Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք իրավունքներ ու հավասարություն էին պահանջում դեռ 5-րդ դարում

Դեկտեմբեր 19,2014 11:18
kananc iravunq

Տիգրան Խզմալյան.«Հայաստանի ապագան կանանց ձեռքերում պետք է լինի»

Երբ վերջերս ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հորդորեց Զարուհի Փոստանջյանին՝ «չխառնվել տղամարդկանց խոսակցությանը», մի չգրված օրենք, որի մասին, ինչպես պատգամավորն ասաց, գիտեն և ենթարկվում են իր ընտանիքի կանայք, ու սրա դեմ որևէ լուրջ ընդվզում չեղավ, կրկին բարձրացավ հարցը սա ավանդական մշակույթի մաս է, թե այն ինչ ներմուծվել էր հարևան մուսուլմանական երկրներից:

Հավասա՞ր էր կինն ավանդական հայ ընտանիքում, թե՞ ոչ, այս հարցի լավագույն պատասխանը տրված է «Սասնա ծռեր» էպոսում, երբ Խանդութը Սասունցի Դավթին ասում է. «Դավիթ, ես քեզնից պակաս մարդ չեմ»:

Իհարկե, միջին դարերում մոնղոլ-թաթարական, պարսկական ու թուրքական տիրապետությունը, անկախության կորուստը ազդեց հայ կնոջ կարգավիճակի վրա` ստիպելով հայկական ընտանիքներին տուրք տալ արևելյան մտայնությանը. «երկու բան պետք է թաքցնես օտարի աչքից` փողը և կնոջը», սակայն երբեք հայ կինը պարփակվելով ընտանիքի մեջ` չգնաց մահմեդականության բնորոշ կնոջը ներկայացվող տեսլականին, այն ինչ մինչ օրս արդիական է Թուրքիայում՝ դատելով Էրդողանի հայտարարությունից, թե «տղամարդիկ ու կանայք հավասար չեն և չեն կարող լինել»:

Մինչ այս օտար ազդեցությունները, հայ միջնադարյան դատաստանագրքերը հստակ փաստում են, որ հայ կնոջը տրվել են արտոնությունները և հավասար իրավունքները: Պատմաբան Սեդրակ Բարխուդարյանը գրում է, որ միջնադարում ինչպես դատարանի առջև, այնպես էլ հասարակական գործունեության բոլոր բնագավառներում կինը հանդես է եկել, որպես լիիրավ քաղաքացի, կինը ունեցել է նաև տնտեսական անկախություն` բաժին ունենալով թե՛ հայրական տնից, թե՛ ամուսնությունից, որը ապահովել է նրա տղամարդուն հավասար իրավական վիճակը:

19-րդ դարի գերմանացի գիտնական Հաքսռհաուզենը գրում է, որ «ասիական ժողովուրդներով շրջապատված լինելով հայ կանայք հավասար իրավունքներ ունեն: Երիտասարդ կանայք ազատ են, ամուսնանում են սիրո հիման վրա»:

Ռուս ճանապարհորդ Ա. Ելիսեևը իր հերթին գրում է, որ հայը շատ բանով է պարտական իր առաջին օգնական կնոջը, միշտ գործուն հայուհին կարող է համարվել հայ ազգի գլխավոր հենակետերից մեկը»:

Հատկապես մահմեդական ազգերով շրջապատված լինելու հանգամանքը, որը ազդել է նաև հայ կնոջը «քողի տակ» պահելու սովորույթի ձևավորմանը անդրադարձել է հայ մեծ վիպասան Րաֆֆին: Նա կարծիք է հայտնել, որ դրա պատճառը արտաքին աշխարհն էր, այն է` պարսիկներով և թուրքերով շրջապատված լինելը և նման վիճակից դուրս գալու համար պետք է նախապատրաստական փուլ, որն էլ իրավամբ 19-րդ դարն էր:

Մինչդեռ այսօր, ինչպես 19-րդ դարում էր, երբ Հայաստանում սկսեցին կազմավորվել իգական դպրոցներ, կանանց հասարակական կազմակերպություններ` հասարակության մեջ սկսեցին հնչել իրարամերժ տեսակետներ, թե զարգացած եվրոպայից եկող հովերը կխաթարեն մեր ընտանիքները, կկործանեն մեր ավանդական ընտանիքները, որ կանանց տեղն ընտանիքն է, երեխաների դաստիարակությունը:

Ավելին, Երվանդ Օտյանն էլ առաջարկում էր «սխալ հասկացված քաղաքակրթության» հետևանքները մեղմելու համար նորից «սկսել ծեծել կանանց».

Իր՝ «Կնոջը պե՞տք է ծեծել» հոդվածում, Օտյանը գրում էր. «Սխալ հասկցված քաղաքակրթության շնորհիվ կիները այնքան ծեծ չեն ուտեր, որքան հին բարի ժամանակները: …Այն օրը, որ կիները ծեծելու սովորությունը բոլորովին վերանա մեր մեջեն, «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի» պիտի դադարեն գոյություն ունենալե»:

«Հայոց աշխարհի տիկնանց» կորցնելու մտավախություններն այսօր էլ կան, ինչպես ամիսներ առաջ «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախկին նախագահ Ռոբերտ Ահարոնյանը կանանց իրավունքների պաշտպաններին հորդորում էր «եվրոպական բարքերով չքանդել հայկական ընտանիքները» ու շեշտում, որ «ամուսինն իրավունք ունի ապտակելու իր կնոջը»:

Եվրոպական հովերի ազդեցությամբ ընտանիքների փլուզման և հայ կնոջ ավանդական կերպարի խաթարման մտավախությունները, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» ՀԿ-ի նախագահ Ջեմմա Հասրաթյանը լուրջ չի ընդունում:

«Ոչինչ էլ չի փլվել, այո, ընտանիքները տարբեր են լինում, բայց միշտ էլ տարբեր են եղել: Իհարկե, հնարավոր չէ, որ շրջապատի մշակույթը մեզ վրա չազդի, հիմա շփումներն ակտիվ են, այլ մշակույթի ընդօրինակություն հնարավոր է, սակայն հայ մշակույթը բավականին ուժեղ է և դրական գործոններ ունի ընտանիքի առումով, որը պահպանվել է, ու կպահպանվի»,- ասում է Ջեմմա Հասրաթյանը:

Jemma_Hasratyan

Նա դրական է գնահատում, որ երիտասարդ աղջիկները ակտիվ մասնակցություն ունեն հատկապես քաղաքացիական հասարակության կայացման գործում: «Ունենք հասուն, քաղաքացիական պատասխանատվության զգացումով, սոցիալական հարցերի նկատմամբ ոչ անտարբեր կանայք»,- ասում է նա, հավելելով, որ հայ կանայք հաստատելով իրենց տեղը քաղաքացիական հասարակության մեջ միաժամանակ չեն հեռանում ավանդույթներից` ունենալ պատշաճ ընտանիք, երեխաներ:

Ելնելով վիճակագրական տվյալներից, կարող ենք արձանագրել, որ ներկայումս, երբ այդքան շատ է խոսվում կանանց իրավահավասարությունից, իրավունքներից, ոչ բոլոր ոլորտներում է սեռային հավասարակշռություն տիրում. հատկապես քաղաքական շրջանակներում, ղեկավար պաշտոններում կանայք զգալիորեն զիջում են տղամարդկանց:

Հայաստանի 48 քաղաքային համայնքներից որևէ մեկում կին ղեկավար կամ տեղակալ չկա, անգամ ՀՀ ԱԺ-ում կին պատգամավորները կազմում են 10.67 տոկոս կամ 131 պատգամավորից 14 են կին. Այն դեպքում, երբ համաշխարհային ցուցանիշը կազմում է 19.6 տոկոս: 18 նախարարներից միայն 2 են կին, իսկ 66 փոխնախարարներից` 9-ը:

Ջեմմա Հասրաթյանը կարծում է, որ որոշումները կյանքին միտված ու կենսունակ են լինում, եթե այն ընդունում են և տղամարդկանց, և կանանց բալանսավորված մասնակցությամբ. «Աշխարհի բարեկեցիկ երկրներում ձևավորվել է գենդերային բալանս` կանայք, և տղամարդիկ հավասարաչափ ներկայացված են և օրենսդիր, և գործադիր մարմիններում, երկրի ճակատագրի համար պատասխանատու են միասին»:

Xzmalyan

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը օրերս է հասարակության դատին ներկայացրել «Հայոց թագուհիներ» վերտառությամբ ֆիլմը, հայ կնոջ և ընդհանրապես ընտանիքի վերաբերյալ գտնում է, որ հայ կինը ծնվում է, մեծանում է իբրև թագուհի, ապրում և մեռնում է իբրև ստրկուհի. այսպես է արտահայտվում նրա հերոսներից մեկը:

Ռեժիսորի համար անընդունելի է, որ հայերս «թույլ տվեցինք մեր պատմության ընթացքում ուրանալ հայ կնոջը», որ մոռացության են մատնվել կանայք, որոնք հետք են թողել հայոց պատմության ընթացքին:

Տիգրան Խզմալյանը շեշտում է, որ Հայաստանի ապագան տեսնում է հենց կանանց ձեռքերում, իսկ որ հայ կանանց ձեռքբերումները մոռացության են մատնված, այստեղ նա տեսնում է տղամարդկանց մեղքը:

Բանասիրական գիտությունների թեկնածու, «Երևելի տիկնանց դարը» գրքի հեղինակ Անահիտ Հարությունյանը ևս վստահ է, որ «եվրոպական հովերից» չպետք է վախենալ, եթե անհատը ճիշտ է կողմնորոշված` այլ մշակութային ազդեցության տակ չի ընկնի. «մեզնից պիտի վախենանք, ոչ թե Եվրոպայից»:

«Կանայք պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, չպետք է սպասեն, որ կանանց արժևորեն` դա չի լինելու»,- վստահ է Հարությունյանը՝ հիշեցնելով, որ սահմանային իրավիճակներում միշտ էլ առաջին պլան է մղվել կնոջ գործոնը:

«Կնոջ դերը շատ մեծ է եղել արտաքին հարաբերություններում և մարդասիրական բոլոր ձեռնարկներում, հին ժամանակներից ի վեր ամենաճգնաժամային իրավիճակներում կանանց են ուղարկել դիվանագիտական առաքելությամբ, որոնք վերադարձել են դրական արդյունքով. կանայք այդ կարողությունները ունեն, կանայք ավելի նախաձեռնողական են, խնայող են, ազնիվ են, լավ երևակայություն ունեն»,- շեշտում է Հարությունյանը:

Թեև  աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923-1952 թթ. եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում, սակայն հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում դեռևս 1920 թ., ում իրավամբ կարելի է համարել առաջին դեսպանն աշխարհում:

Իսկ այժմ ՀՀ ԱԳՆ աշխատակազմում աշխատող դիվանագետների ընդհանուր թիվը կազմում է 152, որոնցից 61-ը կանայք են: ՀՀ ԱԳՆ աշխատակազմում և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող դիվանագետների ընդհանուր թիվը կազմում է 303, որոնցից միայն 86-ն են կանայք:

Ջեմմա Հասրաթյանը այս իրավիճակը բացատրում է շրջանառվող միֆերով, որ կանայք վատ կղեկավարեն: Իսկ թե ինչո՞ւ հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ կանայք չեն կարողանում ճեղքել տղամարդկանց պատնեշը և հայտնվել ղեկավար պաշտոններում, Ջեմմա Հասրաթյանը ունի իր դիտարկումը նախ կարծում է, որ քաղաքականության մեջ կոշտացել են հարցադրումները, տղամարդիկ գերադասում են հարցերը լուծել «տղամարդավարի», քան գործ ունենալ կանանց հետ: Նաև մեծ ֆինանսական հոսքեր ենթադրող պաշտոնները տղամարդիկ մոտիկ չեն թողնում, որից իհարկե տուժում է երկիրը, քանի որ գենդերային հավասարության հարցում չկա պետական մոտեցում:

Կանայք ճակատագրական սխալ են գործել հազարամյակներ առաջ` թույլ տալով մայրիշխանության փոխարեն հայրիշխանության հիմնավորումը հասարակական-սոցիալական-քաղաքական կյանքում, դրանից հետո կանայք քայլ առ քայլ վերանվաճում են իրենց տեղն արևի տակ. հայ կանայք ևս:

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031