Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 8-րդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցանակաբաշխությունում կա նորամուծություն. «Այս տարի մրցանակաբաշխության անվանակարգերը համալրվել են ևս մեկով. մրցանակ կհանձնվի նաև լավագույն ֆակուլտետային ՈՒԳԸ-ին: Ակտիվությունը նկատելի է, ինտրիգն էլ պահպանվում է, քանի որ արդեն մեկնարկում է «Ոսկե հասկ-2015»-ը:
Մրցանակներ շնորհվեցին «Համալսարանի զարգացման գործում նշանակալից ներդրում ունեցած անձ», «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» և այլ անվանակարգերում:
Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նկատեց. « Եթե ութ տարիների ընթացքում համալսարանում ձևավորվել է ավանդույթ, որին տարվա ընթացքում սպասում են բոլորը, դա բոլորիս համար ձեռքբերում է: «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ ամենևին հակված չենք անպայման շեշտել որևէ մեկին կամ կառույցի, ավելին, ավելի շատ պիտի ուրախան նրանք, ովքեր մրցանակի չեն արժանացել, քանի որ ծափահարելու են իրենց գործընկերներին»:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշեց. «Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, այս տարիների ընթացքում չի տատանվել, և այն միջոցառումը, որ տարիներ շարունակ իրականացնում եք տրամադրությունից սկսած և մասնակցությամբ ավարտված`իր տեղն ու դերն ունի համալսարանական կյանքում: Այս փոփոխվող աշխարհում պահպանել ավանդական բան դժվար է, առավել դժվար է այն հետաքրքիր պահելն ու կրկնակի դժվար, երբ հետաքրքրությունը գալիս են կիսելու հարյուրավոր ուսանողներ»: Կարեն Ավագյանը նաև նշեց, որ այս տարիների ընթացքում մոտ հարյուր մասնակից արժանացել է «Ոսկե հասկ» մրցանակի:
Կարդացեք նաև
ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն էլ հավաստիացրեց, թե հիմնադրամը ջանք ու եռանդ չի խնայելու աջակցելու ուսանողներին: Այնուհետև արձանագրեց. «Ոսկե հասկն» արդեն վաղուց դուրս է եկել ներբուհական միջոցառում լինելու շրջանակներից, այն վերածվել է ոլորտային մրցանակաբաշխության: Ոլորտ, որի զարգացումը կարևոր է մեր երկրի համար և առանց Ագրարային համալսարանի այդ ոլորտի զարգացումը ուղղակի անհնար է»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն