Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը կարո՞ղ է սաստել դեմպինգային քաղաքականություն վարող ռուսական ընկերություններին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2014 16:50

«Արմպլաստ» ընկերության սեփականատեր Վարդան Հայրապետյանն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հնարավորություն ունի այսօր նախարարությունը սաստելու խողովակներ եւ հումք արտադրող ռուսական որոշ ընկերությունների, որոնք շուկայում դեմպինգային քաղաքականություն են վարում` խոչընդոտելով մնացած արտադրողներին:

Chshmarityan_2

«Այդ վիճակում չենք կարող աշխատել, այսօր մեր արտահանումը գտնվում է պրոբլեմի տակ: Ինչո՞վ կարող եք աջակցել այդ հարցում»,-նախարարին հարցրեց «Արմպլաստի» սեփականատերը:

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանը գործարարների հետ կազմակերպել էր հերթական քննարկումը, վեր հանելու ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության եւ շինանյութերի արտադրության ոլորտների խնդիրները:

Գործարար Վարդան Հայրապետյանի մտահոգությանն ի պատասխան՝ նախարարն ասաց, որ դեմպինգն ապացուցելը պրակտիկայում անհնարին է: Կարեն Ճշմարիտյանը բերելով ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի օրինակը, որոնք մեքենաների ներմուծման գործով 30 տարի «դատվել» են, այդպես էլ չեն կարողացել ապացուցել, որ Ճապոնիան դեմպինգային քաղաքականություն է վարել:

«Ռոսպլաստ» ընկերության ներկայացուցիչ Արտաշես Պետրոսյանն էլ դժգոհություն ներկայացրեց, որ հայ արտադրողները չեն կարողանում ապրանք արտահանել Թուրքիա, իսկ թուրքական ապրանքը հայկական շուկայում լցված է. «Ո՞նց է լինում, որ թուրքական ապրանքն այդքան հեշտությամբ կարողանում է գալ մեր երկիր` ցածր մաքսատուրքով եւ ոչ մի խնդիր չի լինում եւ մեր ապրանքն էլ չի կարողանում մրցակցել, չնայած որակով թուրքականին չի զիջում: Ինչո՞ւ նրանք կարող են մեզ այդքան խանգարել, ավելին՝ ջարդել մեր շուկան»:

Գործարարը նաեւ ասաց, որ ապրանքն արտահանելիս, ամեն անգամ ստիպված են լինում ծագման սերտիֆիկատ հանել:

Ծագման սերտիֆիկատի հետ կապված նույն դժգոհությունը ներկայացրեց «Մանանա սթոն» ընկերության ղեկավար Յուրա Նիկողոսյանը: Գործարարը պետությունից գումար չի ուզում, ուզում է օրենսդրական դաշտը կարգավորեն, որ նորմալ պայմաններում աշխատեն:

Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվելով, թե ներկաների մեջ էլի՞ կան մարդիկ, որոնք կանգնում են այսպիսի խնդիրների առաջ, «Ռոսպլաստ»-ի ներկայացուցչին հարցրեց. «Այդ ո՞նց է, որ թուրքական ապրանքն այդքան ճանապարհ է անցնում, տրանսպորտի ծախսերը, դրան էլ գումարած 10 տոկոս հարկը եւ ձերը, որ տեղական է, մրցունակ չէ»:

Նախարարն ասաց, որ այսօր գործարարներին հուզող մի շարք հարցեր, այդ թվում եւ այսօրվա քննարկման ընթացքում բարձրացվածները, փոխվարչապետի հետ քննարկվում են:

Գործարար Գագիկ Կիրակոսյանն առաջարկեց, որ Կենտրոնական բանկը գործարարների համար ծրագրեր մշակի եւ իրականացնի:

Նախարարն ասաց, որ այդ գործառույթը Կենտրոնական բանկին վերապահված չէ եւ որ գործարարների համար նման ծրագրեր անում են առեւտրային բանկերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031