Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն ունի՞ արդյոք ռազմավարություն, թե ինչ պետք է անի այս «պարզ լուծման» բացասական հետեւանքները հնարավորինս արագ չեզոքացնելու համար. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 19,2014 10:57

Դրամի կտրուկ արժեւորման վրա ազդել են հիմնականում երկու գործոն։ Նախ՝ դա կառավարության եւ Կենտրոնական բանկի իրականացրած միաժամանակյա «բանավոր ինտերվենցիան» էր։

Բայց դա չէր կարող մեծ արդյունք ապահովել, եթե չլիներ մյուս գործոնը։ Օրերս ԿԲ-ն իր խորհրդի նիստում որոշում է կայացրել բարձրացնել բանկերի համար սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Ընդ որում՝ բարձրացրել է շեշտակի՝ 12 տոկոսից այն սահմանելով 24 տոկոս։ Ընթերցողին չծանրաբեռնելու համար ընդամենը նշենք, որ սրա արդյունքում բանկերը ստիպված են շուկայից հսկայական քանակությամբ դրամ ներգրավել։ Իսկ որպեսզի կարողանան այդ գումարը ներգրավել, ստիպված պետք է վաճառեն իրենց մոտ կուտակված արտարժույթի մի զգալի մասը։ Եվ ահա, երեկվանից սկսվել է այդ գործընթացը։ Շուկա նետված արտարժույթի ավելցուկը եւ դրամի նկատմամբ բանկերի պահանջարկի կտրուկ աճը հենց այն հիմնական պատճառն են, որը հանգեցրել է դրամի արժեւորմանը։

Դատելով նրանից, որ առաջիկայում էլ բանկերին շատ մեծ ծավալների դրամ է անհրաժեշտ լինելու, կարելի է պնդել, որ նրանք նույնքան մեծ ծավալների դոլար են շարունակելու վաճառել։ Իսկ սա, թերեւս, երաշխիք է, որ դրամի փոխարժեքի վրա առաջիկայում արժեւորման ճնշում լինի։ Այլ կերպ ասած՝ առաջիկայում դրամը, եթե նույնիսկ չարժեւորվի, ապա դժվար թե արժեզրկվի։

Բնական հարց է առաջանում, թե՝ եթե կար այս պարզ լուծումը, ինչո՞ւ ԿԲ-ն այն ավելի վաղ չէր իրականացնում։ Այս լուծումը որքան, էլ պարզ լինի, ոչ մի դեպքում չի կարելի համարել հանճարեղ։ Պարտադիր պահուստավորման 24 տոկոսանոց նորմատիվը աննախադեպ է եւ ուղղակիորեն ազդում է բանկերի գործունեության եւ դրանց հուսալիության վրա։

Ինչ խոսք, այնպես չէ, որ վաղը մեր բանկերը կդառնան ավելի անհուսալի կամ չեն կարողանա իրականացնել իրենց գործառույթները։ Նշված նորմատիվի բարձր տոկոսի բացասական ազդեցությունը բանկերի վրա բավականին երկարատեւ ժամկետների կտրվածքով է։ Ու հիմա առանցքային հարցը հետեւյալն է՝ Կենտրոնական բանկը ունի՞ արդյոք ռազմավարություն, թե ինչ պետք է անի այս «պարզ լուծման» բացասական հետեւանքները հնարավորինս արագ չեզոքացնելու համար։ Օրինակ՝ պատրաստվու՞մ է արդյոք Կենտրոնական բանկը դրամի կտրուկ արժեզրկումը այս քայլով կանխելուց եւ շուկայում հարաբերական անդորր հաստատելուց հետո կամաց-կամաց, քայլ առ քայլ իջեցնել նորմատիվը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031