Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, բա վե՞րջը

Դեկտեմբեր 19,2014 10:10

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու»: Դա իրականում հարց չէ, այլ բողոք եւ միաժամանակ հրավեր՝ խոսելու ազգի եւ «հարց տվողի» դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով: Նախ՝ ինքդ քեզ բնութագրելով որպես «խեղճ», «բազմաչարչար», «կոտորված», «տառապած»՝ դու օգտագործում ես «ինքնակործան» բառեր: Այսինքն՝ եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս, որովհետեւ քո հիմնական գործն է լինելու ուրիշների մեջ խղճահարություն առաջացնելը եւ քո նման «խեղճերի» շրջապատում նստելն ու կյանքից բողոքելը:

Բայց նման մտածելակերպի վնասները դրանով չեն սահմանափակվում: Այս մտածելակերպով դու քեզ եւ քո ազգը ներկայացնում ես որպես կամազուրկ մի տաշեղ, որին տանում-բերում են կյանքի այս օվկիանոսում եւ «վերջը» շպրտելու են մի ափամերձ տարածքում: Այդ դեպքում մնում է հուսալ, որ օվկիանոսը, այսպես ասած, «հայանպաստ» կլինի՝ տաք, ջերմ, խաղաղ, որպեսզի քո «վերջն» էլ լինի աֆրիկյան որեւէ տաք երկրում: Եթե դու ոչինչ չես ասում, ավելին՝ չես ուզում քո ներկայիս կյանքն ապրել եւ սպասում ես «վերջին», ապա ավելի հավանական է, որ այդ «վերջը» վատ կլինի:

Դա, ինձ թվում է, քեզնից դուրս մեղավորներ փնտրելու մասնավոր դեպքն է: Նույն մտայնությունն ունի ավելի բարձր, պետական դրսեւորումներ: Հարցրեք մեր կառավարությանն ու Կենտրոնական բանկին՝ ինչն էր դոլարի արժեւորման «բռնկման» պատճառը: Եվ նրանց պատասխանը հետեւյալն է՝ մեղավոր են սպեկուլյանտները: Երբ ասում են՝ «սպեկուլյանտ», ես պատկերացնում եմ այն մարդկանց, որոնք, օրինակ, 70-ական թվականներին ինչ-որ ձեւերով արտասահմանից «Մալբորո» էին բերում եւ հետո այդ ծխախոտն իրացնում էին Փուրթուլի կրպակի միջոցով: Այսօր, սակայն, հարաբերություններն ազատ շուկայական են, եւ սպեկուլյացիան՝ էժան գնելը եւ թանկ վաճառելը, դրա անբաժանելի ու կարեւոր մասն է: Եթե կան տնաբույծ «ֆինանսիստներ», որոնք, ազարտի մեջ ընկնելով, թանկուկրակ դոլարներ են գնել ու հիմա դրանց ձեռքը կրակն են ընկել՝ դա իրենց գործն է եւ իրենց ռիսկը:

Բայց տարադրամի տատանումները բոլորովին այլ պատճառներով են առաջանում, եւ դրանցից մեկն այն է, որ մենք՝ Հայաստան պետությունը, չենք կարողանում բավարար չափով դոլարներ աշխատել: Այդ խնդիրները, ի տարբերություն սպեկուլյացիայի, խրոնիկական են:

Նման ձեւով՝ ո՞րն է Ռուսաստանի տնտեսական դժվարությունների պատճառը: Ըստ Պուտինի՝ Միացյալ Նահանգների ու նավթարդյունահանող երկրների համատեղ դավերը: Այդ դավերն իրականում, շատ հավանական է, կան: Բայց Ռուսաստանի հիմնական խնդիրն այն է, որ նման հարուստ ռեսուրսներ ունենալով՝ այդ երկիրը 25 տարում տնտեսության մեջ ոչինչ չկարողացավ ստեղծել՝ բացի նավթի, գազի եւ զենքի վաճառքից: Եթե նավթի գինն էլի ընկնի, վերջը ի՞նչ է լինելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Վերջը վաղուց ա եկալ`մընք զամեծիծ չենք արալ: Լոխ լյավ ալի`հի՞նչ ա պտահալ:

  2. Էդուարդ says:

    ….«Եթե նավթի գինն էլի ընկնի, վերջը ի՞նչ է լինելու ». Նավթի գինը ամբողջ աշխարհում ընկել է, բա մենք էս աշխահից չենք՞, գուցե այստեղից՞ սկսենք պ. Աբրահամյան։

  3. Ruben says:

    Հաշմանդամ Ժորան (Փուրթուլը) «ՍԱԼՅՈՒՏ» ծխախոտը վաճառում էր պետական գնով (30 կոպեկ), իսկ բոլոր խանութներում գնորդներին խաբում էին (տակից 40 կոպեկով վաճառելով): Դեմիրճյանը չգիտե՞ր:
    Հայաստանի տարածքում գործող, ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի մասին Հայաստանի նախագահները կամ ազգի (պետության) անվտանգությունը ապահովվող մարմինները չգիտե՞ն: Թե՞, նրանք էլ էն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող:
    Ի՞նչ Ռուսաստան, ի՞նչ Պուտին:

  4. ՏԻՏ says:

    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – in

    Տաբու՞ է դրվել Կենտրոնական Բանկին քննադատող մեկնաբանություններին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չգիտեմ, հարգելի ՏԻՏ, թե ինչ մասին է խոսքը, բայց որքան հիշում եմ, Դուք միեւնույն տեքստը մի քանի անգամ copy-paste եք արել իմ հոդվածների տակ: Եթե ուզում եք, էլի արեք, ես կհետեւեմ, որ հրապարակվի: Բայց խորհուրդ եմ տալիս կրեատիվություն դրսեւորել եւ գրել նոր տեքստ:

  5. ՏԻՏ says:

    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- ին

    …Բայց տարադրամի տատանումները բոլորովին այլ պատճառներով են առաջանում, եւ դրանցից մեկն այն է, որ մենք՝ Հայաստան պետությունը, չենք կարողանում բավարար չափով դոլարներ աշխատել: ……..

    Արտերկրերից ( հիմնականում՝ Ռուսաստանից ) փողանցվում է մինչև 1 000 000 000 դոլար,

    երկրորդ սխալը քերականական է ՝ …մենք՝ Հայաստան պետությունը, չի (ոչ թե ՝՝չենք՝՝) կարողանում….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031