Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հարցին, թե 2015 թվականին տրանսպորտի գնի փոփոխություն սպասվո՞ւմ է, պատասխանեց, որ հարցին սպառիչ պատասխան չի կարող տալ. «Նման հարցադրում այս պահին դրված չէ: Կա հանձնաժողով, որն աշխատում է»:
Նա ասաց, որ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, փոխադրողները հանդիպել են փոխքաղաքապետի հետ, քննարկել են նրանց հուզող խնդիրները եւ եկել են համաձայնության, որ իրենք աշխատելու են մինչեւ հունվարի 15-ը, մինչեւ իրավիճակը կայունանա, այդ ժամանակ էլ նրանք կքննարկեն փոխադրողներին առաջարկությունները:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ պարոն Արեյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի գերխնդիրներից մեկն է ձերբազատվել միկրոավտոբուսների օգտագործումից եւ ունենալ ժամանակակից, ընդհանուր օգտագործման, մեծ ավտոբուսներ. «Միակ ճանապարհը, իհարկե՛, մասնավոր ներդրումն է: Եթե «Մետրոպոլիտենի» համար պետությունը պետք է պետությունը դոնորների հետ բանակցի, ապա վերգետնյա քաղաքային ընդհանուր օգտագործման տրանսպորտը, բացի տրոլեյբուսներից եւ 148 մեքենաներից, մնացած միկրոավտոբուսները եւ ավտոբուսները մասնավոր են: Այսինքն՝ մեր խնդիրն է մասնավորի հետ գնալ մինչեւ վերջ ՝ ներկրելու ժամանակակից ավտոբուսներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ