«Եթե երկրում կա թանկացում, ուրեմն պահանջում ենք, որ բարձրացնեն մեր աշխատավարձերը, թոշակները: Ի՞նչ է նշանակում, 100.000 դրամ աշխատավարձ ստացող մարդը 1200 դրամանոց ձեթ, 300 դրամանոց հաց ինչպե՞ս առնի, երեխային կերակրի»,- այսօր ընդդեմ գների բարձրացման ակցիայի ժամանակ դժգոհեց մի քաղաքացի:
Նա թանկացումները համարեց իշխանությունների կողմից ստոր քայլ ժողովրդի նկատմամբ. «Զարմանում եմ, որ այստեղ ընդամենը տասնյակ մարդ է հավաքված: Երեւի մի քանիսի փորը կուշտ է, իրենց համար տանը նստել են, հետո էլ կնայեն ու կասեն` ճիշտ է ասում մեր ժողովուրդը: Պետք է համախմբվենք ու պահանջենք փոխեն գնային այս քաղաքականությունը, որ մի քանի օլիգարխ չհարստանա, որ մի քանի սուպերմարկետի տերեր չհարստանան: Մոտենում ես դրամարկղին, մի քանի րոպեի տարբերությամբ նոր գնապիտակներ են խփում, խուժան իշխանություն է»:
Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանն էլ գնաճը պայմանավորեց ԵՏՄ անդամակցությամբ. «Երբ պետք է ստորագրվեր ԵՏՄ մասին պայմանագիրը, ասում էին, թե Հայաստանի տնտեսության արտադրանքի մեծ մասը իրացվում է Ռուսաստանում, այնտեղից ունենք մեծ քանակությամբ տրանսֆերտներ, որոնց հաշվին ՀՀ տնտեսությունը պահպանվում է: Փոխանակ մեր իշխանությունները կատարեին գործողություններ, որ այլ պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, մեր տնտեսության կախվածությունը քչանա, հիմնվելով այդ կախվածության վրա` ասում էին պետք է մտնենք ԵՏՄ, որ մեր կախվածությունն ավելի մեծանա:
Կարդացեք նաև
Արդյունքում, եթե Ռուսաստանում, Արեւմուտքի պատժամիջոցներով կամ այլ գործոններով պայմանավորված, ռուբլու արժեքն իջնում է, մեր տնտեսութունը հայտնվում է կոլապսային վիճակում, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը չպետք է մտնի խորտակվող նավի մեջ, չպետք է լինի ԵՏՄ անդամ ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ