Հայաստանը, ըստ «The Guardiens» պարբերականի, համարվում է վայրի կենդանիների առեւտրով զբաղվող 5 երկրներից մեկը: Սեւ շուկայում վաճառվում են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, որոնց վաճառքն ընդհանրապես արգելված է, քանի որ այդ կենդանիները անհետացման եզրին են եւ գրանցված են Կարմիր գրքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանը համարվում է այդ կենդանիների առ ու վաճառքի համար տարանցիկ երկիր:
Անդամակցելով «Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիային», որտեղ կենդանիների նկատմամբ կա նոր մոտեցում, կենդանիները արժեք չունեն, եւ լինի փիղ կամ մուկ` իրենց բալանսում հաշվվում է որպես մեկ միավոր, եւ դա արվում է նրա համար, որ կենդանիների առք ու վաճառքը չխրախուսվի եւ չդառնա բիզնես: Բայց դրա կողքին կա սեւ շուկա, որ մարդիկ բուծում են, վաճառում եւ վերածում բիզնեսի:
Հայաստանում նույնիսկ անտեսվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիան` ՍԻԹԵՍ-ը, որին Հայաստանը անդամակցել է 2009 թվականից: ՍԻԹԵՍ-ը կարգավորում է վտանգված կենդանիների առեւտուրը, ներկրումն ու արտահանումը: Հայաստան ընդհուպ մինչեւ Բոնոբո կապիկի տեսակ է գալիս: Այս կենդանին վտանգված կենդանիների շարքում է, եւ աշխարհում միայն մի քանի երկրների կենդանաբանական այգիները ունեն Բոնոբո, որի արժեքը սեւ շուկայում բավական բարձր Է:
Լինում է այնպես, որ եթե գումար ունես, ապա կարող ես ամեն կենդանի ձեռք բերել, եւ կան անհատներ, որ իսկապես կարողանում են բերել Կարմիր գրքում գրանցված թութակ, օձ, կապիկ կամ վագր: Սակայն այսօր մեր հոդվածի նպատակը կոնվենցիայի խախտումների մասին խոսելը չէ. վտանգ կա, որ ապօրինի ներկրվող կենդանիների հետ կարող է Հայաստան ներթափանցել Էբոլա վիրուսը, որը աշխարհում արդեն հազարավոր կյանքեր է խլել: Արգելված կենդանիների որոշ տեսակներ դուրս են գալիս աֆրիկյան երկրներից:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դեռեւս օգոստոս ամսից առողջապահության նախարարությունը դիմել էր գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի կենդանիների ներկրումը, հատկապես պրիմատների ներկրումը Հայաստանի Հանրապետություն, այդ թվում նաեւ տարանցիկ պետությունից, արգելվի: «Աֆրիկյան երկրներում որսը, շատ կենդանիների մսեղիկը արգելված է, պետք է զգույշ լինել եւ ոչ միայն կենդանիների ներկրման ժամանակ: Մարդիկ, որոնք ուզում են ամանորյա տոները անցկացնել աֆրիկյան երկրներում, չգնան՝ դրանով նվազեցնելով այն ռիսկը, որով կարող է վիրուսը թափանցել Հայաստան»,- ասաց Լիանա Թորոսյանը:
«Առավոտը» ներկրման չափանիշների մասին խոսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, որը պարզաբանեց, թե ինչպես է կատարվում վայրի կենդանիների ներկրման կարգը:
«Տնտեսվարողը կամ անհատ ձեռներեցը սննդամթերքի պետական ծառայությունում հայտ է ներկայացնում, որտեղ հստակ գրված է, թե որ երկրից ինչ քանակի վայրի կենդանիներ է ներմուծելու եւ ինչ տեսակի: Մենք առաջին հերթին նայում ենք տվյալ երկրի անասնահամաճարակային իրավիճակը՝ արդյոք գրանցվա՞ծ է համաճարակային իրավիճակ, թե՞ ոչ, եւ այդ երկիրը մեզ համար բա՞ց է, թե՞ ոչ, եւ եթե մեր պահանջների բոլոր դրույթները իրենց կողմից կատարված են, նոր տալիս ենք թույլտվություն»,- ասաց պարոն Մկրտչյանը:
Ըստ նրա՝ Էբոլա վիրուսի վտանգից ելնելով՝ աֆրիկյան 4 երկրներից` Գվինեա, Սիերա Լիոնե, Կոնգո, Լիբիա, չի թույլատրվում վայրի կենդանիներ բերել:
Սահմանային հսկիչ կետում, ըստ Հովհաննես Մկրտչյանի, կենդանիները կլինիկապես կզննվեն անասնաբույժ-տեսուչների կողմից, եթե որեւէ կասկած լինի վարակիչ, կարանտին հիվանդությունների վերաբերյալ, ապա կենդանիները հենց Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում կկարանտինացվեն եւ կիրականացվեն անասնաբուժասանիտարական միջոցառումներ` նմուշառում, զննում, ջերմաչափում, որպեսզի հասկանանք՝ հիվանդություն կա՞, թե՞ ոչ, եւ դրանից հետո միայն կենդանուն կթույլատրվի մտնել ՀՀ տարածք: «Եթե նման բան էլ չլինի սահմանային հսկիչ կետում, կենդանիները տնտեսվարողի տարածքում 30 օր գտնվում են ծառայության մասնագետների հսկողության ներքո»,- նշեց պարոն Մկրտչյանը:
Թե Հայաստանի կենդանաբանական այգու կենդանիները ո՞ր երկրներից են ներկրվում, եւ արդյոք աֆրիկյան երկրներից ունե՞նք բերվող կենդանիներ, «Առավոտը» փորձեց պարզել կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից:
Այս տարի Երեւանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով` 5 հատ Lամուր եւ մեկ փիղ, որոնք ըստ պարոն Խաչատրյանի՝ ներկրված են Իսրայելից եւ Վրաստանից: Այգու տնօրենը հավաստիացնում է, որ կենդանիների՝ բերում են Եվրոպայի կենդանաբանական այգիներից, որտեղ կենդանիները վարակիչ հիվանդություններով, այդ թվում եւ Էբոլայով վարակված լինելու ռիսկը ցածր է: «Պետք է կենդանու ծագման աղբյուրը պարզ լինի՝ որտեղ է պահվել, մեծացվել, եւ պետք է կենդանին առողջության վկայական ունենա»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ամեն երկիր իր երկրի ապահովության համար պետք է կարանտինի համար նախատեսված տեղ ունենա, որը բժիշկներով, լաբորատոր եւ այլ պայմաններով հագեցած կլինի: «Թանկ հաճույք է, բայց եթե թույլ ես տալիս, որ կենդանի բերես, ապա պետք է ուշադիր լինել՝ լավ գիտակցելով, որ եթե դա Աֆրիկա է, ապա ամեն ինչ կարող է լինել»,- նշեց պարոն Խաչատրյանը: Ըստ նրա` Կենդանաբանական այգիների Եվրոպական ասոցիացիայի կանոնակարգը նախատեսում է բժիշկներով, լաբորատոր եւ այլ պայմաններով հագեցած կարանտինի կենտրոն, որտեղ նոր բերված կենդանին անցնում է ստուգում: Նրա ներկայացմամբ՝ բոլոր այն երկրներոմ, որտեղ համարժեք կառույց չկա, կենդանիների միջոցով ցանկացած վարակ կարող է փոխանցվել:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2014