Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները հարկ եղած պահին պետք է կարողանան հակադարձել Ռուսաստանին

Դեկտեմբեր 20,2014 16:30

Մեր զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

– Ինչպե՞ս կբնութագրեք 2014 թվականը Հայաստանի համար` ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք արտաքին հարաբերություններում, եւ ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը 2015-ից` արդեն որպես ԵՏՄ-ի անդամ պետություն, մեզ կհաջողվի՞ մանեւրել արտաքին հարաբերություններում:

– 2014 թվականը Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, կբնութագրեի որպես արտաքին քաղաքականության եւ արտաքին հարաբերությունների բացակայության տարի: Այն, ինչ տեղի է ունեցել 2014-ի ընթացքում, դա հիմնականում անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշմամբ պայմանավորված գործընթացների շարունակությունն է, այդ որոշման բացասական հետեւանքների խորացումը եւ միջազգային հարթակում Հայաստանի, որպես ՌԴ-ի խամաճիկ պետության, կարգավիճակի ամրապնդումը:

Այս իրականության արտահայտություններից են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի հետ կապված Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի քվեարկության արդյունքները եւ ընդհանրապես՝ Հայաստանի դիրքորոշումը կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը ուկրաինական ճգնաժամի եւ դրանում ՌԴ դերակատարության վերաբերյալ: Նույն երեւույթին է վերաբերում Հայաստանի բացարձակ անգործությունը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարների արժողությամբ զինատեսակների մատակարարման հարցում եւ այլն: Միակ բացառությունը Ս. Սարգսյանի մասնակցությունն էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչը ստեղծված իրավիճակում եւ անկախ դրդապատճառներից՝ ի նպաստ Հայաստանի էր: Ինչ վերաբերում է 2015-ից` արդեն որպես ԵՏՄ-ի անդամ պետություն, արտաքին հարաբերություններում մանեւրելու հնարավորություններին, ապա դրանք, իհարկե, շատ սահմանափակ են, բայց, այնուամենայնիվ, կան՝ նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում:

Սակայն այդ հնարավորություններից օգտվելու համար Հայաստանի իշխանությունները պետք է առաջնորդվեն պետական շահով եւ հարկ եղած պահին կարողանան հակադարձել Ռուսաստանին, կարողանան պաշտպանել ՀՀ շահերը՝ անհրաժեշտության դեպքում հակադրվելով ՌԴ-ին, ինչը հնարավոր կլինի միայն Հայաստանում համապատասխան համակարգային փոփոխությունների եւ հայաստանյան քաղաքական դաշտի մաս կազմող ՌԴ-ի ազդեցության լծակների չեզոքացման դեպքում:

Marta-Ayvazyan_1_

– Հաշվի առնելով Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքով ՌԴ-ում տիրող ֆինանսատնտեսական վիճակը՝ ի՞նչ եք կարծում, նման իրավիճակում ԵՏՄ-ի կենսունակությունը կարելի՞ է երաշխավորել, եւ առհասարակ՝ ի՞նչ է սպասվում Ռուսաստանին:

– ՌԴ-ի տնտեսական վիճակն, անշուշտ, շատ կարեւոր է ԵՏՄ-ի կայացման համար, սակայն իմ կարծիքով՝ այդ կառույցի կենսունակությունը հարցականի տակ է ոչ այնքան ՌԴ-ում ներկայումս տիրող ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, ինչքան, մասնավորապես, այդ պայմաններում եւ այս պահին այդ կառույցի անդամ պետությունների չհամընկնող տնտեսական եւ քաղաքական շահերի, իրենց միջեւ ներկայիս լարված փոխհարաբերությունների եւ ՌԴ-ի՝ իր հնարավորությունների եւ հզորության հետ համեմատած անհամաչափ քաղաքական եւ տնտեսական ամբիցիաների, կազմակերպությունը բացառապես իր շահերին ծառայեցնելուն նպատակաուղղված քաղաքականության եւ Արեւմուտքի հետ ընթացող առճակատման պատճառով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա 70 տոկոսով հումքի եւ, մասնավորապես, նավթի եւ գազի արտահանումից կախված, տեխնոլոգիական տեսանկյունից հետամնաց, սպառողական ապրանքների եւ նույնիսկ սննդամթերքի ներքին պահանջարկը բավարարելու հարցում շատ դեպքերում ներմուծումից կախված տնտեսության պայմաններում նավթի գնի կտրուկ անկումը՝ զուգորդված արեւմտյան երկրների կողմից կիրառվող ֆինանսատնտեսական պատժամիջոցների ու տարբեր գործոններով պայմանավորված՝ ռուբլու աննախադեպ արժեզրկման պայմաններով, Ղրիմի եւ Ուկրաինայում ընթացող գործողությունների համար ծախսվող ահռելի գումարների հետ միասին այսօր հասցրել են Ռուսաստանը դեֆոլտի եզրին:

Օրեցօր աճում է նաեւ ներքին սոցիալ-տնտեսական լարվածությունը: ՌԴ բոլոր փորձերը՝ ասիական պետությունների, մասնավորապես Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման շնորհիվ իր կորուստները մասամբ լրացնելու, առ այսօր որեւէ արդյունք չեն տվել: Ավելին, ասիական պետությունների կողմից թելադրվող պայմաններն ընդհանրապես հարցականի տակ են դնում այդ համագործակցության զարգացման շահավետությունը ՌԴ համար: Հաշվի առնելով, որ նավթի գների աճ մոտ ապագայում չի ենթադրվում, իսկ սեփական տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ ինքնաբավ դարձնելու համար պահանջվում են տարիներ եւ ֆինանսական ռեսուրսներ, այս պահին դեֆոլտից, ինչպես նաեւ ներքին սոցիալական դժգոհության ալիքով սպառնացող տնտեսական ճգնաժամի խորացումից խուսափելու համար ՌԴ-ն պետք է հասնի պատժամիջոցների թուլացման, ինչն իր հերթին հնարավոր է միայն Ուկրաինայի նկատմամբ ՌԴ քաղաքականության փոփոխության դեպքում: Եթե ՌԴ իշխանությունները չգնան զիջումների այս հարցում, ապա իրավիճակը կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական եւ սոցիալական, այլ նաեւ քաղաքական ցնցումների եւ նույնիսկ իշխանափոխության:

– Ռուսաստանը չի բացառում հավանականությունը, որ Մաքսային միության շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ հակադարձելու Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին՝ վերջերս հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե նման հարցն իսկապես օրակարգային դառնա պաշտոնական Մոսկվայի համար, Հայաստանն ինչպե՞ս պետք է իրեն պահի, կկարողանա՞նք դիմանալ հնարավոր ճնշումներին:

– Ես չեմ կարծում, որ ՄՄ-ի կողմից նման որոշում կարող է կայացվել, քանի որ այն կհակասի Բելառուսի եւ Ղազախստանի շահերին: Ակնհայտ են արեւմտյան պատժամիջոցներին պատժամիջոցներով հակադարձելու Ռուսաստանի ճիգերի բացասական հետեւանքները հենց նույն Ռուսաստանի տնտեսության համար: Ամբողջ տարվա ընթացքում մենք տեսել ենք նաեւ, թե ինչպես են Բելառուսը եւ Ղազախստանը տարբեր առիթներով հակադրվում Ռուսաստանին եւ պաշտպանում իրենց հետաքրքրությունները՝ նույնիսկ սպառնալով դուրս գալ արդեն իսկ գործող ՄՄ-ի կազմից:

Հիշեցնեմ նաեւ, որ արդեն իսկ տարբեր պատճառաբանություններով, սակայն իրականում ՌԴ-Արեւմուտք տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված՝ կասեցվել է որոշ ապրանքատեսակների ներմուծումը Բելառուսից ՌԴ եւ հակառակը: Օրերս Բելառուսը վերականգնել է մաքսակետերը ՌԴ-ի հետ սահմանի վրա: Այնպես որ, ինչպես նշեցի, ՄՄ-ի ներսում գոյություն ունեցող հակասությունների եւ ձայների ներկայիս հարաբերակցության պայմաններում նման որոշումը քիչ հավանական եմ համարում: Պատկերը կարող էր փոխվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում, ինչը ՌԴ-ին հնարավորություն կտար օգտագործել Հայաստանի ձայնը հօգուտ իր շահերի: Բելառուսը եւ Ղազախստանը շատ լավ հասկանում են դա, եւ նման իրավիճակներից խուսափելու նպատակով նաեւ փաստորեն տապալեցին հունվարի 1-ից Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը:

– Հաշվի առնելով Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը ուկրաինական իրադարձությունների համատեքստում, հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ ազդեցության պահպանման ջանքերը ՌԴ-ի կողմից՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ խոշոր հաշվով ԵՄ քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ պարտություն է կրել:

– Եթե ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը դիտարկենք որպես նեղ տնտեսական շահերի թելադրանքով Ռուսաստանում հակաժողովրդավարական զարգացումների եւ հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ շարունակաբար, բոլոր հնարավոր եւ նաեւ անընդունելի միջոցներով ազդեցության պահպանմանն ուղղված ՌԴ-ի գործողությունների նկատմամբ ԵՄ-ի հանդուրժողականություն, ապա այո, այն ձախողվել է: Սակայն խոշոր հաշվով այս պահին ես կարձանագրեի ոչ թե ՌԴ-ի նկատմամբ ԵՄ վարած քաղաքականության ձախողում, այլ հենց ՌԴ-ի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ձախողում եւ ոչ միայն հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ ազդեցության պահպանման տեսանկյունից, այլ նաեւ միջազգային հարթակում ՌԴ-ի՝ որպես համաշխարհային ուժային եւ տնտեսական կենտրոններից մեկը հաստատվելու իր հավակնությունների եւ ջանքերի առումով: Ռուսաստանը, չնայած իր կողմից ձեռնարկված բոլոր քայլերին, չկարողացավ կասեցնել Վրաստանի, Մոլդովայի եւ, մասնավորապես, Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը: ԵՄ-ի հետ համագործակցության խորացման օգտին հանդես եկավ նաեւ Բելառուսի նախագահը, ինչը դրական արձագանք ստացավ Բրյուսելից:

Ավելին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտումներով վարած Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, մասնավորապես՝ Ղրիմի բռնակցումը, հանգեցրեց նրան, որ ՌԴ-ն այսօր միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես միջազգային անվտանգությանը եւ խաղաղությանը սպառնացող, անկանխատեսելի եւ անվստահելի պետություն: Այս զարգացումների արդյունքում Ռուսաստանը ենթարկվեց միջազգային տնտեսական պատժամիջոցների: ՆԱՏՕ-ի կողմից շտապ ընդունվեց Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման, արագ արձագանքման ուժերի վերջնական կայացման որոշումները եւ այլ: Ուկրաինան իր հերթին այսօր քննարկում է ռազմական դաշինքների չմիանալու իր կարգավիճակից հրաժարվելու հարցը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները, ինչի մասին նախկինում խոսք անգամ չկար: ՌԴ վարած արտաքին քաղաքականության ձախողման մասին են վկայում նաեւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կատարած այցերը, որոնք եւ արարողակարգային, եւ բովանդակային տեսանկյունից չի կարելի հաջողված համարել:

– Թե Վրաստանի վարչապետի` Երեւան կատարած օգոստոսյան այցի, թե Հայաստանի վարչապետի` օրերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ նշվեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ կերպ չի անդրադառնա Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Դուք տեսնո՞ւմ եք նման հավաստիացումը կյանքի կոչելու հնարավորություններ:

– ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները երկկողմ ձեւաչափից կտեղափոխվեն բազմակողմ ձեւաչափ եւ կընթանան համաձայն ԵՏՄ-ի կողմից սահմանված պայմանների եւ ընդունված նորմատիվ ակտերի: Մեզ համար այդ իրավիճակն իր բացասական ազդեցությունը կունենա նվազագույնը Հայաստան ներմուծվող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների՝ Վրաստանի տարածքով տարանցման եւ ուղղակի Վրաստանից ապրանքների ներմուծման ռեժիմի եւ պայմանների վրա: Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանը կաշխատի օգտագործել ԵՏՄ-ն՝ որպես լրացուցիչ լծակ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար:

Այս պայմաններում մենք կարող ենք միայն հուսալ, որ Հայաստանը ստիպված չի լինի հերթական անգամ իր շահերը ստորադասելով ՌԴ շահին՝ գնալ այնպիսի քայլերի, որոնք բացասաբար կազդեն Վրաստանի հետ մեր հարաբերությունների վրա: Տնտեսական հարաբերությունները Վրաստանի, ինչպես նաեւ մեր այլ անմիջական հարեւանների հետ կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, եւ դրանք ակնհայտորեն չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրների շահերով եւ առավել եւս՝ թելադրվեն նրանց կողմից: Սա վերաբերում է թե Վրաստանին, թե Իրանին եւ թե Թուրքիային, եւ կարեւոր է ոչ միայն տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների առումով, այլ նաեւ ՀՀ քաղաքական շահերի պաշտպանության եւ տնտեսական անվտանգության ու կայունության ապահովման տեսանկյունից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031