Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական հավակնությունները՝ գրքում

Դեկտեմբեր 19,2014 13:30

Լույս է տեսել Համլետ Դավթյանի «Նո՞ւյնն են արդյոք իբերները, քարթվելները եւ վրացիները. զուտ վրացական հավակնություններ» գիրքը:

Ովքե՞ր են վրացիները, կա՞, արդյոք, վրացի ազգ, ի՞նչ անուն են կրել նրանք նախկինում, որտե՞ղ են ապրել եւ ինչպե՞ս կազմավորվել:

Այս եւ նման այլ հարցերին, ըստ հեղինակի, պատմությունն ու վրացիները միանգամայն տարբեր պատասխաններ են տալիս: Ճշմարտությունը, սակայն, հիմնվում է անկախ փաստերի եւ դրանց անկողմնակալ մեկնաբանության վրա:

Համլետ Դավթյանը հարուստ փաստագրական նյութն օգտագործելով, հայ, վրացի, այլազգի գիտնականների եւ պատմագիրների վկայությունները բերելով՝ ոչ միայն ներկայացնում է վրացիների ծագման վաղ շրջանը, բացահայտում վրացի հեղինակների կողմնակալ մոտեցումներն ու ոչ գիտական հնարանքները, այլեւ ցույց է տալիս, թե ինչու է այդպես վարվում, ի՞նչ հեռահար նպատակներ են իրագործում վրացիները նման մոտեցումներով:
«Այսօր եկեղեցի գրավել, նշանակում է վաղը տարածքի օրինական պահանջատեր ներկայանալ:

Վրացական պահանջատիրությունն այս ճանապարհն է բռնել, իսկ դրա առաջն առնողը, ինչպես տեսնում ենք, ո՛չ Հայոց պետությունն է, ո՛չ էլ Հայ առաքելական եկեղեցին (դա չի կարող անել նաեւ որեւէ հասարակական կազմակերպություն): Այդ դերակատարությունը կարող է կատարել լոկ Հայոց քաղկեդոնական եկեղեցին: Նա պիտի իր ձայնը բարձրացնի ոչ միայն ի պաշտպանություն Լոռու եւ Տավուշի մարզերում գտնվող հայ-քաղկեդոնական եկեղեցիների, այլեւ ինքը պահանջատեր դառնա Վրաստանի կազմում գտնվող Հյուսիսային Լոռու եւ Ջավախքի եկեղեցիների համար, եւ վերջապես, ճշգրտի Թուրքիայի տարածքում գտնվող Անիի, Բարձր Հայքի եւ Տայքի քաղկեդոնական եկեղեցիների պատկանելության հարցը… Այսպիսով, Հայաստանյայց քաղկեդոնական (ուղղափառ) եկեղեցու վերականգնումն առաջին հերթին կնշանակի ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը, տեղափոխել հայ-վրացական հարաբերությունները նոր հարթություն, ինքներս մեզ վերադարձնել ազգային մշակութային ժառանգության զգալի մի հատված եւ հարակից այլ հարցերի լուծումներ նախապատրաստել»,- գրել է հեղինակը:

Հավելենք, որ գրքի տպագրությունը հովանավորել է Արմեն Դավթյանը, գրքի լուսանկարիչն է Հովիկ Դավթյանը, ձեւավորողը՝ Աշոտ Դալլաքյանը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031