Լրահոս
Օրվա լրահոսը

Արտարժույթի շուկան հենց այն շուկան է, որտեղ սպեկուլյացիաներ են արվում. «Մարան» ընկերության ղեկավար

Դեկտեմբեր 19,2014 18:45

Փոխարժեքի տատանումներից «Մարան» ընկերությունը մեծ կորուստներ չի ունեցել: Ընկերության ղեկավար  Ավագ Հարությունյանն Aravot.am-ին ասաց, որ դոլարային մուտքերն օգնել են իրենց փոխհատուցել ներքին ցնցումները. «Բայց դրսի մեր գործընկերները չկարողացան պայմանագրային պարտավորությունները կատարել ու վճարել մեզ դոլարով, փող չունեն, վարկ չեն կարողանում ստանալ, դոլար չեն կարողանում գնել: Մեր գործընկերները շատ լուրջ տուժեցին, արդյունքում  մեր վճարումները հետաձգվեցին: Այսինքն, ուշացնում են վճարումները, դա էլ ազդում է մեր այստեղի վճարումների վրա: Իսկ այն, ինչ կարողացան ուղարկել, փոխանցեցինք այն 20 տոկոսի կորուստը, որ այս օրերին ունեցանք»:

Վերջին օրերի լարվածությունը պարոն Հարությունյանը սպեկուլյացիա է համարում. «Մի բան ակնհայտ է, որ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանից դուրս եկավ շատ մեծ քանակությամբ փող, որը չէր տեղավորվում առողջ բանականության ու բիզնեսի մեջ: Դիսբալանս առաջացվեց: Արտարժույթի շուկան հենց այն շուկան է, որտեղ սպեկուլյացիաներ են  արվում: Պարզապես պետք է պետությունը  կարողանա ժամանակին այդ սպեկուլյացիաները ճնշի կամ չթողնի դուրս գան անվերահսկելի դաշտ, սա էր ամբողջ պատմությունը, որ պետությունը չարեց»:

«Մարանի» ղեկավարը մտահոգված է, որովհետեւ առաջիկա տասը օրերին լուրջ կորուստներ են սպասվում. «Ներմուծման ապրանքներն են եկել, երբ երկու ամիս առաջ ներմուծում էինք՝ մաքսային արժեքը հաշվվում էր  405-410 դոլարի կուրսով: Ապրանքները հիմա մաքսակետում են, իսկ մաքսազերծման համար  հիմա հաշվում են 510 կուրսով: Արդեն տուժեցինք շատ լուրջ: Մեր խնդրանքն է կառավարությանը` ժամանակավոր ներմուծման ռեժիմ մտցնի այդ ապրանքների վրա, դրանք նախատեսված են դուրս գալու համար: Բայց կառավարությունը չի ուզում լուծել խնդիրը  կամ ուզում է լուծել ու ռեսուրսներ չունի լուծելու: Առաջիկա տասը օրում մաքսազերծման գծով 30 տոկոս կորուստ ենք ունենալու»:

Ավագ Հարությունյանի խոսքով, գնաճը ալկոհոլի շուկայի վրա չանդրադարձավ, որովհետեւ այս շուկան արդեն լճացած է,  մրցակցությունն էլ`  մեծ: Ըստ նրա, գները փոխվեցին միայն այն խմիչքների դեպքում, որոնց  ներկրողը  շուկայում մենաշնորհային դիրք ունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031