Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԿԵՏՉԻԿ ՀՐԱՉԸ

Դեկտեմբեր 19,2014 13:49
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսանիններորդ

ՊԱՐԿԵՏՉԻԿ ՀՐԱՉԸ

Եվ ես մի քիչ մտածեցի ու Հավատացյալին ասացի՝ «էդ տեսակ մտքեր շատ եմ լսել», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ումի՞ց ես լսել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քեզանից», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «միշտ էլ ասել ես» եւ ժպտալով ավելացրի՝ «մի քիչ առաջ էլ ասեցիր», եւ Հավատացյալն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ առիթով եմ ասել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պարկետչիկի առիթով» եւ ժպտալով ավելացրի՝ «Եղբայր Վարդգեսի», եւ Հավատացյալը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես» եւ ժպտալով ավելացրեց՝ «համ Եղբայր Վարդգեսի  անունն ես հիշում, համ էլ՝ մասնագիտությունը», եւ ես ժպտալով ասացի՝ «իրա մասին շատ ենք խոսել», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «իրա մասին ընդամենը մի անգամ ենք խոսել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ընդամենը մի անգամ ենք խոսել, բայց շատ երկար ու շատ հանգամանալից ենք խոսել», եւ Հավատացյալը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիշեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անցած անգամ  էլ էիր Եղբայր Վարդգեսին պարկետչիկ ասում», եւ ես ժպտալով Հավատացյալին ասացի՝ «դո՛ւ էիր ասում», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասել ես, որ ինքը պարկետչիկ ա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ավելի զարմացած հարցրեց՝ «որ պարկետչիկ էր, բա ի՞նչ պիտի ասեի», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «ես էլ եմ ընդամենը պարկետչիկ ասել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ իրա մասին խոսում էինք, ինքը ողջ է՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «դրանից հետո մենք իրար չենք  տեսե՞լ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «թվում ա թե՝ էրեկ էր, որ Եղբայր Վարդգեսի մասին իրար հետ խոսում էինք», եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, տարուց ավել ա՝ ես ու դու իրար չենք տեսել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ իրա մասին խոսում էինք, դու լրիվ առողջ էիր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «երանի էդ ժամանակ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «եղբայր Վարդգեսը ողջ էր, ես էլ՝ առողջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ժամանակն ահավոր արագ ա անցնում», եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «ոնց որ էրեկ ըլներ, որ իրա մասին խոսում էինք, ու դու իրան ձեռ առնալով՝ պարկետչիկ էիր ասում», եւ ես արդարանալով ասացի՝ «ես իրան ձեռ չեմ առել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ուղղակի շատ էի տպավորվել», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց էիր տպավորվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «զարմացել էի, որ սովորական պարկետչիկի մեջ էդքան հավատ կա», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Եղբայր Վարդգեսը սովորական պարկետչիկ չէր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը բարոյապես ձեր շատ ու շատ գրողներից բարձր անձնավորություն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը բոլորիցս էր բարձր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իզուր ես քեզ բոլորի հետ խառնում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «Եղբայր Վարդգեսին էլ եմ բոլորի հետ խառնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ու իրան բոլորիս հետ խառնելով՝ հասկացել եմ, որ ինքը հավատքի առումով բոլորիցս բարձր ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ եմ ափսոսում, որ Վարդգեսին չեմ տեսել», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով ասաց՝ «շնորհակալ եմ, որ էս անգամ իրան Վարդգես ասեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «որ անունը Վարդգես ա, բա ի՞նչ ասեմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «անունը Վարդգես ա, բայց պարկետչիկ էիր ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հետին մտքով չեմ ասել» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «կարող ա՞ պարկետչիկները գրողներից ու մյուսներից ցածր մարդիկ են», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Եղբայր Վարդգեսը պարկետչիկներից, գրողներից ու բոլորից բարձր հոգի էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պարկետչիկությունը մանավանդ Սովետի օրոք ամենահարգի ու ամենաբարձր վարձատրվող արհեստներից էր» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «մենակ Հրաչն էր պարկետչիկությունը թերագնահատում», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ո՞ր Հրաչը», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Պարկետչիկ Հրաչը», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էն՝ որ բանաստեղծություններ էլ է՞ր գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինքը հիմնականում բանաստեղծություններ էր գրում, ձեռի հետ էլ պարկետչիկություն էր անում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «իրա համար գլխավորը պոեզիան էր, հետո նոր՝ պարկետչիկությունը», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ գլխավորը պոեզիան էր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կյանքը ցույց տվեց», եւ Հավատացյալը ժպտալով հարցրեց՝ «կյանքը ո՞նց ցույց տվեց», եւ ես էդ օրը Հավատացյալին պատմեցի Պարկետչիկ Հրաչի պատմությունը, որը հիմա ձեզ համար էլ  կպատմեմ, որովհետեւ Պարկետչիկ Հրաչի պատմությունն իսկապես հետաքրքիր պատմություն է, եւ որպեսզի դուք էլ համոզվեք, որ Պարկետչիկ Հրաչի համար գրականությունը, պոեզիան եւ հատկապես գրական միջավայրն ավելի կարեւոր էին, քան՝ պարկետչիկությունը, պիտի իր պատմությունն սկսելով ասեմ, որ Պարկետչիկ Հրաչն իր կյանքի ու իր օրվա մեծ մասը Հովհաննես Մելքոնյանի գրական միջավայրում՝ կինո «Նաիրիի» դիմացի «Թատերական» սրճարանում էր անցկացնում, եւ չնայած Հովհաննես  Մելքոնյանը շատերիս գրածներն էր գովում ու շատերիս էր ոգեւորում, այդուհանդերձ, Պարկետչիկ Հրաչի բանաստեղծությունները հատկապես ու առանձնապես էր գովում, որովհետեւ Հրաչը, ի տարբերություն մյուսներիս, ոչ մի անգամ մամուլում չէր տպագրվել, եւ ակնհայտ էր, որ Պարկետչիկի համար Հովհաննեսի գովեստներն առավել կարեւոր ու էական էին:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031