Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը` Ռազմիկ Ամյանի՝ թանգարանում նկարած տեսահոլովակի մասին. «Վաղն ավելի վատ բաներ կարող են լինել». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2014 22:35

Արվեստագետ Սահակ Պողոսյանը դեռ տարիներ առաջ է իր գործերը հետ վերցրել Ժամանակակից արվեստի թանգարանից (ԺԱԹ): Մինչ այդ, երբ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը ողջ էր, ինքը  15 տարուց ավելի ցուցադրվել է ԺԱԹ-ում:

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը նշում է. «Երբ դեռ Ամերիկայում էի ապրում, Հենրիկ Իգիթյանը ինձ խնդրել էր, որ հինգ գործ տրամադրեմ այդ թանգարանում ցուցադրելու համար, ես էլ տրամադրեցի: Հետո հետ վերցրի իմ գործերը թանգարանից, որովհետեւ գաղափարական տարաձայնություններ ունեի Հենրիկ Իգիթյանի հետ: Ես գտնում էի, որ այն ֆորմատը, ինչով աշխատում է ժամանակակից արվեստի թանգարանը, իրեն սպառած ֆորմատ է: էդպես ժամանակակից արվեստի թանգարան չի լինում, այն այսօրվա պահանջները  չի բավարարում: Այդ ժամանակ Իգիթյանը դեռ ողջ էր, եւ մենք իրար հետ էինք քննարկում այդ հարցերը: Վերջիվերջո ես մնացի իմ համոզմունքներին, ինքը՝ իր; Դրանից հետո թանգարանի հետ այլեւս չեմ առնչվել եւ շփում  չեմ ունեցել»:

Մեր զրուցակիցը հավելում է, որ բնավ չի զարմացել՝ տեղեկանալով փոփ-երգիչ Ռազմիկ Ամյանի տեսահոլովակը՝ ԺԱԹ-ում նկարելու մասին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, դա զայրացրել է նաեւ այնտեղ ցուցադրվող նկարիչներին:

«Կան մարդիկ, որոնք իրենց տեղում չեն, ու  միայն թանգարանի վիճակը չի,  որ այդպես է: Երկրի վիճակն էլ է նույնը, թանգարանի վիճակն էլ ադեկվատ է երկրի վիճակին»,-կարծում է Սահակ Պողոսյանը: Նրա պատմելով, վերջին անգամ Ժամանակակից արվեստի թանգարանի հետ առնչվել է երկու ամիս առաջ, երբ իր գործը ցուցադրվում էր Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսի շրջանակներում:

Այդտեղ Լեւոն Իգիթյանի հետ խոսել են իր գործից, Իգիթյանը նշել է, որ շատ կարեւոր գործ է, արվեստագետն էլ առաջարկել է. «Որ էդքան կարեւոր է, ես կարող եմ ժամանակակից արվեստի թանգարանին տրամադրել էքսպոզիցիայում ցուցադրելու համար»: Լեւոն Իգիթյանը, Սահակ Պողոսյանի պատմելով, ասել է, որ կմտածի, ապա մեկ շաբաթ անց հայտարարել, թե ցուցադրելու համար թանգարանը տեղ չունի:  Արվեստագետը տարակուսած է. «Եթե Ժամանակակից արվեստի թանգարան է, ապա անընդհատ ամեն օր  համալրվելու տեղ պետք է ունենա, իսկ եթե համալրվելու հնարավորություն չունի, ուրեմն դադարում է  Ժամանակակից թանգարան դառնալուց, հակառակ դեպքում ինքը որոշակի ժամանակաշրջանի գործեր ներկայացնող ինստիտուտ կարող է լինել: Ու տվյալ պարագայում Ժամանակակից արվեստի թանգարան անունը դառնում է աբսուրդ, աբսուրդի ապացույցներից մեկն էլ այդ տեսահոլովակն է, վաղը ավելի վատ բաներ կարող են լինել»:

Լուսանկարը` Սահակ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից, հեղինակ՝  Կարինե Շմիդտ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031