Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրագիր իմ եւ բոլորի համար». Վայ գա հացը ուրացողին

Դեկտեմբեր 19,2014 15:30

Տարիներ առաջ էր, Մյունխենում էինք ապրում։ Հայ փախստականներից մեկը դատի ժամանակ ասել էր, թե փախել է Հայաստանից, քանի որ իրեն քաղաքական հայացքների համար բանտ են նետել ու սաստիկ ծեծել, խոշտանգել են։ Ի հավաստումն իր խոսքի, դատարանին էր ներկայացրել ոչ ավել, ոչ պակաս…փաստաթուղթ՝ ծեծողի կողմից։ «Ես՝ Ծերուն Գրիգորյանս, ծեծել, խոշտանգել եմ Բագրատ Նորիկյանին՝ իր քաղաքական հայացքների համար, որի համար ստորագրում եմ»։

Զավեշտ էր, ու մենք լիաթոք քրքջում էինք, երբ մեր ընկեր թարգմանիչ Հակոբ Հակոբյանը դատից վերադարձել ու ծիծաղից խեղդվելով նկարագրում էր գերմանացիների ապշանքից լայն բացած աչքերն ու հիմար վիճակի մեջ հայտնված նրանց անհեթեթ արձագանքը։ Ո՞ր մի լուրջ ծեծողը թուղթ կտա, թե ծեծել է մեկին…

Գերմանացիք՝ հասկանալի է, պիտի որ ապշեին, նրանց մշակույթի մեջ սուտն ու ծեծը քաղաքական կատեգորիա չէ, ֆաշիզմն անցյալում է։ Մե՞նք ինչու էինք զարմացել։ Առաջին անգա՞մ էինք լսում։

Մոռացա՞նք, որ օրը ցերեկով, Ամիրյան փողոցն անցնելիս, գեներալ Մանվելի մեքենայի դեմը կտրելու համար, նրա մանկլավիկները կնոջ ներկայությամբ գազանաբար ծեծել էին հայ պատմագրությանը բազում ծառայություններ մատուցած, դիվանագետ Ջոն Կիրակոսյանի որդուն, նույնպես դիվանագետ Արման Կիրակոսյանին։ Ու բազում լեզուներ իմացող, մեր մտավորական նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդամենը…քնքշորեն նախատել էր գեներալին՝ չարաճճի վարքի համար, Վազգեն Սարգսյանի սանիկն էր, նրա դեմ խաղ չկար։ Ինչ խորհրդարան, ինչ աղմուկ…լրագրողներն էլ լռեցին, թեման տաբու էր։ Բայց տաբու չէր կաշառքների ու նվիրատվության չափը, որ ուղարկվում էր Հորադիզ, ուր գեներալը զորամաս էր ղեկավարում…Շենքով քանի անգամ ենք փող հավաքել, որ ուղարկենք՝ մեր հարեւան Գայանի տղային պատժից ազատելու համար։ «Էդ գազաններն էնքան կծեծեն, երեխուս կսպանեն՝ փողը չհասցնեմ»,- ամեն անգամ գնալուց առաջ խեղճանում էր մայրը։

Ամեն ինչ մեր աչքի առաջ էր, մենք էլ, ցավոք, հիշողության կորստով չէինք տառապում։ Կապկանման, գազանատիպ հայացքով գեներալների դասը ստեղծվել է դեռ պատերազմի ժամանակ՝ ալան-թալանը կարգավորելու, կենտրոնացնելու անհագ, անկշտում մղումով։ Այն ժամանակ ամեն բան թիկունքից ավելի հեշտ էր։ Ծեծով խրատելու ժամանակ չկար։
Դարանակալ գնդակը չէր վրիպում։ Հայ վարձկանը մահվան սերմեր էր ցանում ամենուր։ Մեր խրոխտ ու ազնվական հրամանատարներին… թիկունքից, ծոծրակից, կռնակից… հաշվողն ով էր, մինչեւ հիմա էլ հաշվող չկա։ Անգրագետ, անկիրթ «գեներալները» նեխած, ցեխոտ, գարշահոտ մի շապիկով գնացին կռիվ, վերադարձան միլիոններ դիզած։ Բա հո Կոմանդոսը չէր հարստանա, նա ճակատում էր, տունը կարիքի մեջ, կինը Լեհաստանում առեւտուր էր անում, որ հաց առնի, ընտանիքը սոված չմնա…«Կռվից եկա տուն, մի գդալ շաքար չկար տանը, որ գոնե տաք չայ խմեի»,- մի անգամ դառնացած ասաց Լեւոն Խեչոյանը։ Ու կարիքի մեջ էլ գնաց այս աշխարհից… «Գեներալների» տներն ու ապրուստը Արցախում ու Հայաստանում, թուք ու նախատինք է մեր երկրի, զոհվածների ու կարիքի մեջ տառապող նրանց զինվորների երեսին։ Տպավորություն ունեմ, թե այդ «գեներալները» Սասունցի Դավթի նման միայնակ են թշնամու դեմ հայտնվել ու հաղթել, առանց զինվորների… Զինվորն ինչ՝ անփող քոծեր, թնդանոթի միս…նրանք չեն էլ եղել, եթե կան, բա ուր են, ձեն չեն հանում…

«Մի քանի տարի առաջ էր, Վազգեն Սարգսյանը կենդանի էր, ես ինքնաթիռով վերադառնում էի Հայաստան, նստած էի բիզնես կլասում, այնտեղ էր նաեւ Վազգենի եղբայր Արմենը։ Խմբով էին։ Խոսակցությունը մեկն էր՝ արա, փողը վերցրի՞ր, դրան մի լավ դաս տվեցի՞ր։ Ամբողջ ճանապարհին նրանց հատուկ ուտելիքներ ու խմիչք էին բերում։ Վայրէջքից տասը րոպե առաջ բջջայինով կապվեցին՝ կրակը վառեք, միսը դրեք։ Երբ ինքնաթիռը կանգնեց, մեզնից առաջ նրանց թողեցին ու անմիջապես սանդղահարթակը բերեցին։ Ես ընկել էի ու կողս կոտրել, հենակներով էի։ Ինձ էլ հրմշտեցին, առաջ անցան։ Հենց նրանք անցան, սանդուղքը ետ քաշեցին։ Այսինքն՝ նրանց առաջից ու թիկունքից ոչ ոք իրավունք չուներ իջնելու։ Մնացած ազգը իջավ վերջին դռնից»: (Լ. Հարությունյանի պատմածից, 2001թ., Պրահա):

Գերմանիա ծեծողի թուղթ բերողի դեպքից մոտ քսան տարի է անցել, բայց Հայաստանում նույն խալիֆայական կարգերն են: Ծեծել, նվաստացնել նախկին հրամանատարին, սահմանում «ինքնասպանության» հասցնել անպաշտպան, անտեր զինվորին։ Գեներալը չէ, էլի թիկնազորն է ծեծում, արդեն ոչ թե դիվանագետին, այլ Հայրենիքի ազատությանը նվիրված հրամանատարներին, ստորացնելով ազգի հպարտությունը, նսեմացնելով հույսը, թե մենք սրբություններ ունենք այլեւս։ Ու ծեծողի թուղթ տվողի նման, ստորագրում է հանցագործության տակ: Այո, արել է ու չի փոշմանել, էլի կանի, եթե պետք է։ Ասում ու կրկնում, պնդում է ասածը։

Դուք ուշադիր նայեք այդ գեներալ կոչված հաճկատարի դեմքին։ Բիրտ ու շատակեր, տռզած դեմքով ու կշտությունից բխկացող փորով մի գազան։ Դրան որ հրամայեն, նախագահ էլ կծեծի, ոնց որ ժամանակին ՀՀՇ-ն ծեծեց ՀԽՍՀ ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանին։ Սրանք էլ թալան թմբիրի մեջ հոտել, ճահճացել են ու երեւի մոռացել են, որ բոլորին կոխ տալով, վրաներով չեն կարող անցնել, պատմությունը միշտ գտնում է ամենադաժան ելքը՝ անդառնալի ու կործանարար՝ թե երկրի ու թե իրենց համար։ Չի հարցնելու ոչ մեկիս, ոնց որ տարիներ առաջ փուլ եկավ մեր գլխին։ «Խորհրդարանի գնդակահարությունը օդում պտտվող, օդում հյուսվող հասարակական ատելության ցանկության իրագործումն էր, որ ժամանակը վստահեց Նաիրի Հունանյանի ձեռքին»: (Լ. Հարությունյանի պատմածից, 2001թ., Պրահա):

Գազանային ոհմակն այս, որն իր սանձարձակ ոգեւորության մեջ կորցրել է չափի ճանաչողությունը ու փորձում է իր նախորդների «մեր դեմ խաղ չկա» գողական օրենքով կրկին վերարտադրվել։

Որը քանդեց սյուները մեր տան։ Ու սպառնում է երկրի հիմերը ավերել:
Հատուցումը չի ուշանա՝ անկախ մեր կամքից ու խղճից;

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031