Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Իզոլացումից դուրս գալու Պուտինի ամբողջ եւ միակ հույսը Թուրքիան է»

Դեկտեմբեր 19,2014 18:18

«Պուտինը համարում է, որ Հայաստանի ռազմաբազայի հետ կապված բոլոր հարցերը լուծված են»,- այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Դիալոգ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսին, հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա ենթադրության՝ Պուտինը հատուկ է խուսափում Հայաստանի մասին խոսելուց, որովհետեւ այսօր միջազգային ասպարեզ դուրս գալու եւ իզոլացումից դուրս գալու Պուտինի ամբողջ եւ միակ հույսը Թուրքիան է. «Այնպես չէ, որ Թուրքիան լուռ գնում է Ռուսաստանի հետեւից, Թուրքիան էլ իր շահն է հետապնդում, որն այնպես չէ, որ լրիվ ռուսամետ է: Դա շատ նման է Լենին-Աթաթուրք խաղին, որն հիմա իրականացնում են Պուտինը եւ Էրդողանը»:

Հովհաննես Իգիթյանը խոստովանեց, որ իրեն դուր է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի 2015 թվականի մասին հայտարարությունը, թե շատ դժվար տարի է սպասվում: Նա համարում է, որ դա պարզ հաշվարկ է, եւ որ Ղազախստանի նախագահն իր գործարարներին եւ ժողովրդին պատրաստում է ապագա խնդիրներին. «Ես չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված Պուտինի լավատեսությունը: Այն, ինչ որ կատարվում է Ռուսաստանում կապված չէ նրա հետ, որ ինչ-որ մեկը Ռուսաստանին չի սիրում (ինչպես Պուտինն է ներկայացնում): Պուտինը մոռացավ նշել պատճառը, իսկ պատճառը մենք բոլորս էլ հասկանում ենք, իրեն ասում են՝ մի՛ խանգարի, որ Ուկրաինան կառուցի իր երկիրը»:

Նրա կարծիքով՝ այն հանգամանքը, որ Պուտինը չի պատրաստվում փոխել Ուկրաինայի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը, նշանակում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գնալով խորանալու են:

Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսությանը՝ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ համարում է՝ Ռուսաստանի տնտեսության խնդիրների պատճառը միայն նավթը չէ. «Վերջին յոթ տարիների ընթացքում նավթի գները եղել են ե՛ւ ցածր, ե՛ւ բարձր, բայց ռուբլին մնում էր ռուբլին եւ շուկան այդպիսի վատ վիճակում չի եղել: Այսօր շատ միջազգային բրենդեր հրաժարվում են Ռուսաստանի հետ առեւտուր անել եւ վաճառել այնտեղ իրենց ապրանքը, այսինքն՝ ոչ միայն նավթի պատճառով է: Ռուսաստանից գնում է արտարժույթի արտահոսք, ընդորում դա անում են տեղական բիզնեսները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031