Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը՝ ՀՀԿ-ին. «Տանենք օրենքները քիմմաքրո՞ւմ, թե՞ ռախշայով կամ Արիելով լվանանք, նոր բերենք»

Դեկտեմբեր 19,2014 13:34

«Մենք մի նախագիծ դրեցինք շրջանառության մեջ, որով փորձում էինք վերացնել մեր քաղաքացիների ոտնահարված իրավունքները: Մարդուն չի կարելի զրկել իր սեփականությունից՝ առանց դատարանի որոշման, օրենքով սահմանված կարգով: Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, մեր ողջ ազգը առնչվում է այս խնդրին, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման մեր քաղաքացիների գույքի նկատմամբ կալանք է իրականացնում եւ բռնագրավում: Սա անթույլատրելի է»,- այսօր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Հենարան» ակումբում այսպիսի դիտարկում արեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու եւ փոփոխություններ կատարելու մասին» ՕԵԿ նախագծի մասին, որը քվեարկության դրվեց եւ չանցավ:

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հիմա իրենք ստորագրություններ են հավաքել եւ դիմումը պետք է ներկայացնեն Սահմանադրական դատարան. «Գնալով խորացել է հարցը: Հաճախ արդեն քաղաքացիներն ասում են, որ լավ օրից չի, որ արտագաղթի ճանապարհն են բռնել, գնացել են ՌԴ, այնտեղ իմանում են, որ իրենց գույքի վրա կալանք է: Կոտորակով են գրում հասցեները: Տերյան փողոցի 14 հասցեում իրավախախտում են արել, գույքը դրվել է կալանքի տակ, բայց Տերյան 14/1 հասցեի մարդը այնտեղից ուզում է գործարք անի, չի կարողանում: Հիմա պետք է գա հասնի, մտնի դատարան, որ այդ հարցերը պարզաբանի: Մի խայտառակ վիճակ է,ԴԱՀԿ-ի պատերի տակ շարունակում է ավելանալ ժողովուրդը: Այն մարդիկ էլ, որոնք վճարել են գումարները՝ մի քանի ամիս էլ չարչարվում են, որ կալանքից հանեն իրենց գույքը»:

Aravot.am-ի հարցին՝ հանձնաժողովում այդ հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորները գաղափարը շատ ողջունում էին, ի՞նչն էր ըստ Ձեզ պատճառը, որ քվեարկության ժամանակ այն չանցավ՝ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Եղան պատգամավորներ, որ չքվեարկեցին, եղան, որ կողմ քվեարկեցին: Բոլորն էլ հոգու խորքում ասում էին՝ որ ձեր նախագիծը ճիշտ է, բայց հոգու խորքում կողմ լինելով՝ դեմ քվեարկեցին: Ասում էին ՝փնթի է, ի՞նչ անենք, տանենք օրենքները քիմմաքրո՞ւմ, թե՞ ռախշայով կամ Արիելով լվանանք, նոր բերենք: Երկու ամիս առաջ այդ նախագծին կողմ էին քվեարկել, ասում էին՝ շատ պուպուշ է, լավն է: Եթե մենք մի տառ փոխեինք, կարող էին ասել, մենք այն նախագծին էինք կողմ քվեարկել, ինչի՞ ես փոխել»:

Աշնանային նստաշրջանի սկզբից ՕԵԿ-ը նախաձեռնել է, որ ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծվի՝ ԸՕ բարեփոխումներ անելու համար:  Արդեն նախագիծը պատրաստ է, նախագծի առանցքը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է եւ ընտրացուցակները հրապարակելը: Հովհաննես Մարգարյանն ասաց. «Քվեարկությունը գաղտնի է, բայց քվեարկության մասնակցությունը գաղտնի չի: Բոլոր վստահված անձանց իրավունք է վերապահված, որ քվեարկության ընթացքը նկարահանի: Պարզ երեւում է, որ ընտրողը ստանում է քվեաթերթիկ եւ ինչպես է գրանցվում, իրականացնում քվեարկությունը: Այսինքն, արդեն բացահայտվում է անձը, որը քվեարկել է:

Երրորդ հարցն այն էր, որ արգելենք միեւնույն համայնքում տարբեր վարչական շրջաններում ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների տեղափոխությունը: Անթույլատրելի է, երբ Երեւանի մեջ ընտրողին հնարավորություն է ընձեռնվում, որ Կենտրոն տեղամասից դուրս գա ընտրողների ցուցակից եւ գնա Էրեբունի: Մի քանի հարյուր մետր է»:

Հաջորդ հարցը, որ փորձում է ՕԵԿ-ը կարգավորել օրենքով, գրիչներն են. «Դեպքեր կան, որ տարբեր գույնի գրիչներով են քվեարկում, որը բացահայտում է ընտրողի ընտրությունը: Ծիածանի վրա ինչքան գույք կա, այդ գույներով քվեարկում են: Նոր նախագծով առաջարկվում է, որ հաստատվի մի գույն ընտրել: Բազմաթիվ ահազանգեր կան, թե ինչպես են ընտրակաշառք բաժանում, հետն էլ գրիչ: Նույնիսկ մարդկանց ասել էին, որ կամերաներ կան գրիչների վրա, տեսնելու են, թե ինչպես ես քվեարկել եւ այլն: Գրիչները մեծ արժեք չունեն, թող մեկի տեղը 10 հատ գրիչ դնեն քվեախցում: Մենք ստորագրահավաք կազմակերպեցինք: Շատ կարեւոր է, թե մնացյալ քաղաքական ուժերը բոլորը միասին ինչ տեսակետ ունեն այդ հարցի շուրջ: 2003-2004-ին, երբ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը բոյկոտեցին ԱԺ աշխատանքները՝ Արթուր Բաղդասարյանը կոնսուլտացիաներ կազմակերպեց, որի արդյունքում վերադարձան եւ բոլորս միասին ձեռնամուխ եղանք ԸՕ բարեփոխման աշխատանքներին: 2006-ին մի նախագիծ ընդունվեց, որը բոլորի կողմից հավանության արժանացավ: Առակս կցուցանե, որ այսօր կարեւոր է, որ բոլորս համատեղենք մեր ուժերը: Պետք է ճշտենք՝ բոլոր ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի կո՞ղմ են դրան: Արդեն 3 քաղաքական ուժ ստորագրել են՝ ՕԵԿ, ԲՀԿ-ն ու Ժառանգությունը: Աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀԱԿ-ը»:

Այժմ ՕԵԿ-ն ուզում է ավելի ամրացնել նախագծի դրույթները. «Այս դեպքում ավելի ուժեղ կլինի, բոլորի կարծիքը եթե համատեղվում է, ավելի հաշվի կնստեն դրա հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031