Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դեմ եք, դժգոհում եք, թե ՀՅԴ-ն փչացավ, ուրեմն չդադարեցնեիք բոյկոտը, ասեիք՝ իմիտացիա է»

Դեկտեմբեր 19,2014 16:30

Արմեն Ռուստամյանը՝ եռյակի PR ակցիայի,
ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու եւ պորտֆելներ վերցնելու մասին

«Մեկնաբանություններն ավելորդ են: Դրա համար ես միշտ ասել եմ՝ մարդիկ պետք է այնպիսի խոսք ասեն, որ հետո դա իրենց դեմ դուրս չգա»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց «եռյակ+ՕԵԿ»-ի քննադատություններին՝ ՀՀԿ-ի հետ արտահերթ նիստ անելու համար:

Երեկ ոչ իշխանական ուժերը նույնպես ՀՀԿ-ի հետ փոխարժեքի հարցով արտահերթ նիստ էին կազմակերպել, ընդ որում՝ համաձայնել ՀՀԿ-ի պայմանին՝ այն անցկացնել դռնփակ: Իսկ մինչ այդ ՀՅԴ-ին քննադատում էին ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար: Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Ի՞նչ է նշանակում համագործակցել: Եթե մենք ուզում ենք ԱԺ-ի մակարդակով ինչ-որ հարց լուծել, առանց մեծամասնության մասնակցության դա հնարավոր չի: Դա փաստ է: Մենք, բնականաբար, դա հասկանալով՝ գնացել ենք այդ քայլին: Եթե դա կոչվում է համագործակցություն, այո, մենք այդ համագործակցությունից չենք խուսափում: Հիմա նույն ձեւ էլ իրենք, 1 օր չանցավ՝ նույն խնդիրն ունեն: Իսկապես, կարծում եմ, ճիշտ է, որ այդ հարցը քննարկվի:

Բնականաբար, եկել են փոխհամաձայնության, իսկ փոխհամաձայնությունը ենթադրում է որոշակի պայմաններ ընդունել նաեւ մյուս կողմից: Պայմաններն ընդունել են, որովհետեւ նպատակները շատ ավելի կարեւոր են: Նույնը եղավ մեր պարագայում: Դրա համար ժողովուրդը լավ խոսք ունի՝ բոլորին ադաթ է, մեզ բեդա՞թ է: Երբ մենք էինք անում, ինչի՞ էիք այդպես խորթ նայում այդ ամեն ինչին ու այլ բաներ փնտրում: Ընդհակառակը՝ ես համարում եմ, որ դա շատ ճիշտ մշակույթ է: Այդպես են աշխատում պառլամենտներն ամբողջ աշխարհում: Մեծամասնությունն ու փոքրամասնությունն իրար հետ գալիս են համագործակցության դաշտ, որպեսզի կարողանան երկրում ինչ-որ բան անել: Մեր 7 կետերից մի կարեւոր կետն էլ դրան էր վերաբերում՝ ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ ձեւավորվի երկրում, որտեղ ամեն մեկն իր դերն ունենա»:

Մեր հարցին՝ Ձեր ելույթում եռյակին ասում էիք, որ հակառակվելը ամենահեշտ բանն է, հիմա Դո՞ւք էիք հակառակվում եռյակին ու չէիք բոյկոտում կառավարության արտահերթը, թե՞ եռյակն էր հակառակվում Ձեզ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իսկապես, հակառակվելը հեշտ է: Բավական է մեկը մի բան ասի, դրա հակառակը գտնելը բարդ չի: Մեկն ասի սեւ, մյուսը կասի՝ սպիտակ: Դա պրիմիտիվ մոտեցում է: Հակառակը գտնելը մեծ խելք եւ իմաստնություն չի պահանջում: Դժվար է գտնել միասնական դիրքորոշում, դժվարը միավորելն է: Բաժանելը միշտ հեշտ է: Եթե մենք հակառակվում ենք նրա համար, որպեսզի ցույց տանք, որ մենք ավելի արմատական ենք, դա դառնում է ինքնանպատակ:

Ի վերջո՝ նաեւ շուռ է գալիս քո դեմ, որովհետեւ անընդհատ դա անելն աբսուրդի է բերում: Նրանք էլ կարող է դա հասկանալով, որ այդպիսի պրիմիտիվ մարտավարություն են որդեգրել, այնպիսի բան ասեն, որ դրան հակառակվելը խոցելի դարձնի քեզ: Ինչո՞ւ հայտնվես այդ ծիծաղելի վիճակում: Եթե մեկը ճիշտն ասում է, պիտի ընդունես, որքան էլ տարաձայնություններ ունենաս այլ հարթությունում, որովհետեւ հակառակ պարագայում դու տուժում ես: Ընդհանուր ընդդիմադիր շարժումն է տուժում: Շարժումը պետք է ունենա հստակ տրամաբանություն, ամուր պլատֆորմ եւ քայլերի ծրագրված ընթացք»:
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ պետք չի PR ակցիա անել՝ ցույց տալու համար, որ ավելի արմատական ես, ավելի վճռական:

Մեր հարցին՝ երեկվա արտահերթ նիստից հետո սոցցանցերում գրում են, որ ՀՀԿ-ն փչացրեց ՀՅԴ-ին, որ մնում է պորտֆելներ վերցնեք: ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունն ինչպե՞ս կգնահատեք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դրանք պրիմիտիվ բաներ են: Մեզանից հետո էլ ՀՀԿ-ի հետ նիստ արեցին մյուսները, համաձայնության եկան, ուրեմն ՀՀԿ-ն փչացրեց նաեւ մյուսներին: Բայց դա այդպես չի, չէ՞: Իսկ սոցցանցերում ով ինչ ուզում՝ գրում է: Դա իմ համար էական չի: Ինչի՞ փչացրեցին մեզ:

Այսինքն՝ եթե ես ընդունում եմ մի հայտարարություն, որը իմ ուզածն է, իրենք են միացել այդ հայտարարությանը, ուրեմն փչացա՞: Լեւոն Երանոսյանի հրաժարականի հետ կապված մենք չենք գրել, որովհետեւ այդ փուլն անցել էինք: Մեր խնդիրը ինչ-որ հայտարարության հասնելն էր, նորից նույնը պնդեինք՝ չէր ստացվելու: Մենք կարեւոր արդյունք ենք ունեցել՝ հայտարարություն անելով: Սա զսպելու է բոլորին, թույլ չի տալու մտածել, որ ինչ ուզենա՝ կարող է անել՝ անկախ նրանից, թե ում հովանավորյալն է: Եթե մենք փչացանք, բայց իրենց պաշտպանեցինք, ուրեմն թող փչանանք»:

Պարոն Ռուստամյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա հաստատ չեն կազմելու. «Եթե ինչ-որ մի հարցով մենք համագործակցում ենք, չի նշանակում, որ մնացած բոլոր հարցերն արդեն հարթվել են: Մենք մեր տարաձայնություններն ունենք գլխավոր հարցերի հետ կապված, դրա համար մնում ենք ընդդիմադիր դաշտում: Սուտ են բոլոր հայտարարությունները՝ կոալիցիա կազմելու, պորտֆելներ վերցնելու: Հենց ՀՅԴ-ն ինչ-որ մի հարց բարձրացնում է, ասում են՝ հա, սրանք ուզում են կոալիցիա մտնեն: Բարձրացված հարցերը թող լուծեն, ՀՅԴ-ին, ոչինչ, թող քարկոծեն: Եթե այս աստիճանի անօգտակար էր այս ամեն ինչը, ինչո՞ւ բոյկոտը դադարեցրին:

Եթե բոյկոտը դադարեցրին, նշանակում է՝ ինչ-որ բանով բավարարվեցին, չէ՞: Սա էլ է անհասկանալի դարձնում իրենց կեցվածքը: Դեմ եք, դժգոհում եք, թե ՀՅԴ-ն փչացավ եւ այլն, բայց ՀՅԴ-ն վերադարձրեց ձեզ ԱԺ նիստերի դահլիճ: Բա դա ինչի՞ չեք գնահատում: Չգայիք: Ասեիք՝ ոչ մի բան էլ տեղի չունեցավ, ընդհակառակը, ավելի վատ՝ իմիտացիա է: Ո՞նց կարող են ամեն ինչը շուռ տալ գլխիվայր: Սա լավ փորձառություն էր, որ քաղաքական ուժերն անցնեն եւ այդպես չկոմպլեքսավորվեն, դուրս գան այդ կոմպլեքսներից, որ ինչ է՝ ընդդիմություն ենք, ուրեմն ամեն ինչ պետք է մերժենք, բարեւ էլ չտանք իրար, հա՞»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031