Վրաստանի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, սակայն նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հանգամանորեն պատրաստվել դրան, փոխանցում է «Նովոստի-Գռուզիա»-ն:
Դեկտեմբերի 18-ին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել էր, որ իրենք պատրաստ են Վրաստանի ղեկավարությանն ընդունել Մոսկվայում, և որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլում հարկավոր է ուղիղ շփման կապ ստեղծել:
«Կարծում եմ, որ նման հանդիպում ինչ-որ փուլում պետք է տեղի ունենա: Բայց հարկավոր է դրան մանրակրկիտ և հիմնովին պատրաստվել, հստակեցնել հանդիպման վայրն ու ժամանակը: Մեզ համար ամենակարևորն է՝ քննարկել այն հարցերը, որոնք կապված են ամենասուր թեմաների հետ՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների հակամարտությունները: Մեր դիրքորոշումն այսպիսին է՝ եթե նման հանդիպում տեղի ունենա, այն պետք է այդ խնդիրների կարգավորման փուլային պլանում որոշակի արդյունք տա», – ասված է դեկտեմբերի 18-ին Աբաշիձեի տարածած հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ