Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցնցված չեմ դասական համերգները շոու դարձնելու գաղափարից»

Դեկտեմբեր 20,2014 14:00

Դաշնակահարուհի Նարե Արղամանյանի դիտարկումները

Ավստրիաբնակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանին CD-ներ թողարկող հոլանդական հանրահայտ Pentatone ֆիրման ճանաչել է տարվա լավագույն արտիստ:

Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում պրոֆեսոր Ա. Գուրգենովի դասարանում ուսանելուց հետո, դաշնակահարուհին 2004թ. մեկնել է Վիեննա, ուսումը շարունակել տեղի Երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանում, անվանի մանկավարժ Հայնց Մեջիմորեկի ղեկավարությամբ: Ուսանելու տարիներին դաշնակահարուհին մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, փառատոների: 2006թ. նրան շնորհվել է Հերբերտ ֆոն Կարայանի կրթաթոշակ:

«Առավոտի» հետ զրույցում Նարե Արղամանյանը նշեց, որ մրցույթներում իրեն նկատել են պրոդյուսերները եւ առաջարկել համագործակցություն: «Գլխավոր պրոդյուսերս գերմանական «Schmid» արտիստական գործակալությունն է, որը կազմակերպում է իմ համերգներն աշխարհում: Նաեւ հանդիսանում եմ ամերիկյան եւ ֆրանսիական արտիստական գործակալությունների երաժիշտ: Հրավեր ունեմ նաեւ ճապոնական նման կազմակերպությունից: Ընթացիկ համերգաշրջանում արդեն մենահամերգներ եմ ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Նորվեգիայի հանրահայտ նվագախմբերի հետ, կայացել են մենահամերգներս Բոստոնի, Ֆիլադելֆիայի, Վաշինգթոնի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ այլ քաղաքների համերգասրահներում: Կարեւորում եմ նաեւ ձայնագրությունները: Ցանկացած երաժշտի համար պատվաբեր Pentatone եւ Analekta ֆիրմաներում թողարկվել են CD-ներս՝ բաղկացած Խաչատրյանի, Ռախմանինովի, Պրոկոֆեւի, Լիստի ստեղծագործություններից»,- նշեց մեր զրուցակիցը:
Հավելեց, որ հենց գործակալությունների շնորհիվ է, որ հանդես է գալիս լավագույն նվագախմբերի հետ, մենահամերգներ ունենում հայտնի համերգասրահներում ու ձայնագրվում հեղինակավոր ստուդիաներում: Ասաց նաեւ, թե վերջին մենահամերգը կայացել է Վիեննայի Musikverein ոսկեզօծ դահլիճում, որից հետո անմիջապես եկել է Երեւան:

Հարցին՝ ինչպե՞ս է պատահում, որ այսօր աշխարհում անցկացվող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, մրցույթներից, որին մասնակցում են տասնյակ հազարավոր երաժիշտներ, պրոդյուսերները միաժամանակ ընտրում են նույն երաժիշտներին, հավանաբար՝ մրցանակակիրներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ՝ գործակալություններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, հետո՝ մրցութային օրերին եւ թերթերում, եւ TV-ներով հանդես են գալիս երաժշտական քննադատները, որոնք անկողմնակալ հայտնում են իրենց մասնագիտական կարծիքը: Մի հանգամանք եւս. համագործակցության հրավեր ստանալու համար պարտադիր չէ հաղթող ճանաչվել կամ մրցանակի արժանանալ…»:
Այսօր դասական համերգները շոու դարձնելը կամաց-կամաց տեղայնացվում է նաեւ Հայաստանում, հետեւաբար մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի դրա մասին: «Ցնցված չեմ դասական համերգները շոու դարձնելու գաղափարից, սակայն դրանից անմասն մնալ էլ չեմ կարող: Օրինակ, վերջերս Պրոկոֆեւի դաշնամուրի եւ նվագախմբի 3-րդ կոնցերտի 2-րդ մասը տեսահոլովակ դարձրեց Սեբաստիան Վյոբերը: Նկարահանումները տեղի ունեցան վիեննական անտառում: Պատրաստվել էր սրահ, տեղադրվել դաշնամուր, ջահ եւ այլն: Տեսահոլովակի մեկ կադրն էլ ընտրվեց որպես հերթական CD-ի կազմ (լուսանկարում)»,- հայտնեց Նարե Արղամանյանը: Հետաքրքրությանը, թե համագործակցո՞ւմ է իր նման ճակատագրի բերումով արտերկրում ապրող ու ստեղծագործող հայաստանցի երաժիշտների հետ, դաշնակահարուհին ասաց, որ 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով սոպրանո Հասմիկ Պապյանի եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ ծրագրել են նախագիծ: Կհրատարակվի CD՝ կազմված հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ Կոմիտասից մինչեւ Մանսուրյան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Դեկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Նարե Արղամանյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հնչեցրեց Ռախմանինովի «Ռապսոդիա Պագանինիի թեմաներով» ստեղծագործությունը:

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031