«Հունվարից ֆիլհարմոնիկի դահլիճը կփակվի. կկատարվեն ապամոնտաժման աշխատանքներ, կկատարվի վերազինում՝ տեխնիկական, լուսային համակարգերի, բեմական տեխնիկայի և կիրականացվի դահլիճի որոշ հատվածի մանրահատակ վերանորոգում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը:
Նա հավելեց, թե վերանորոգումը երկու-երեք ամսվա մեջ կավարտեն, առավել ևս այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որ ապրիլից կարողանան դահլիճում համերգներ ունենալ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն, ամփոփելով տարին՝ նշեց. «Կար շատ աշխատանք, նույնիսկ մեր երաժիշտներն ասում էին՝ գոնե կիրակի օրերը հանգստանանք: Երբեմն կիրակի օրերն էլ էինք աշխատում, քանի որ մեր կրեդոն այն է, որ ամեն օր ավելի լավ նվագենք»:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում կարևոր համերգային շարքեր ու հյուրախաղեր են ունեցել աշխարհի «ամենաթոփ» նվագախմբերի հետ:
Կարդացեք նաև
Հայաստանյան համերգների մասին խոսելով՝ պարոն Թոփչյանը նշեց. «Հիանալի հյուրեր ենք ունեցել, օպերաներ արել, այս տարի օպերաներից Պուչինիի «Տոսկան» ենք կատարել, Վերդիի «Ռեքվիեմը»:
Երբ լրագրողները հիշեցրին, որ «Ռեքվիեմը» կատարվեց ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ, պարոն Թոփչյանը նշեց, որ նա Հայաստանում չէ: Լրագրողների հարցին ի պատասխան՝ մանրամասնեց. «Բարսեղ Թումանյանին քշել են, ոչ թե նա գնացել է. պարզվեց, որ իր համար օպերայում տեղ չկա: Գնաց Աստանայի օպերա: Ինքն իրավունք չուներ տնօրեն դառնալու, քանի որ ինքը օպերաներ-բաներ գիտեր, պետք չէր»:
Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է կատարվածի գնահատականը, պարոն Թոփչյանն արձագանքեց. «Ի՞նչ գնահատական պետք է տալ դրան, ամեն ինչ պարզ է»:
Ֆիլհարմոնիկը ֆինանսական խնդիրներ ևս ունի: Այս մասին Ռուզան Սիրունյանն ասաց. «Յուրաքանչյուր համերգի ժամանակ ես ու մաեստրոն խնդիր ենք ունենում, բախվում ֆինանսական հարցում: Ամեն անգամ ասում եմ՝ գումար չկա, ինքն ասում է՝իսկ ի՞նչ ես առաջարկում՝ համերգ չտա՞նք: Հովանավորներ ենք ճարում, մաեստրոն իր անձնական կապերի միջոցով է շատ հարցեր կազմակերպում»:
Հարցին՝ ի՞նչ փուլում է գտնվում Էդուարդ Թոփչյանի՝ երաժշտարվեստի ակադեմիայի ստեղծման գործընթացը, պարոն Թոփչյանը պատասխանեց. « Մենք ունեցանք ամեն ինչ, բայց չունեցանք շենք: Ակադեմիան հզոր հովանավոր ուներ և չունեցավ շենք: Հիմա դրանից ե՞ս եմ տուժում: Բայց չէ՞ որ մենք պիտի մտածենք մեր ապագա կադրերի մասին: Ես մտածում եմ, ինձ չեն լսում: Մեր կողքին՝ Զորավոր եկեղեցու բակում, գործում է մի երաժշտական դպրոց, որը ոչ մի ֆունկցիա չունի, պիոներ պալատի խմբակի մակարդակի է, ասացին, ոչ, այնտեղ Գյանջումյանն է, ասացի նրան թողեք այնտեղ՝ տնօրեն: Ինձ պետք է, որ լինի մի տնօրեն, որն իմ միտքն իրականացնի: Բայց չարեցին, ու, փաստորեն, մի ամբողջ ակադեմիայի հարց կուլ գնաց նրան, որ մի երկու մարդու, որոնք պրոֆեսիոնալիզմի նշույլ էլ չունեն, որոշեցին, որ նրանց չի կարելի տեղաշարժել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այսօր,հայ օպերային արվեստին ոչ թե անհրաժեշտ է հռչակավոր անուններ /լավ երաժիշտների պակասություն չունենք/, այլ՝ Գլյուկի, Վեբեռի, Վագների նման օպերային ռեֆորմատոր, որը կարողանա բարեփոխումներ կատարելով հայ օպերային արվեստը դարձնել հոգեհարազատ հայ հասարակության համար: Այդ ժամանակ է միայն, որ հասարակությունը գնահատում է արվեստագետին: Իսկ որ Բարսեղ Թումանյանը գերադասել է ղասախական թատրոնը, դա իր գործն է… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան