«Որեւէ հիմնավորում գների բարձրացման վերաբերյալ Հայաստանի քաղաքացիներս մինչեւ այս պահը ոչ Կենտրոնական բանկից, ոչ կառավարությունից, ոչ էլ տնտեսական մրցակցության հանձնաժողովից չենք ստացել: Օգտվելով առիթից, որ տարադրամի շուկայում տատանումներ են տեղի ունենում, մենաշնորհային դիրք զբաղեցնող որոշ ընկերություններ բարձրացրին գները` գերշահույթ ստանալու նպատակով: Կարծում եմ` սա հատուկ կազմակերպված էր»,- ասաց քաղաքացի Փայլակ Ֆահրադյանը:
Նա չհաջողված PR համարեց վարչապետի երեկվա այցելությունները սուպերմարկետներ ու խանութներ գներին ծանոթանալու համար ու ասաց, որ գնաճը թույլ չտալու համար վարչապետը պետք է օրենսդրական մեխանիզմներ մշակի, ոչ թե անձամբ մեկ- երկու շուկայում շրջի, որ գնապիտակն անձամբ պոկի. «Դա հարցի լուծում չէ: Ենթադրենք, մեկ-երկու խանութում ձվի գնապիտակը փոխվեց, դրանով մյուս ապրանքների կամ մյուս խանութներում իրավիճակը չի փոխվի:
Փայլակ Ֆահրադյանը դժգոհեց նաեւ այս օրերին ՀՀ նախագահի կեցվածքից. «Երկրում սոցիալական լուրջ պայթյուն է հասունանում, իսկ մենք տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը պարզապես ինչ-որ այցեր է կազմակերպում, ինչ-որ մեկին շնորհավորական ուղերձ է հղում: Նրան կարծես թե չի հետաքրքրում ինչ է տեղի ունենում երկրում, ինչ վիճակում է ապրում Հայաստանի քաղաքացին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ