Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր «Հենարան» ակումբում, ամփոփելով 2014 թվականի ընթացքում սպառողական շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները, տեղեկացրեց, որ մինչ նոյեմբեր ամիսը երկրում ավելի բարենպաստ իրավիճակ է եղել գնաճի առումով։
Ըստ Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալների՝ 2014 թվականի նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատ արձանագրվել է 1,3 տոկոս գնաճ։ «Եթե 2013 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ընդհանուր գնաճը կազմել էր մեկ տոկոս, ապա 2014 թվականի այս երեք ամիսներին արձանագրված ընդհանուր գնաճը կազմել է 2,7 տոկոս։ Նախորդ տարվա նոյեմբերին արձանագրվել էր 0,9 տոկոս գնաճ, այս տարի՝ 1,3 տոկոս»։
«Գնաճային առումով մինչ նոյեմբեր ամիսը ավելի բարենպաստ պայմաններ են եղել հանրապետության սպառողական շուկայում։ Առանձին ապրանքային խմբերը դիտարկելով՝ նոյեմբեր ամսին 1,3 տոկոս ընդհանուր գնաճի պայմաններում պարենային ապրանքների գները ունեցել են առաջանցիկ աճի տեմպ եւ գնաճը կազմել է 2,8 տոկոս, ոչ պարենային ապրանքների գները աճել են 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում»,- նշեց բանախոսը։
Նոյեմբեր ամսին՝ հոկտեմբերի համեմատ, դիտարկված 13 ապրանքային խմբերից, ըստ բանախոսի, ութում արձանագրվել է գնաճ, չորսում գների նվազում է եղել, իսկ մեկ ապրանքային խմբում էլ գները մնացել են անփոփոխ. «Առավել բարձր գնաճ արձանագրվել է բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքային խմբում 23,7 տոկոս, մրգի գները աճել են 0,9 տոկոսով։ Հացամթերքի խմբում արձանագրվել է 0,5 տոկոս գնաճ, կաթնամթերքի գներն աճել են 2,3 տոկոսով, ձվինը՝ 1,8 տոկոսով։ Գնանկում արձանագրվել է մսամթերքի, ձկնամթերքի խմբերում»։
Կարդացեք նաև
Նոյեմբեր ամսվա այս գնաճը այդքան էլ պայմանավորված չէ դրամի արժեզրկմամբ, նշում է բանախոսը։ Ըստ պրն Մարտիրոսյանի՝ բանջարեղեն ապրանքային խմբի բարձր գնաճը հիմնականում կապված է սեզոնայնության հետ. «Տեղական արտադրության ապրանքների վրա դրամի արժեզրկումը այդքան էլ չի ազդի, որքան ներկրվող ապրանքների վրա»։
Պրն Մարտիրոսյանը նկատեց, որ նոյեմբեր ամսին կաթնամթերքի շուկայում գնային փոփոխություններ չեն եղել, սակայն ուշադիր նայելու դեպքում, նկատելի էր ոչ թե գնի փոփոխությունը , այլ քաշի նվազեցումը. «Այսինքն` սա թաքնված գնաճ էր,երբ կրկին մոտ 12 տոկոսով գնաճ էր արձանագրվում։ Նույնն էլ տեղի է ունենում հացի պարագայում»։
Ներկայացնելով ԱՊՀ երկրներից տարածքում գրանցված գնաճը, պրն Մարտիրոսյանը հայտնեց, որ եթե նոյեմբեր ամսին Հայաստանում գրանցել է 1,5 տոկոս գնաճ, ապա ավելի բարձր գնաճ արձանագրվել է՝ 2 տոկոս Ղրղզստանում, 1,9 տոկոս՝ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Վրաստանում եղել է 1,3 տոկոս գնաճ։
ԱՎԾ-ն դեկտեմբեր ամսին գրանցված գնաճը կներկայացնի դեկտեմբերի 30-ին։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ