Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային առողջապահական ծրագրերը քննարկվեցին մայր բուհում

Դեկտեմբեր 19,2014 19:50

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, հանրապետության ընտանեկան բժիշկներին, ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի ուսանողներին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և այլ բուժհաստատությունների բուժաշխատողներին ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը։

Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ  առողջապահության նախարարությունը որդեգրել է բնակչությանն առողջ պահելու գաղափարախոսությունը, ինչը բխում է թե՛ մարդկանց, թե՛ պետության շահերից, քանի որ այդ ճանապարհով կրճատվում են հիվանդությունները և հիվանդանոցային մեծ ծախսերը։ Այս առումով փոխնախարարը կարևորեց ցորենի ալյուրի հարստացման, 2015 թվականի հունվարից ներդրվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության   շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրում), սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունների ծրագրերը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ներկայացնելով վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը, նշեց, որ ըստ էության դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ։  Բերելով երկաթի և ֆոլաթթվի պակասի հետևանքով աշխարհում   և Հայաստանում արձանագրված հիվանդությունների (կանանց և երեխաների շրջանում սակավարյունություն, թույլ իմունային համակարգ, նյարդային համակարգի բնածին ճողվածք) առկա վիճակագրությունը, բանախոսը նշեց, որ ըստ ԱՀԿ  ապացուցողական հետազոտությունների  սակավարյունությունների  պատճառը 90% դեպքերում  երկաթի պակասն է։ Ամեն տարի Հայաստանում ծնվում է  նյարդային խողովակի բնածին ճողվածքով 80 երեխա, որոնք ողջ կյանքում մնում են հաշմանդամ։

Աշխարհի 80-ից ավելի երկրներ գնացել են այդ խնդիրներն ալյուրի հարստացման միջոցով կանխելու ճանապարհով, քանզի, դրանք հնարավոր չէ լրիվ վերականգնել բուժման միջոցով։

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մանրամասն ծանոթացրեց սրտի  անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման դրդապատճառներին, ծառայության կազմակերպմանը և սպասվող արդյունքներին։ Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Սրտաբանը ներկայացրեց մշակված այն չափորոշիչները, որոնցով մասնագետները պետք է առաջնորդվեն սրտամկանի սուր ինֆարկտի (ST-էլեվացիայով) դեպքում` ախտորոշումից, հիվանդանոց տեղափոխելուց մինչև անվճար վիրահատություն:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը ներկայացրեց սոցիալական փաթեթի շահառուների բժշկական կանխարգելիչ ստուգայցերի կազմակերպման ծրագիրը։  Շահառուների կանխարգելիչ բժշկական այցերն ուղղված են ոչ միայն ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, այլև առողջության չճանաչված վտանգների կամ ասիմպտոմատիկ հիվանդությունների ակտիվ հայտնաբերմանը: 2015 թվականի ընթացքում  շահառուները հնարավորություն ունեն  անցնելու սոցփաթեթով նախատեսված կանխարգելիչ բժշկական  զննությունները:

«Այս ծրագրերով մենք փորձում ենք ներդնել առողջ կենսակերպի հիմքը, որպեսզի մարդիկ պարբերաբար դիմեն բժշկի` անկախ այն բանից գանգատներ ունեն, թե ոչ»,-շեշտեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով պոլիկլինիկական ծառայության դերի բարձրացումը։

Նախարարը կարևորեց նաև հանրային առողջապահության ծրագրերի քննարկումը մայր բուհում։ Անդրադառնալով ցորենի ալյուրի հաստացման ծրագրին, Արմեն Մուրադյանը շեշտեց, որ գիտականորեն հիմնավորված այս ծրագիրը չպետք է դառնա ոչ մասնագիտական քննարկումների առարկա։  Բարձր գնահատելով սոցիալական փաթեթի շահառուների բժշկական կանխարգելիչ ստուգայցերի կազմակերպման ծրագիրը, նախարարը նշեց, որ փորձարարական այս ծրագիրն առաջիկայում կընդլայնվի։ Իսկ սրտի անհետաձգելի  վիրահատության ծրագրի իրականացման և որակի վերահսկողությունը կիրականացնի նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը։

Արմեն Մուրադյանը նաև պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, որ մեծ ավանդ ունի Հայաստանում ընտանեկան բժշկության հիմնադրման գործում, կարևորելով նոր ծրագրերի քննարկումը, նշեց, որ համալսարանի ամբիոնը երկար տարիներ ընտանեկան բժիշկներ է պատրաստում։

«Ուրախ եմ, որ նախարարության որդեգրած ծրագրերի շնորհիվ նաև ընտանեկան բժշկության ներդրմանը նոր թափ է հաղորդվում»։

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031