Սպորտում դոպինգի դեմ պայքարի սկզբունքները խրախուսելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս տարի առաջին անգամ սահմանել է «Տարվա ամենաազնիվ մարզիկ» փոխանցիկ մրցանակ:
Հաղթող մարզիկին շնորհվելու է փոխանցիկ գավաթ եւ անվանական ափսե: Փոխանցիկ գավաթը պահպանվելու է ՀԱՕԿ-ի մարզական թանգարանում: Ընտրության չափորոշիչները երեքն են:
Տարվա ընթացքում ամենից շատ դոպինգ թեստերի հանձնելը, բնականաբար, բացասական արդյունքներով:
Իր գտնվելու վայրի մասին մարզիկի՝ պարտաճանաչ տեղեկատվություն ներկայացնելը:
Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի անցկացրած սեմինարներում եւ հանդիպումներում մաքուր սպորտը քարոզելը:
Թե ովքե՞ր են եղել հավակնորդները եւ ո՞վ է ճանաչվել «Հայաստանի ամենաազնիվ մարզիկ», հայտարարվելու է մարզաշխարհի 2014 թվականի ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ, որն ավանդաբար անցկացնում է ՀԱՕԿ-ը: Սակայն, ըստ www.armnado.am կայքի, այդ կոչումը շնորհվել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 2014 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.12.2014