Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Պուտինը մոռացավ Հայաստանին կամ ռազմավարական գործընկերոջը չեն մոռանում

Դեկտեմբեր 19,2014 15:09

«Պուտինը ոչ թե մոռացավ, կամ չուզեց ասել, այլ պարզապես այդ պահին ու այդ ժամանակ չկարևորեց դա: Չեմ կարծում, որ նորմալ է դրանից եզրակացնել, թե մեր հանդեպ վերաբերմունք է փոխվել և մենք դաշնակիցներ չենք»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չանդրադարձավ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազային, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Այս առիթով ՀՀԿ-ական գործընկերոջը հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը. «Եթե մարդ ընկալում է, որ տվյալ երկիրը նրա ռազմավարական գործընկերն է, առաջինը հենց նրան է հիշում, ուստի Պուտինը կարող էր կարևորության իմաստով հիշեցնել, որ ռազմաբազան հենց ՀՀ-ում է: Իսկ եթե չի ասել, գուցե ունի նաև այլ խնդիրներ: Գուցե լավ է, որ չի հիշել, դա ավելի լա՞վ է մեզ համար, քանի որ երբ Ռուսաստանը մեզ հիշում է, երբեմն դա դրական հետևանքներ չի ունենում: Արդյոք մեր շահերի՞ց է բխում, որ ՌԴ միակ գլխացավանքը լինի Հայաստանը: Մեր մտածողությունը պիտի փոխվի ու սկսենք առաջնորդվել մեր շահերով ոչ թե նրանով, թե Պուտինն ինչ է ասել»:

Վլադիմիր Պուտինի ասուլիսի հետ կապված մյուս մտահոգությունն այն է, որ Պուտինը հատուկ շեշտել է ՌԴ-Թուրքիա գործընկերային հարաբերությունը: Այս առիթով ՀՀԿ-ական պատգամավորն իր զարմանքը հայտնեց. «Զարմացա այդ հանգամանքի պարզունակ մեկնաբանություններից: Քաղաքականության մեջ դիտարկել, որ մեր դաշնակիցը այլ երկրի հետ չպետք է շփվի, կառուցի հարաբերություններ, դա սխալ մոտեցում է: Նաև մեր շահը պաշտպանել ռուս-թուրքական հարաբերություններում»:

Թևան Պողոսյանը կողմնակից է այս հարցում կարողանալ այնպես անել, որ ռուս-թուրքական հարաբերություններում կարողանանք մեր շահը պաշտպանել և դա օգնի մեզ ու բարենպաստ ելք ունենա մեզ համար: Նա մասնավորապես ասաց. «Մեր խնդիրները պիտի բխեն նրանից, թե ինչ դերակատարություն պիտի վերցնենք, որ այդ հարաբերություններից չտուժենք, այլ ռուս-թուրքական հարաբերությունները դրական զարգացումների մեջ կարողանան մեզ համար շահեկան լինել: Օրինակ՝ ՌԴ-ն Թուրքիայում պիտի ատոմակայան կառուցի, ինչո՞ւ չենք պահանջում, որ այդ ատոմակայանի ինչ-ինչ խնդիրներ հայկական կողմը կատարի և ստանա դերակատարություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031