Լրահոս
Օրվա լրահոսը

Дед Мороз-ի այց մի ակնկալեք, զարգացումները վատ են

Դեկտեմբեր 19,2014 13:00

Չարդարացված 48 մլն դրամ՝  Ամանորի համար

Օրերս հայտարարվեց, որ Երեւանի համայնքային բյուջեից շուրջ 48 մլն դրամ հատկացվել է Երեւանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար: Նշվեց նաեւ, որ Ամանորին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով, իսկ դեկտեմբերի 22-ին կմեկնարկի Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը, որին կմասնակցի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով էլ խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի եւ ամբողջ Երեւանի տոնական լուսավորությունը։

Արդյոք արդարացվա՞ծ են այս ծախսերը, չափից շատ շռայլ չէ՞ այն մեզ համար, կամ` մարդկանց մոտ տիրող շոկային վիճակի, թանկացումների եւ աղքատության ֆոնի վրա ո՞ւմ է հետաքրքիր քաղաքապետի 48 մլն դրամանոց տրամադրությունը: «Առավոտի» դիտարկումներին անդրադառնալով՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Այս տարվա բյուջեն քննարկելու ժամանակ ես մի նախադասություն գրեցի. վատագույն ավանդույթները շարունակվում են: Այսպիսի ձեւակերպում տվեցի, որովհետեւ տարին տարվա վրա բյուջեում ծախսերը նույն ձեւով արտացոլվում են, ինչպես նախորդ տարիներին էր, այն դեպքում, երբ որոշ ծախսեր առանց խորն ուսումնասիրության էլ պարզ է, որ բացահայտ միջոցների մսխում է ու թերեւս հենց դրանց շարքից են նաեւ ամանորյա տոնակատարությունները, որովհետեւ երկիրը` իշխանությունը բացարձակապես հաշիվ չի տալիս, որ հասարակության կեսն աղքատության մեջ է ապրում, եւ այդպիսի ճոխություններ թույլ տալ չի կարելի, դրա փոխարեն կարելի է այլ հարցեր լուծել, հետեւաբար զարմանալ պետք չէ, որովհետեւ արդեն բյուջեն հատկացված է, այդքան գրված է, եւ հետեւաբար քաղաքային իշխանությունը այդքանն էլ ծախսելու է»:

Հարցին` արդյոք հենց այդքա՞ն գումար է ծախսվելու, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Աուդիտի խնդիրը շատ բարդ է, ճիշտ է, մենք ընդունում ենք որոշում, օրենքով սահմանված կարգով աուդիտոր ընտրելու եւ բյուջեի աուդիտ իրականացնելու առումով, բայց այդ աուդիտ անողն էլ է իշխանության վերահսկողության ներքո, աուդիտոր կազմակերպության ընտրողն էլ է իշխանությունը, այնպես որ, արտաքին վերահսկողություն պրոցեսի նկատմամբ հնարավոր չէ ունենալ: Մենք չենք կարող պարզել, թե, օրինակ, քանի լամպ են փոխել: Նման բանի համար մենք պետք է մի հսկայական կազմակերպություն ունենանք, որպես ընդդիմություն, որը դա կանի, բայց, ցավոք, այդպիսի հնարավորություն չունենք»:

Մյուս հարցին էլ` արդյոք Տարոն Մարգարյանն այնքա՞ն սիրված քաղաքապետ է, որ հենց նա պետք է վառի տոնածառի լույսերը, Ստյոպա Սաֆարյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Տարբեր երկրներ տարբեր ավանդույթներ ունեն: Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տոնածառի լույսերը միացնում է Բարաք Օբաման, բայց հաստատ ինձ համար ծիծաղելի կլիներ, եթե Հայաստանի նախագահը տոնածառի լույսերը վառեր: Ամերիկայի նախագահն իր երկրում այնքան շատ խնդիր է լուծել, որ դա իրեն թույլ է տալիս տոնածառի լույսերը միացնել, բայց մեր երկրում, քանի որ նախագահներն ավելի շատ փոքրիկ օբյեկտների բանտիկներ են կտրում եւ հիմնականում ազգային միջոցներով սարքված, դրա համար էլ ծիծաղելի կլիներ եւ քննադատելի, որ նա իր գործը թողած՝ դա է անում»:

Վերջին հարցին էլ` այս տարի Ձմեռ պապի՞ն սպասենք, թե՞ Дед Мороз-ին` Ստյոպա Սաֆարյանը ծիծաղով պատասխանեց. «Այս տարի, ինձ թվում է, Дед Мороз-ին չենք կարող սպասել, որովհետեւ ակնհայտորեն զարգացումները շատ վատ են գնում եւ թող մարդկանց բարի ցանկությունները կատարվեն: Չնայած տարին խոստանում է շատ դժվար լինել, բայց ես շատ կուզենամ, որ մեր երկիր գար Կաղանդ պապը»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031