Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխանե´ր, ես Ռուբեն Հախվերդյանի հայրն եմ». Լևոն Հախվերդյան

Դեկտեմբեր 19,2014 17:07

Դեկտեմբերի 26-ին լրանում է թատերագետ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանի 90-ամյակը: Տասը տարուց ավելի է՝ թատերագետը մեզ հետ չէ, սակայն հին ընկերներն ու գրչակից ընկերներն ասում են, որ նրա ներկայությունը հիմա էլ են զգում և նա դեռ չի տեղափոխվել իրենց հիշողությունների տիրույթ:

Այնուամենայնիվ, նրանք այսօր հավաքվել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ)՝ հիշելու ու մեծարելու մեծ մտավորականին ու իրենց ընկերոջը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, օրինակ, այսպիսի մի պատմություն հիշեց. «Մի անգամ ես ու Լևոն Հախվերդյանը Ստեփանակերտի համալսարան էինք գնացել: Միջանցքում խումբ-խումբ հավաքված ուսանողներ կային: Լևոնը մոտեցավ այդ խմբերից մեկին, ասաց. «Երեխանե´ր, ես Լևոն Հախվերդյանն եմ»: Ոչ մի արձագանք: Նորից ասաց. «Երեխանե´ր, ես Լևոն Հախվերդյանն եմ»: Դարձյալ ոչ մի արձագանք: Մեկ էլ շրջվեց իմ կողմը, հարցրեց՝ ի՞նչ ասեմ, ասացի՝ դու կիմանաս: Նորից շրջվեց ուսանողների կողմը, ասաց. «Երեխանե´ր, ես Ռուբեն Հախվերդյանի հայրն եմ»: Այ սրան արդեն երեխաները շատ բուռն արձագանքեցին, պայծառացան: Հետդարձի ճանապարհին Լևոնն անընդհատ մտմտում էր, թե այսպիսին է այսօր իրավիճակը. Լևոն Հախվերդյանը պիտի ներկայանա միայն ու միայն Ռուբեն Հախվերդյանի միջոցով»,- պատմեց Ռ. Մարտիրոսյանը:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էլ մինչ օրս ժպիտով է հիշում, թե ինչպես են իրենք ակադեմիայում ընդունել Ռոբերտ Քոչարյանին. «Նա նոր էր դարձել վարչապետ, երբ եկավ ակադեմիա՝ նախագահության հետ հանդիպման: Հիշում եմ՝ շատ գեղեցիկ, սև կոստյումով էր: Նա էլ է կանգնել, մենք էլ, չգիտենք՝ ինչից սկսել, ով սկսի: Մեկ էլ հանկարծ Լևոնն ասաց. «Պարո´ն Քոչարյան, Ձեր գրոսմաստերական տեսքն ինձ շատ է դուր գալիս»: Մթնոլորտի լարվածությունն անմիջապես անցավ»,- հիշում է ակադեմիկոսը:

«Երբ մարդը չկա, սկսում ես հետադարձ հայացք գցել՝ որոշելու նրա տեղն ու դերը: Լ. Հախվերդյանը, անվիճելիորեն, հայ մշակույթի երախտավորների առաջին շարքերում է: Ամենօրյա փորձերի ընթացքում ես իմ թիկունքում զգում եմ երկու մարդու շնչառություն՝ Վարդան Աճեմյանինը և Լևոն Հախվերդյանինը»,- ասաց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:

«Կան մշակութային կյանքի մասնակիցներ և կա մշակութային ժամանակներ ստեղծողների փաղանգ,- ասում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը,- Լևոն Հախվերդյանը մշակութային ժամանակներ ստեղծողների փաղանգից էր, հենց թեկուզ այն պատճառով, որ առաջին գրաքննադատն էր Սուրեն Աղաբաբյանի հետ միասին, որ նկատեց և «տեր կանգնեց» դեռ նոր-նոր գրականություն մտնող Հրանտ Մաթևոսյան երևույթին, որն իր համարձակ և վրդովմունք առաջացրած «Ահնիձոր» ակնարկով բավականաչափ մեծ խնդիրների առջև էր կանգնել և կանգնեցրել նաև Գրողների միությանը»:

Դ. Մուրադյանն իր ելույթում առաջարկեց նաև վերահրատարակել Լ. Հախվերդյանի «Զրույցներ լեզվի մասին» գիրքը: «Կարծում եմ, որ հատկապես այսօր այն հայ դերասանի համար շատ օգտակար գիրք է, և մենք կարող ենք միավորել մեր ջանքերն ու համատեղ ուժերով վերահրատարակել այն»,- նշեց պարոն Մուրադյանը:

Լևոն Հախվերդյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը չսահմանափակվեց միայն գնահատականներով ու հիշողություններով: Ներկայացվեցին նաև Լ. Հախվերդյանի գործունեությանն ու արվեստագիտության տարբեր ճյուղերին նվիրված 21 զեկույցներ, որոնք շուտով լույս կտեսնեն առանձին գրքով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ www.tert.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Երեխանե´ր, ես Լևոն Հախվերդյանն եմ, երիտասարդներ,ես Լևոն Հախվերդյանն եմ,ստւդենտը Երեխա
    ե՞

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031