Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նախագահի այցին Բրյուսել, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումները եւ ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները։
Պատասխանելով լրագրողների հնչեցրած գնաճի վերաբերյալ հարցերին՝ մասնավորապես, թե ինչու է նախագահը լռում հարցի շուրջ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքական մեծամասնությունը խնդիրը քննարկելու համար 7 ժամ արտահերթ նիստ է գումարել, կառավարությունը քննարկել է, Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ եւ հավելեց.«Ի՞նչ է նշանակում նախագահը չի արձագանքում եւ ո՞վ է ձեզ ասում, որ գնաճը իջավ, սպեկուլյատիվ գործողությունները վերացան, դա օդից եղավ, չարաչար սխալվում եք։ Այդ ամենը չէր լինի, եթե չլիներ նախագահի հետեւողական գործունեությունը»։
Նրա խոսքով՝ խնդիրը մտահոգիչ է եւ այդ է պատճառը, որ նախընտրել են փակ քննարկումներ. «Սակայն ափսոսում եմ, որ որոշ պատգամավորներ չխոսեցին, կարծում եմ, որ եթե տեսախցիկներ լինեին, իրենք կխոսեին»։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ գնաճի խնդիրը բաժանվում է երկու մասի. «Օբյեկտիվ պատճառներ՝ նավթի շուկան, դրամ-դոլար տատանումները եւ սուբյեկտիվ պատճառներ՝ դրանք սպեկուլյատիվ երեւույթներն են, որոնք խստորեն դատապարտելի են եւ կան համապատասխան իրավաբանական մարմիններ, որոնք դրանով կզբաղվեն։ Չի կարելի խուճապի ժամանակ մտածել քո եկամուտը ավելացնելու մասին»։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ