Լրահոս
Օրվա լրահոսը

Լիպարիտ Սիմոնյան. «Վերաքննիչը դարձավ ոչ դատարան» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 19,2014 12:51

HSBC նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի հայրը եւ նրա պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հրավիրել էին մամուլի ասուլիս՝ կապված վերաքննիչ դատարանի վերջերս կայացրած վճռի հետ: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ 2 ու կես տարի է, ինչ իր պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվել է «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 մլն դրամի գողության գործով՝ օժանդակելու համար: Լիպարիտ Սիմոնյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերաքննիչ դատարանի դատական նիստերը տեւեցին երկար՝ 3-4 ամիս, այն դեպքում, երբ պրակտիկայում 1-2 նիստ է տեղի ունենում: Սակայն ըստ նրա, վերաքննիչը իր լիազորությունները սկսեց չկատարել այն ժամանակվանից, երբ դատարան հրավիրվեց այդ գործով քննիչ Մուշեղ Ալեքսանյանը:

Ըստ փաստաբանի եւ ամբաստանյալի հոր՝ իրենց բոլոր հարցերը՝ կապված քննիչի գործողությունների հետ վերաքննիչ դատարանը մերժեց: «Դատարանի պահվածքից ոգեւորվել էր քննիչը, որը սուտ էր խոսում: Քննիչը հրավիրվել էր բացթողումների եւ չարաշահումների համար: Ինձ հետաքրքիր չէր, թե նա ինչ կոստյում եւ կոշիկ է հագել»,- ասաց Լ. Սիմոնյանը:

Ի դեպ, ասուլիսի ժամանակ ամբաստանյալի հայրն ասաց, որ առավոտյան, ասուլիսից 10 րոպե առաջ գլխավոր դատախազին է ներկայացրել իր պահանջը՝ քրեական գործ հարուցել մեղադրանքը պաշտպանած դատախազ Տիտալ Ուզոյանի եւ քննիչ Մուշեղ Ալեքսանյանի նկատմամբ:

Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ թե առաջին ատյանը եւ թե վերաքննիչը այդպես էլ ուշադրություն չդարձրեցին այս գործով կասկածյալ, ապա ինքնասպանության դիմած Արտաշես Գալուստյանի հետ կապված ապացույցներին, թե ինչպես է նա ամբողջ գիշեր պահվել Էրեբունու քննչական բաժնում, իսկ երբ նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր՝ մեջքին առկա են եղել կարմիր գծեր, բռնության հետքեր:

Դատարանում հաշվի չառան նաեւ վկաներից Տիգրան Առաքելյանի ցուցմունքը, որը հայտնել էր Արտաշեսի ասածը իրեն, թե Էրեբունու բաժնում խոշտանգել են, ծեծել, սպառնացել են՝ «ռետինե մահակով կնկարենք, հետեւիցդ բերդ կուղարկենք»:  Այս ուղղությամբ քննություն նույնպես չի տարվել:

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի՝ առաջին ատյանում անթույլատրելի էր ճանաչվել Արտաշես Գալուստյանի ցուցմունքը, ինչպես նաեւ Աշոտ Առուշանյանի եւ Արտաշեսի միջեւ առերեսման արձանագրությունը: Վերաքննիչ դատարանը չնայած մերժել էր դատախազ Ուզոյանի միջնորդությունը՝ թույլատրելի ճանաչել այդ ապացույցները («Քիչ էր մնում երեք դատավորներով ծեծեին Ուզոյանին»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը), սակայն հետագայում հանգել էր այն եզրահանգման, որ դա թույլատրելի ապացույց է:

Աշոտ Առուշանյանի հայրը երկու բացահայտում արեց Aravot.am-ի համար: Նախ՝ որ քրեական գործը սկզբում հարուցվել է փողերի լվացման, իմիտացիայի հիմքով եւ երկրորդ՝ որ տուժողն այս գործով «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի քրոջ ամուսինն է՝ փոխտնօրեն Արմեն Մանուկյանը:

Առուշանյանի հայրն ասաց, որ անգամ կյանքի գնով հասնելու է իր որդու արդարացմանը՝ դա կլինի 10 թե 20 տարի հետո, քանի որ իր որդին նստած է ուրիշի փոխարեն:

Նա ցույց տվեց այն տեսաերիզը, որը, ըստ նրա՝ ոստիկանությունում մոնտաժվել է, այսինքն` կեղծվել է ապացույցը: Խոսքը Արշակունյաց պողոտայում կայանված մեքենայի եւ նրա տիրոջ՝ «Մանանա Գրեյնի» տուժող փոխտնօրենի գործողությունների մասին է, սակայն ժամանակացույցը մոնտաժված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031