Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ռուսաստանի շուկան, որտեղ մենք գնում ենք, հիվանդ է»

Դեկտեմբեր 19,2014 17:39

«Մենք ունեինք մեր գործողությունների այլընտրանքը»,- այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Դիալոգ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, որ Ղազախստանը, Բելառուսը փորձում են փրկել իրենց շուկան: Հովհաննես Իգիթյանը համարում է, որ պետք է նաեւ Հայաստանի շուկան փրկել. «Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ Ռուսաստանի շուկան, որտեղ մենք գնում ենք՝ հիվանդ է, եւ մենք, գնալով այնտեղ, խնդիրներ կունենանք: Երբ որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էին կիրառում կապված մթերքների կամ գյուղատնտեսական ապրանքների հետ, սկսած նախարարից վերջացրած վերջին ՀՀԿ-ականով ասում էին՝ «ո՜ւխ, ինչ լավ է, մեծ շուկա է բացվում եւ մենք մեր խնձորներով կգնանք այդ շուկան»: Մի շուկայում, որտեղ խնդիր կա, եւ որտեղ սպասվում է տեղական դրամի՝ ռուբլու անկումը, այնտեղ մտնել որեւէ ապրանքով, նախապես հաշվարկել հնարավոր չէ»:

Անդրադառնալով կարծիքին, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության նկատառումներից ելնելով ՝ պարոն Իգիթյանն ասաց, որ ժամանակը ցույց տվեց, որ արդյունքում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը որեւէ ձեւով չբարելավվեց. «Դա ցույց է տալիս թե՛ զենքի վաճառքը, թե՛ դիվերսիոն խմբերը, թե՛լարվածությունից, թե՛ ուղղաթիռի կործանումը, ինչին տարօրինակ ձեւով Կոլեկտիվ անվտանգության ուժերը չարձագանքեցին: Դա հենց համարվում է ագրեսիա, ո՞ւր մնաց ագրեսիան, եթե քո ուղղաթիռն են խփում, նշանակություն չունի, թե որտեղ են խփում: Ուղղաթիռը խփվեց, եւ դա նշանակում է Հայաստանի հանդեպ իրականացրեցին ագրեսիան, եւ ՀԱՊԿ-ի պայմանագրի համաձայն՝ պետք է հանձնաժողով ստեղծվեր եւ քննարկեր ագրեսիայի ծավալը, հետեւանքները եւ վերացնելու ձեւերը»:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ստեղծի ռիսկի գնահատման վերլուծական խումբ, որը պետք է փրկի Հայաստանի շուկան. «Այն, որ մեր շուկան պետք է փրկվի, պարզ է: Դուրս եկե՛ք փողոց, քաղաքացիները խոսում են դոլարի, դրամի, թանկացման, Ռուսաստանում խնդիրների մասին, իհարկե՛, վարչապետը մեկ-մեկ պետք է գնա խանութ եւ առեւտուր անի, բայց դա գլոբալ ռազմավարական ձեւ չէ իմանալու, թե ինչ է կատարվում Հայաստանում: Իհարկե՛, Հայաստանում կա նաեւ սպեկուլյատիվ գործոնը թե՛ ֆինանսականի, թե՛ ապրանքների հետ կապված, այդ գործոնը վերացնելու համար ամենավատ ձեւն այն է, երբ պաշտոնյաները խանութ են գնում: Դա արվում է վերլուծությամբ: Ամեն մի սպեկուլյատիվ երեւույթ ունի իր հասցեատերը, որն ունի անուն եւ ազգանուն եւ որոշ դեպքերում նաեւ մականուն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031