«Հիմա այս պահի դրությամբ գործադուլ անող վարորդներ քաղաքում չկան»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք այժմ քաղաքում կան գործադուլ անող վարորդներ, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Այնուհետև տեղեկացրեց, որ երեկ իրենք ունեցել են հանդիպում քաղաքային իշխանությունների հետ և իրենց խոստացել են հետևյալը. «Մեզ խոստացել են, որ գազի գնի հարցը կկազմակերպվի, այսինքն՝ գազի գինը կդառնա նույնը, ինչ նախկինում էր՝ 170-180 դրամ՝ փոխարժեքի տատանումներից առաջ, և մեր հարցերին կանդրադառնան հունվարի 15-ից հետո: Վերջնական պայմանավորվածություն քաղաքային ղեկավարության հետ ձեռք ենք բերել, որ մենք մեր վարորդներին ամեն գնով կաշխատացնենք, որ երթուղիները չլքեն: Քաղաքի ղեկավարությունն էլ խոստացավ, որ հունվարի 15-ին, ամենաուշը 16-ին մեր խնդիրները կլսեն»:
Այնուհետև պարոն Եղիազարյանն ասաց, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է ու ասաց. «Տրանսպորտի գինը պետք է բարձրանա: Թող իրենք որոշեն՝ մեզ կտան դոտացիա, շատ շնորհակալ կլինենք, չեն տա՝ թող տեսնեն ժողովուրդն ի վիճակի է ավել գին վճարել, թե՝ ոչ, և թող պարզեն, թե որը կարող է այդ գինը լինել: Այն, որ հարյուր հիսուն դրամը չի բավարարելու՝ դա փաստ է»:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ասաց. «Կառավարությունը պիտի հրաժարվի երթուղու սպասարկումի և վարորդի վրա պլան դնելու այդ իրավիճակից: Սպասարկումը պետք է իրականցվի դիսպետչերական կազմակերպության կողմից: Վարորդը որսորդ չէ, նա պիտի աշխատավարձ ստանա, ոչ թե որսորդի պես պլանը հաղթահարի: Կառավարությունը երեք քայլ պիտի անի. Ինքը վաճառի գազը ավտոփոխադրողներին, պահեստամասեր գնելիս փոխադրող կազմակերպությունը ազատվի ԱԱՀ-ից և տրամադրվի հարկային արտոնություն: Այդ երեք քայլը, որ կառավարությունը անի մենք ուղևորավարձից շունչ կառնենք, թե չէ հիմա հակասությունը գնում է ժողովրդի և փոխադրող կազմակերպության միջև»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ