Այսօր թեև Գյումրու խանութներում աննշան էժանացել են առաջին սպառման ապրանքատեսակները, սակայն էժանացած գները չեն կարող լուրջ անհանգստություն չառաջացնել բնակիչների մոտ, քանի որ նախկին գների հետ համեմատ 25-30 տոկոս գնաճ է արձանագրվել:
Օրինակ՝ 1 կիլոգրամ կարագը դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում 2800 դրամից դարձել էր 3800 դրամ, այսօր իբրև թե գներն ընկել են. թաղային փոքր խանութներից մեկում այն 3800-ից իջել է 3500 դրամ: Նմանապես ձեթը թանկացավ. 720 դրամից դարձավ 1100 դրամ, այսօրվա գնանկման արդյունքում 900 դրամ է, ձուն 70-75 դրամից բարձրացավ 100-120 դրամի, այսօր արդեն 85-90 դրամ է: 120 դրամանոց հացը երեք օր շարունակ վաճառվեց 150 դրամով, այսօր արդեն 140 դրամ էր:
Կանադական նրբերշիկը, որն ի դեպ, անչափ շատ է սպառվում Գյումրիում, այդպես են հավաստում խանութի տերերը, 560 դրամից դարձավ 800 դրամ, իսկ այսօր 680 դրամ է:
Կարդացեք նաև
Ձավարը, մակարոնի բոլոր տեսակները նախկին գների հետ համեմատ թանկացել են 200 դրամով: Շաքարավազը 350 դրամից դարձավ 600 դրամ, հիմա իջել է՝ դառնալով 460 դրամ:
Եվ մինչ մենք ճշտում էինք գները, մի կին զայրացած մեզ մոտեցավ ու խնդրեց բառ-բառ փոխանցել իր բողոքը. «Ժողովրդի կաշին են քերթում, դրամ –դոլար խաղացին, որ ապրանքները թանկացնեին, էստեղ էլ ուրիշ պատճառ չկար: Վարչապետն էլ իբրև թե միամիտ ու անտեղյակ ամեն ինչից խանութներն է շրջում, մի հատ էլ արի էս թշվառ քաղաքի խանութները շրջի, մարդիկ էդ ցամաք հացի հույսին են. 120 փոխարեն 140 դրամը տալը հե՞շտ է. վաղը մյուս օր սովից կմեռնեն, խայտառակ կլինեք, թեև, ինչպես արդեն զգացել ենք, դուք խայտառակ լինողներից չեք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ