Կապանում այսօր առավոտից հացը թանկացել է: 240 դրամ արժողությամբ հացը կապանցիներն արդեն գնում են 280 դրամով:
Երեկ մեր շրջած խանութներում հացի գինը պահպանվել էր, բայց քաշը 200 գրամով նվազել էր՝ 600 գրամի փոխարեն 400 գրամ էր դարձել:
Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումներից հետո այժմ էլ հացի գնի թանկացումն էլ ավելի վատ իրավիճակի մեջ է դրել մարզկենտրոնի բնակիչներին: «Առավոտ-առավոտ լավ անակնկալ են արել, շատ ապրի մեր ղեկավարությունը: Մեր Նոր տարին սենց են շնորհավորում: Քիչ է հերիք ձեթը, բրինձը, գրեչկան, պեսոկը թանկացրել են, հիմա էլ հացն են թանկացնում, ասում են՝ գնացեք սոված կոտորվեք…: Մեծապատիվ շնորհակալություն մեր երկրի ղեկավարությանը», – բարկացած ձայնով ասաց Կապանի բնակչուհի, թոշակառու Արմիկ տատը:
Կարդացեք նաև
Հացի գնի թանկացումը զայրացրել է բոլոր կապանաբնակներին: Վերջիններս իրենց հիասթափությունն ու դժգոհությունն են հայտնում եւ սպասում գների իջեցմանը: «Ի՞նչ պիտի անենք, պիտի քիչ հաց ուտենք: Դե արի ու երեխուդ ասա երկու կտորի տեղը մի կտոր հաց կեր, ո՞նց կարաս ասես…, իբրեւ մի լավ սնվում էինք, մի հատ էլ էս թանկացումները», – նշեց կապանցի Սիլվան:
Հացաթխման արտադրամասի տերերը նշում են, որ հացի գնի թանկացումն իրենց սրտով չէ, ալյուրի գնի թանկացումն է ստիպել այդ քայլին գնալ: Ասում են՝ 50 կգ կշռով 1 պարկ ալյուրը 12-13 հազար դրամի փոխարեն այժմ ձեռքբերում են 18-19 հազար դրամով, չհաշված տեղափոխության եւ բանվորի վարձատրության գումարը: Նրանց խոսքով՝ 1995թ.-ից մինչեւ օրս ալյուրը գնում են դոլարով, դոլարի փոխարժեքի տատանումներն էլ բավականին լուրջ խնդիրներ են հարուցել նրանց համար, ուստի հացարտադրման ընկերությունների ղեկավարներով պայմանավորվել են 280 դրամ սահմանել հացի գինը:
«Չգիտենք հացի էսօրվա գինն ինչքան կպահպանվի, ղեկավարությունն ինչպես ասի՝ այնպես էլ կանենք: Կապ չունի, որ մենք սեփականատեր ենք, մենք ենթակա մարդիկ ենք, մեզանից կախված ոչինչ չկա: Ես կուզենամ հացն արժենա 100 դրամ, Կապանում էլ բնակչությունը շատ լինի եւ շատ հաց թխենք-ծախենք», -ասաց հացի արտադրությամբ զբաղվող «ԱՌԻՆԳԱՐ» ՍՊԸ տնօրեն Արա Առաքելյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Երբ երկիրն ու քաղաքը «ղեկավարում» է խուժա՛նը: