Դրամա-դոլարային խառնաշփոթը դեկտեմբերի 17-ին հասել էր գագաթնակետին՝ հանկարծակի համազգային սիրո արժանացած դոլարը վաճառվում էր 580, իսկ տեղ- տեղ անգամ 600 եւ ավելի դրամով, մարդիկ ունեցած-չունեցած դրամները դոլարի էին վերածում, ծանոթ-բարեկամներից պարտքով փող էին վերցնում՝ դոլար գնելու համար, որոշ «խելոքներ» անգամ դրամային ավանդները շտապ կարգով հանեցին բանկից՝ դոլար գնելու համար: Կարծում եք՝ շտապ դոլարի կարի՞ք ունեին: Հատուկենտ դեպքերում՝ այո, ասենք, վարկ կամ պարտք փակելու համար, բայց հիմնականում նպատակը մեկն էր՝ գնել՝ հետո ավելի թանկ գնով վերավաճառելու նպատակով:
Ինչ-որ անհայտ ծագման, բայց ակնհայտորեն եվրասիական դիմագծերով արմագեդոնի սպասումներով մարդիկ հանկարծ որոշեցին ոչ միայն ներքնակները դոլարներով լցնել, այլեւ ամբողջ տունը՝ հնարավոր բոլոր ծակուծուկերով հանդերձ, լցնել շաքարավազով, ալյուրով, աղով, նպարեղենի տեսակներով, լուցկիներով, պահածոներով, անգամ… պաքսիմատով:
Ամանորյա խմորեղենների պատրաստման համար երեք օր առաջ 2 կգ շաքարավազ էի գնում սուպերմարկետից՝ մի կին ականջիս փսփսաց՝ մի մեշոկ առ, աղջիկ ջան, էլ չի լինելու: Երեւի շաքարավազի ծառերը երաշտից չորանալու են: Չնայած հավատում եմ, որ շաքարավազը՝ որպես բնության հրաշք, վերանալու եզրին է. եթե ամեն խանութ մտնող 2-3 պարկ շաքարավազ գնի եւ տանի մահճակալի տակ պահի, վաղ թե ուշ շաքարավազի պաշարները Հայաստանում չէ՝ Երկիր մոլորակի վրա կսպառվեն:
Արմագեդոնի ուրվականը դեռ երկար կշրջեր Հայաստանում, եթե մի գիշերում ինչ-ինչ անհասկանալի պատճառներով (հուդամասոնական դավադրությո՞ւն) դոլարը 100 դրամով չէժանանար: 500-600 դրամով դոլար գնած (700-ո՞վ պիտի վաճառեիք) մեր հայրենակիցներն այսօր կանգնել էին կոտրած տաշտակի առջեւ. առջեւում Ամանոր է, դրամ է պետք՝ սեղանները բդա-քյուֆթային դելիկատեսներով ծանրաբեռնելու համար, եւ երեկ 560 դրամով գնած դոլարը այսօր 460-ով պիտի հետ վերածեին դրամի: Իսկ այս ընթացքում 10-50%-ով թանկացած սննդամթերքը, փորձը ցույց է տալիս, հետդարձի ճանապարհ չունի՝ չի էժանանալու:
Միակ բացառությունը, թերեւս, բազմաչարչար շաքարավազն է, որը մեկ օրում արժեզրկվեց եւ վերադարձավ 400 դրամ գնին՝ 500 դրամով շաքարավազ գնած մարդկանց համար քաղցրի փոխարեն դառնություն ապահովելով: Գուցե եւս մի քանի անուն սննդամթերք նույնպես էժանացան՝ ազդվելով երեկ որոշ խանութներում վարչապետի կատարած «գների շտկումներից»:
Կարդացեք նաև
Այն, որ դոլարադրամային այս երկշաբաթյա արկածների արդյունքում որոշ մարդիկ՝ քաղաքական եւ բիզնես էլիտայում, «բինգո» գոչելու առիթ են ունեցել՝ փաստ է: Սակայն ակնհայտ է, որ այս ամենում մեծ դեր ունեցան նաեւ խուճապային տրամադրությունները, որոնք մեր՝ 25 տարվա ընթացքում սով, պատերազմ, երկրաշարժ, խնայողությունների փոշիացում տեսած եւ այդ տպավորությունները չթոթափած ազգաբնակչության մոտ ծայրահեղության են հասնում:
Տնտեսագիտության մեջ կա «ադապտիվ սպասումների տեսություն» հասկացությունը, որի իմաստը հետեւյալն է (շատ կոպիտ ձեւակերպելու դեպքում). եթե միանգամից մարդկանց մեծ խումբ որոշի, որ վաղը այսինչ ապրանքը կամ արժույթը այսքան տոկոսով աճելու կամ նվազելու է, ապա այդպես էլ կլինի: Որովհետեւ բոլորը համատարած կձեւավորեն տվյալ արժույթի կամ ապրանքի առաջարկ կամ պահանջարկ: Դե, իսկ քանի որ մեր ժողովրդի արյան մեջ խուճապը հիմնավոր կերպով նստած է, ամեն անգամ, երբ որեւէ ֆինանսատնտեսական ցնցում է մոտենում, դրա ազդեցությունը մեզ վրա միշտ շատ ավելի ուժեղ է լինում, քան կարող էր լինել:
Տեսնես ինչի՞ց է, որ հակառակ՝ լավատեսական սպասումները մեզ մոտ չեն հայտնվում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.12.2014