Իսկ դրամը ծիծաղից նվաղում է՝ լսելով այդ հեքիաթները
Իմ բարեկամ Արթուր Պապյանը երեք օր առաջ ֆեյսբուքյան իր էջում առաջարկել էր դրամի արժեզրկման հնարավորինս անհավանական մեկնաբանություններ տալ: Հեգնանքը պարզ էր. ՀՀ իշխանությունները եւ Կենտրոնական բանկը այնքան անհեթեթ բաներ են ասել, որ մեզ մնում է միայն սեփական հեքիաթները հորինել ու հեգնել:
Ահա՝ Կենտրոնական բանկի (ԿԲ) հեքիաթներից մեկը, որ պատմել է Գյուլնազ տատը… ներեցեք, դրա նախագահ Արթուր Ջավադյանը` դեռեւս դեկտեմբերի 9-ին. «…ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո` զարգացող եւ զարգացած երկրները գրանցել են իրենց արժույթների արժեզրկում: ԱՄՆ տնտեսության աճի վերականգնմանը զուգահեռ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ դոլարի իրացվելիություն էր ներարկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով: Վերջինս նպաստեց ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման, սպասումների ձեւավորման, եւ կապիտալի հոսքերը զարգացող երկրներից ուղղվեցին դեպի ԱՄՆ: «Արդյունքում` հիմնական զարգացող երկրները գրանցեցին տնտեսական աճի դանդաղում եւ արժույթների արժեզրկում»,- ասաց Ա. Ջավադյանը: Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա ԿԲ նախագահի խոսքերով՝ ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով եւ նավթի գների անկմամբ: «Այս երկու գործոնները բերեցին ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատման եւ ռուբլու փոխարժեքի արժեզրկման: Այս ամենը ավելացրեց ճնշումները ԱՊՀ տարածաշրջանի երկրներում` արտահանման եւ դրամական փոխանցումների տեսքով դոլարի ներհոսքի կրճատման միջոցով»,- ընդգծեց ԿԲ նախագահը»: Արդյունքում, ըստ նրա, արտաքին ճնշումներից անմասն չմնաց նաեւ Հայաստանը: Մասնավորապես, արտաքին ճնշումների ազդեցությունը նպաստեց Հայաստանի ներսում տնտեսվարող սուբյեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական եւ վարկային միջոցները սկսեցին վերածել արտարժույթի` դրա հետեւանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով»: Ներողություն եմ խնդրում ընթերցողներից այս տափակաբանությունն ամբողջությամբ մեջբերելու համար: Պարզապես առանց սրա իմ հեքիաթը չէի կարող պատմել:
Ահա իմ վարկածը, որ կարծում եմ՝ ԿԲ նախագահը կարող է վերցնել իր զինանոցում եւ օգտագործել: Ուրեմն այսպես.
«Քանի որ արեւադարձային երկրներում կոկոսի բերքն այս տարի վատ է եղել, դրա գինը միջազգային շուկայում դոլարով ահռելի աճ է ունեցել: Դա էլ իր հերթին ազդել է կապիտալի հոսքի վրա՝ զարգացող երկրներից դեպի կոկոսառատ երկրներ, այդտեղից էլ դեպի ԱՄՆ, որը տիրապետում է կոկոսի արտադրության 98 տոկոսին: Մյուս կողմից՝ Արկտիկայի եւ Անտարկտիդայի սառույցների նախատեսվածից ավելի շատ հալոցքը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսում աղի պաշարների կրճատման, ինչը իր հերթին մեծապես ազդել է քարաղ չունեցող երկրների էկոնոմիկայի վրա՝ խանգարելով հատկապես ջրի գնալուց առաջ քարաղը լիզող խոշոր եղջերավոր անասունների ջրով ապահովելուն… Կովերի քիչ ջուր խմելու պատճառով կրճատվել է նրանց կաթնատվությունը, ինչն էլ իր հերթին նպաստել է կովառատ եւ աղառատ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի էկոնոմիկայի զարգացմանը՝ ի հաշիվ կովաքիչ երկրների էկոնոմիկայի… Սա բերել է կաթնամթերքի գնաճի եւ ի հետեւանք՝ հայկական դրամի կտրուկ արժեզրկման: Ահա թե ինչպես են կոկոսի համաշխարհային շուկայի տատանումներն ու համաշխարհային օվկիանոսում կատարվող պրոցեսներն ազդում խեղճուկրակ հայկական էկոնոմիկայի վրա, եւ դոլարը արտագաղթում է Հայաստանից դեպի այլ երկրներ…»:
Կարդացեք նաև
Ծիծաղելի՞ է: Անշուշտ:
Եթե կուզեք իրականությունն իմանալ՝ կառավարության ու Կենտրոնական բանկի բանականությունն է արտագաղթել, քանզի հենց նրանց թույլտվությամբ է, որ մի խումբ սպեկուլյանտներ առանց ԱՄՆ-ի էկոնոմիկային կամ համաշխարհային օվկիանոսի պրոցեսներին հղում կատարելու տռզացնում են իրենց արտասահմանյան բանկային հաշիվները:
Ի դեպ, վերը բերված ասուլիսում ԿԲ նախագահը նշել է, որ «նման վիճակը չի կարող երկար տեւել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է եւ հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի եւ բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն եւ վերահսկելի մակարդակներում»:
Դա ասվել է, հիշեցնենք, դեկտեմբերի 9-ին: Այսօր դեկտեմբերի 18-ն է, եւ արժեզրկման տուտը չի երեւում: Տեսնես ի՞նչ է նկատի ունեցել Ջավադյանը «երկար չի կարող տեւել» ասելով՝ քանի՞ օր, ամիս ու տարի… Թե՞ նրա համար էլ, ինչպես Աղվան Հովսեփյանի՝ «Անհապաղ, չի նշանակում անմիջապես»…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Այս հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ տարածվեցին հերթական հեքիաթները: Առաջինը վարչապետական հեքիաթ–հայտարարությունն էր, հետո՝ ԿԲ նախագահի հերթական «նաղլը», ապա՝ ֆինանսների նախարարը իբր թե պատասխանեց լրագրողների հարցերին ԱԺ նիստի շտապելիս… Թե ԱԺ դռնփակ նիստում ինչ հեքիաթներ են հնչել, միայն կարելի է ենթադրել… Իսկ այդ ընթացքում դրամի արժեզրկումը շարունակվում էր…
«Առավոտ» օրաթերթ
18.12.2014