Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլի պաշտամունքի քրմերը

Դեկտեմբեր 19,2014 15:22

Հոգ չէ` անդրադառնալ ռուսական աշխարհգրավման քարոզչության և գործի քրմերին` նրանց չեզոքացումը կամ մեծարումը ռուս ժողովրդի լուծելիքն է: Մեր դարդը` պուտինահպատակ հայաստանյան քրմերն են, որոնք դեկտեմբերի 4-ի քվեարկությամբ ռուսակայսրության պահպանման զոհասեղանին դրեցին Հայաստանի անկախությունը: Ինքնիշխանության զոհաբերման արարողությանը մասնակից քրմերի թիվը ոչ թե 103-ն էր, այլ 124-ը` հաշված նաև բացականերին և ձեռնպահին:

«Այլընտրանք չկա», «անվտանգության հարց ենք լուծում», «մտնում ենք 170 մլն-անոց շուկա» և այլ անհեթեթ կենացներով կրեմլադավան քրմերը դաշունահարեցին Հայաստանի անկախությունը: Զոհաբերման արարողության վերջնարդյունքն էլ ողջունեցին ծափերով, ինչը «Հայլուրը» աննկատ մոնտաժեց` այդ ծափերը վերագրելով բյուջեի ընդունմանը (ԵՏՄ-ացվելու դեմ հնչած բազմաթիվ հիմնավոր փաստարկները չերկրորդելու համար միայն մեկ պատկերավոր համեմատություն ներկայացնեմ` այդ ով, առավել ևս` իր շինարարական տենչանքով ու շնորհքով հայտնի հայ մարդը, իր տունը, այգին, օժանդակ հարմարությունները, այլ կերպ ասած` իր ապագան, կկառուցի սողանքի էպիկենտրոնում գտնվող հողի վրա, դեռ մի բան էլ` կհպարտանա դրանով…):

ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, և գլխավորապես` ոչ վաղ անցյալում կոալիցիոն հանցընկերներ, ներկայում էլ` Հայաստանում դեռ մնացած ազգային հարստության փշրանքները յուրացնելու-հոշոտելու ոսկորակռվի` իշխանության տիրացման գզվռտոց ծավալած ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրենց քվեարկությամբ վերջնականապես ինքնաբացահայտեցին մեր երկրի ապագայի վերաբերյալ իրենց միակ ու հնամաշ, այլևս անհանդուրժելի կողմնորոշումը` «Օրհնվի ռուսի սապոգը» տեսլականը:

Վերոնշյալ հինգ կուսակցության նման վերջնադիրքավորումը հիրավի որ այլընտրանք չուներ, քանի որ իշխանության (իսկ անիշխանականների դեպքում` երանելի մանդատների) պահպանումը նրանց գերխնդիրն է: Եվ բնական էր, որ այդպես պետք է քվեարկեին անձնաշահ, ընդդիմադիր ձևացողներն ու այն հանցագործ համակարգը, որի շեֆերից մեկն անշրջելի է համարում զոհաբերումը և ընդամենը կոչ անում զոհասեղանին պառկել… արժանապատվորեն, մյուսն իր բռնազավթման տարիներին կուտակելով բազմամիլիոն կարողություն` իր ստեղծած այլընտրանքի միջոցով «Այո» է ասում շնչարգելմանը, իսկ երրորդն էլ, եղբայր-փեսա օլիգարխացումից, շնորհավորանքներ և ցավակցություններ սփռելուց ազատ ժամանակ` սեպտեմբերի 3 է պատուհասում հայության գլխին:

Այս քվեարկությունը` Հայաստանի ժամանակավրեպ, նորն ստեղծելու անընդունակ քաղաքական հնացած համակարգի և ուժերի հանցավոր ինքնասպառման վերջին էջի շրջումն էր, 20 տարիների պետական ամուլ մտքի հիմնիվեր փակումը: Եվ այժմ` բնականոն հասունանալու է հասարակական և քաղաքական շրջադարձային փոփոխությունների պահանջարկը, առողջ, անվախ, նախաձեռնող հայկական քաղաքականությունը, որն իր դրսևորմամբ, անշուշտ, խարսխվելու է ազգային և մշակութային ճշմարիտ ինքնության գնահատման արժեհամակարգի հիմնասյուներին:

Այդ նոր պահանջարկի հռչակողները և կրողները, ըստ ամենայնի, լինելու են անկախության շրջանում ծնված կամ կայսրության վերջին տարիներին պատանի սերնդի նվիրյալ ներկայացուցիչները, որոնց համար Հայաստանի ինքնիշխանությունը և Լեռնային Արցախի Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը բացարձակ և անվիճարկելի արժեքներ են (ըստ իս` այսօրվա խորհրդարանում, ինչպես և` նախորդ, այդ սերնդի լավագույն ներկայացուցիչն իմ կողմից չափազանց հարգված, առաքինի, խիզախ և հայրենապաշտ Զարուհի Փոստանջյանն է, ով, ի դեպ, ամենաճիշտը բնութագրեց քվեարկությունը և ԵՏՄ-ին կցվելու գործընթացը` համապատասխանաբար ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ և ԲՌՆԱԿՑՈՒՄ):

Քաղաքական հին սերնդի սպառված գործիչներն իրենց տեղը պետք է ԿԱՄԱՎՈՐ զիջեն անկախության պահպանման, ազգային ուղեգծով առաջնորդվելու ունակ սերնդին, ինչը, անտարակույս, մոտ ապագայում ձևակերպվելու է որպես հայ ժողովրդի գերակա օրակարգերից մեկը: Եթե հները չհեռանան կամավոր, ապա ԿՊԱՐՏԱԴՐՎԵՆ, քանի որ անշրջելին ոչ թե բռնակցումներն են, այլ սերնդափոխության օրենքները, երկիրն աղետից փրկելու օրինաչափության կենսակոչումը և ազգային հայրենասիրությունը:

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նորանոր վայրիվերումներին արդյունավետ դիմակայելը, Եվրոպայի և Ասիայի քաղաքական քարտեզը վերագծողներին Հայաստանի և Արցախի հայակենտրոն կուռ հաշվարկը պարտադրելը, ակնհայտորեն, հասու չէ օրախնդիր, անգաղափար, ողորմելի այսօրվա համակարգին: Այդ հարցերը հայանպաստ լուծելու են բացառապես` արդարացի, ժամանակակից, իրավաընտրյալ ազգայինները, ովքեր էլ հենց կվկայեն հայոց գերագույն տեսլականի`Մասիսների և հայկական հողերի ազատագրման սրբազան գործի առաքելությունը: Քաղաքական այս հայրենասեր մտքի արգասիքն է լինելու, անխուսափելիորեն, 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակից ածանցվող ուղենշի սպասարկումը` վերադարձը հայկական քաղաքակրթության բնօրրանին և ակունքներին…

Արամ Ենոքյան. Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Արամ Ենոքյան. Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Պատմության քառուղիներում հազարավոր անգամ են դաշունահարել Մայր Հայաստանին. պուտինյան գաղութացման հայ քրմերի` սեպտեմբերի 3-ի և դեկտեմբերի 4-ի ժանտ հարվածները ևս մահացու չէին կարող լինել: Կեղծ պաշտամունքի կենտրոններն ու զոհաբերություն իրականացնող քրմերը, որպես կանոն, իրենք են հայտնվում զոհասեղանին: Ուրեմն, արտահերթ ընտրություններ` «Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, ոչ` գաղութացմանը և 124-երին» համահայկական կարգախոսով:

«Հայոց պատմության» հավերժի գրքում բացվում է նոր էջ, որտեղ հայ ժողովրդին` կեղծիք, կաշառք, անարդարություն, թշվառություն, նսեմացում, մշակութազրկում և այլ արատավոր երևույթներ պարտադրած, նախագահի պաշտոնում ու Ազգային ժողովում բռնակեղծումներով բազմած երեք քրմապետը, կրտսեր քրմերը և նրանց դավանանք Կրեմլապաշտամունքը իսպառ կփոխարինվեն ազգանվեր երիտասարդ անհատներով, քաղաքական անկախության ազատ սերնդով և Հայկական ազգային ուղեգծով:

Արամ Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031