Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված լավագույն քայլն աշխարհի առաջատար 10 երկրներում Հայոց ցեղասպանության թանգարաններ բացելն է. «Կարելի է թանգարան բացել գոնե այն երկրներում, որոնք պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը: Աշխարհում Հայոց ցեղասպանության ընդամենը մեկ թանգարան կա: Մենք պետք է հրեաներից շատ բան սովորենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:
Նա ցավով է ընդունում, որ Հայոց ցեղասպանության մասին միայն ապրիլի 22-26-ն ընկած ժամանակահատվածում ենք հիշում. «Կարծում եմ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ էլ 2015-ին ամեն օր կխոսենք այդ մասին, իսկ դրանից հետո թափը կպակասի: Հարցը նույն բանից անընդհատ խոսելը չէ. դա որևէ էական փոփոխություն չի բերի: Բայց ես հուսով եմ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կլինի ճանաչումից հատուցման պահանջի անցնելու հոգեբանական շեմ, և թուրքերը կհասկանան, որ Էրդողանի ծնկաչոք ներողությունն էլ մեզ չի բավարարելու: Մեզ ոչ թե բարոյական, այլ կոնկրետ հաղթանակ է պետք»,- ասում է Ա. Շաքարյանը:
Նա անդրադարձավ նաև Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի՝ վերջերս Հայաստան կատարած այցին. «Ընդհանրապես Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականները, գիտնականները հիմնականում մարգինալ են և հասարակության վրա մեծ ազդեցություն չունեն: Այնպես որ, պետք չէ դրանից ոգևորվել, քանի որ, եթե անգամ նրանք ճանաչում են Ցեղասպանությունը, ապա դա անում են զուտ ճանաչելու, ոչ թե հատուցման համար: Նրանք հայրենասեր մարդիկ են և դա անում են, որովհետև ուզում են, որ իրենց ազգն ազատվի այդ պիղծ բծից ու ավելի լավ զարգանա, բայց նրանք դավաճաններ չեն, որ ուզենան՝ իրենց երկրի մի մասը տրվի հայերին, մյուս մասը՝ քրդերին: Այդ մարդիկ սևից դարձել են մի քիչ մոխրագույն, բայց ոչ սպիտակ: Մինչև հատուցման պահանջ բարձրացնելը, այդ մտավորականների և մեր ճանապարհները զուգահեռ էին գնում, բայց հիմա, երբ մենք հատուցումից ենք խոսում, նրանք այլևս մեզ հետ զուգահեռ չեն քայլում»,- ասում է թուրքագետը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չէ, երկրորդ եղեռն չի եղել, ինչ իմաստ կա մեկից ավել թանգարան ունենալ: