն կարգի հրավիրեն: Կարգի հրավիրեցին նկատողություն անելով, ես կարծում եմ՝ դա շատ փաղաքշական ձեւ էր:

Ա. Ա.– Խոսքը Լեւոն Երանոսյանի մասին է, նա փոխոստիկանապետ է, սկզբում նա ասաց՝ նրանք, ովքեր «վատ» արտահայտվեն Սերժ Սարգսյանի մասին, ես նրանց ականջները կկտրեմ, դրա համար ստացավ նկատողություն ոստիկանապետի կողմից, որ անզուսպ է արտահայտվել, հետո նորից հարցազրույց տվեց եւ ասաց՝ նրանք, ովքեր այդպիսի բաներ են ասում, ես նրանց գլուխը կջարդեմ: ԱԺ գո՞րծն է գնահատական տալ փոխոստիկանապետին, թե՞ ոչ:

Մ. Բ.– Ոչ, ԱԺ գործը այս կամ այն, ոչ շատ բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող որեւէ մեկին գնահատական տալը չէ, որովհետեւ փոխոստիկանապետը դա սոսկ միջին չինովնիկ է: ԱԺ-ն կարող է գնահատական տալ, օրինակ՝ այս կամ այն կառույցին ընդհանրապես, եւ երբ մենք հայտարարում ենք, այն հայտարարությունը, որ ընդունեցինք, այնտեղ նշված է, որ իրավապահ մարմինները իրենց բարձրության վրա չեն գտնվել: Միշտ կարելի է շահարկել ցանկացած տեքստ, երբ պետք է հայտարարություն արվի, միշտ ամեն մի քաղաքական ուժ կուզենա տեսնել այն, ինչ իրեն է պետք: Բալանսավորված տեքստ էր, իմ կարծիքով, եւ համենայնդեպս, երբ որ մենք համեմատում ենք 2 տեքստերը, մեր՝ ՀՅԴ եւ ՀՀԿ միասնական տեքստը, իսկ մյուս կողմից՝ ԲՀԿ տեքստը, թող ժողովուրդը ինքը դատի, ըստ իս՝ շատ ավելի շահեկան էր, շատ ավելի գրական էր, շատ ավելի ընդգրկուն էր եւ նույնիսկ շատ ավելի սուր էր մեր տեքստը:

Ա. Ա.– Այսինքն՝ Լեւոն Երանոսյանն այն չինովնիկը չէ, որով պետք է զբաղվի Ազգային ժողովը:

Կ. Ռ.– Տեսեք՝ ասվեց՝ միջին չինովնիկ է: Նա ներքին զորքերի հրամանատարն է, ներքին զորքերը ներկա ռեժիմի կողմից օգտագործվում են որպես սպառնալիք խաղաղ ցույցերի ժամանակ, ժողովրդական բողոքների ժամանակ, մենք դա տեսել ենք: Ճիշտ է, մարտի 1-ին նա չի եղել հրամանատարը: Հիմա նա ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում, որի իրավասությունը չունի: Դրան գումարենք այն՝ անում են այն բանից հետո, երբ որ հենց ինքն էլ բռնություն է կազմակերպել իր չգիտեմ՝ պահպանություն ասեմ, թե իր ախպերության կողմից իրականացված:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Բռնապետության բռնակալները դատապարտում են բռնությու*նը:Բռնապետությունները բռնի վերացման պետք ունեն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031