Ասում է Վլադիմիր Ենգիբարյանի կինը՝ Քնարիկ Ենգիբարյանը
Երեկ Երեւանի քաղաքային պանթեոնում անակնկալ հանդիպեցի մեր անվանի բռնցքամարտիկ, ՍՍՀՄ եւ ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի դատավոր Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանի այրուն՝ բժիշկ-սրտաբան Քնարիկ Ենգիբարյանին եւ դստերը՝ Լուսինե Ենգիբարյանին: Նրանք ծաղիկներ դրեցին անվանի մարզիկի շիրմաքարին: Ես համարձակվեցի խաթարել նրանց անդորրը, եւ տիկին Քնարիկը, չնայած տխրությանը, չզլացավ զրուցել «Առավոտի» հետ:
-Շուտով կլրանա 2 տարին, որ Ձեր կողքին բացակայում է մեծ մարզիկը, ի՞նչ եք ապրում այս պահին:
-Խորը ցավ, կսկիծ, հիշողություններ: Չէ, նա բացակա չէ: Նա միշտ ինձ հետ է: Ունեցել ենք բազում եւ ուրախ, եւ տխուր պահեր, որ միասին ենք հաղթահարել: Ճանապարհին էլ եղբորս էի պատմում, թե ինչպես մի անգամ 27-օրյա նավարկության ժամանակ (շրջագայությունն ընդգրկում էր Եվրոպայի մի շարք երկրներ՝ Սկանդինավյան երկրներ, Բելգիայի թագավորություն, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա եւ այլն), երբ հնարավորություն էին ընձեռել յուրաքանչյուրին նավի վրա հետները վերցնել սահմանափակ թվով օղի, կոնյակ եւ հուշանվերներ, ամեն երեկո գալիս էին տղաները եւ խմիչք վերցնում մեզանից: Մի օր ճանապարհորդներից մեկը նկատեց՝ «էս նավի վրայի ժողովուրդը միայն քո հաշին է խմում»: Ի՞նչ եմ ուզում ասել: Վլադիմիրն այնքան մաքուր մարդ էր, որ անհաղորդ մնաց նյութականին, նա երբեք չունեցավ հաշվենկատություն: Նրան խորթ էին մեծամտությունն ու նախանձը:
– Երկար ժամանակո՞վ եք Երեւանում, հաճա՞խ եք «հյուր» գալիս:
– Ոչ, դեկտեմբերի 21-ին մեկնում եմ, երեւանյան տանը հաճախ եմ լինում, տարվա մեջ առնվազն 1 կամ 2 անգամ:
– Ի՞նչն է Ձեզ բերում հայրենիք՝ գործե՞րը, թե՞ կարոտախտը:
– Երկուսն էլ:
-Ճի՞շտ է, որ Հայաստան գալով նոր լիցք են ստանում, ամրանում:
-Անշուշտ, մեր երկիրն, ասես, անմեկնելի «կենսական» էներգիայով օժտված լինի, եկողներս գնում ենք նոր ուժ ստացած:
– Ձեր կյանքի մեծ մասն ապրել եք Հայաստանում, դժվար չէ՞ր նոր միջավայրին հարմարվելը:
– Իհարկե, դժվար էր, շատ դժվար: Մենք բազում փորձությունների միջով ենք անցել, որ չեմ ցանկանում անգամ հիշատակել:
– Լոս Անջելեսո՞ւմ եք ապրում, աշխատո՞ւմ եք:
– Այո, Լոս Անջելեսում ենք, միշտ աշխատել եմ, հիմա էլ եմ աշխատում:
– Նոր ժամանակներում ինչպիսի՞ դրական ու բացասական փոփոխություններ եք նկատում Երեւանում:
– Բազմաթիվ նոր ու գեղեցիկ շենքեր են բարձրացել, անգամ խանութները ոչնչով չեն զիջում ամերիկյանին, սակայն սպասարկման որակը, բառեր չեմ գտնում բնութագրելու… պարզապես սարսափելի է: Այսօր առավոտյան խանութից միս էի գնում, կարծես հոտած լիներ, ահավոր բուրում էր… հետ տվեցի ու հարցրի երիտասարդ մսավաճառին, թե ինքն այդ միսը տուն կտանե՞ր, ոչինչ չասաց… Ինձ ահավոր ցավ է պատճառում նաեւ այն, որ այստեղ հասարակ ժողովրդի համար ապրելու նվազագույն պայմաններ չկան:
-Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որ չհարցրի:
-Երախտագիտությունս եմ ցանկանում հայտնել բոլոր այն պաշտոնյաներին ու բարերարներին, ում շնորհիվ Վլադիմիր Ենգիբարյանը կենդանության օրոք տեսավ 1959 թվականին իր հիմնադրած Երեւանի պատանի բռնցքամարտի դպրոցն իր անունով անվանակոչելը: Այսօր էլ երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր հարգելով ամուսնուս, իմ գործնական հանդիպումներում ջանք ու եռանդ չեն խնայում ինձ աջակցելու գործում: Նույնիսկ երիտասարդ պաշտոնյաները, չնայած Վլադիմիրի հետ ունեցած տարիքային տարբերությանը, նրան լավ հիշում էին, անգամ իրենց ընկերը համարում: Հասկացա, որ Հայաստանում բարի հիշատակը երբեք չի մոռացվում:
Զրուցեց
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2014