Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք այն փոխարժեքը, որը հաստատվել է այսօր, ա՞յն է, ինչ պետք է լինի»

Դեկտեմբեր 20,2014 16:00

Տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ եթե կան արհեստական տարրեր, ապա փոխարժեքը չի արտացոլում իրականությունը, եւ այն շուտով կփոխվի:

Երեկ, ի տարբերություն անցած օրերի, դրամն արժեւորվեց, դոլարն արժեզրկվեց. 1 դոլարի վաճառքը, ըստ www.rate.am կայքի, 480-ից 513 դրամ էր, իսկ նախօրեին բանկերը 1 դոլարը վաճառել են 550-ից մինչեւ 561 դրամով: Դոլարի բարձր գինը խուճապ էր առաջացրել հանրության շրջանում, նախօրեին շուկայում, կարելի է ասել՝ ինչ կար-չկար, փոխարժեքին ոչ համարժեք գնով թանկացել էր. բնակիչները խուճապահար սնունդ էին «կրում», պարկերով ու տուփերով էին գնում առաջին անհրաժեշտության սննդամթերքը:

Հայաստանի կառավարությունը նախօրեին հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ֆինանսական շուկայի այդ զարգացումները պայմանավորված են հիմնականում տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:

Պետք է նշել, որ խուճապը նման իրավիճակներում առաջին թշնամին է, եւ հենց անկառավարելի խուճապի արդյունքում հնարավոր են անդառնալի երեւույթներ: Կառավարությունն իր հայտարարությամբ փորձեց խուճապն էլ հանդարտեցնել՝ բնակչությանը վստահեցնելով, որ աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերին եւ ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, տնտեսվարողների եւ քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար.

«Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե կառավարությունը, թե Կենտրոնական բանկը անում են եւ կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»: Կառավարության ուղարկած ազդակների արդյունքները հանդարտեցրեց խուճապը, թե ոչ՝ կերեւա ավելի ուշ. դա կախված է դրամի իրական արժեւորումից, եթե այն չսկսի նորից «անկում ապրել»: Չի բացառվում, որ սպառողական ապրանքների գների եւ արտարժույթի շուկայում որոշակի կայունությունը իշխանությունների եւ նրանց հետ սերտաճած խոշոր գործարարների ներքին պայմանավորվածության արդյունք է՝ կանխելու Հայաստանում բողոքի ալիքը:

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, մեր արտարժութային շուկայում աննախադեպ էր: Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը նախօրեին միաժամանակյա հայտարարություններով հանդես եկան, եւ սա հզոր ազդակ պետք է հանդիսանար հանրության համար: Միջազգային պրակտիկայում սա կոչվում է «բանավոր» ինտերվենցիա: Պետք է նկատել, որ պահը բավականին հաջող էր՝ Ռուսաստանում ռուբլին կայուն է, ու Ռուսաստանից եկող բացասական ազդակներ այդ պահին չկային»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը:

Հիմա, ինչ կատարվում է արժութային շուկայում, եւ ստեղծված իրավիճակը, Հայկ Գեւորգյանի կարծիքով, նույնպես չի կարելի բոլորովին նորմալ համարել, քանի որ տնտեսության համար ցնցում է ոչ միայն կտրուկ արժեզրկումը, այլ նաեւ կտրուկ արժեւորումը:

Դրամը կայունացնելու փորձի առաջին օրը, ինչպես նշեց Հայկ Գեւորգյանը, հաջող անցավ: Այլ պայմանների անփոփոխ մնալու դեպքում, տնտեսական մեկնաբանի կարծիքով՝ գոնե առաջիկա օրերին որոշակի կայունություն կլինի արտարժույթի շուկայում:

Ինչ վերաբերում է ԿԲ-ի եւ կառավարության մատնանշած սպեկուլյատիվ գործողություններին, Գեւորգյանն ասաց. «Այդպիսի կատեգորիա, օրինակ՝ արեւմտյան արտարժույթի շուկայում չկա: Այնտեղ մեր պատկերացրած սպեկուլյանտներին անվանում են «ներդրողներ», ու վերջիններս շուկայի, իրոք, ամենամեծ ներդրողներն են, եւ «քաշվելուց» հենց նրանք են առաջինը «քաշվում»: Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ թե սպեկուլյանտներ են, այլ այնքան հզոր ազդեցություն ունեն, որ կարողանում էին բանկերից էժան դոլար գնել:

Դրանք, նորից եմ ասում, սպեկուլյանտներ չեն: Իսկ սպեկուլյանտները նրանք են, ովքեր ապրանքը, տվյալ դեպքում՝ դոլարը էժան գնում եւ թանկ վաճառում են, կամ դրամն են էժան գնում՝ թանկ վաճառում ու ենթարկվում են ահռելի ռիսկերի: Իսկ իմ նշած կատեգորիան ոչ մի ռիսկի չի ենթարկվում, նա ապրանքը, տվյալ դեպքում՝ դոլարը կարողանում էր գնել, այսպես ասենք՝ այդ պահին գործող շուկայականից ցածր գնով, բայց վաճառել շուկայական գնով: Սա պարզ կրիմինալ է»:

Նշենք, որ ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների (այս մասին գրել է «Հայկական ժամանակը»)՝ անցած շաբաթվա ընթացքում հայաստանյան բանկերն իրենց հաճախորդներին վաճառել են ընդհանուր առմամբ մոտ 124 մլն դոլար՝ միջինը 459 դրամ 23 լումայով, այն դեպքում, երբ այդ նույն բանկերը նույն ժամանակաընթացքում ԿԲ-ից աճուրդով դոլարը գնել են միջինը 462 դրամով: Այսինքն՝ բանկերը թանկ գնով դոլար են գնել ԿԲ-ից, բայց էժան վաճառել հաճախորդներին:

Ո՞րն է դրամի ճիշտ, արդարացի փոխարժեքը՝ մեր այս հարցին պարոն Գեւորգյանն ասաց, որ փոխարժեքը պետք է լինի այնքան, որքան պետք է լինի. «Աշխարհում չկա որեւէ մեկը, ով ճշգրիտ կարող է ասել, թե իրականում որքան պետք է լինի որեւէ արժույթի փոխարժեքը տվյալ պահին: Դա միայն ու բացառապես պետք է որոշի շուկան: Արդյոք այն փոխարժեքը, որը հաստատվել է այսօր, ա՞յն է, ինչ պետք է լինի: Դա կախված է նրանից, թե ինչի արդյունքում է ձեւավորվել այս փոխարժեքը: Եթե կան արհեստական տարրեր, ապա փոխարժեքը չի արտացոլում իրականությունը, եւ այն շուտով կփոխվի»:

Արդյոք ստեղծված իրավիճակում բյուջեի կատարումը վտանգվա՞ծ է՝ մեր այս հարցին էլ տնտեսական մեկնաբանն ասաց. «Բյուջեի հետ կապված, կարծում եմ, խնդիրներ չեն լինի: Ինչ-ինչ, բայց տնտեսվարողների կաշին քերթելը իշխանության մոտ վատ չի ստացվում: Այլ հարց է, թե ո՞ւմ հաշվին են հավաքվելու հարկերը: Իսկ դա կերեւա ավելի ուշ»:

Ուշագրավ է, որ երեկ, ինչպես տեղեկացրել է Կենտրոնական բանկը, հայտարարվել է հերթական 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ, բայց, ըստ ԿԲ-ի, ՀՀ առեւտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031