Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչները հայտարարություն են տարածել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման կապակցությամբ: Հայտարարությունն ուղղված է Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալության (EKF) տնօրենին, Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալության (EKF) հաղորդակցության ղեկավարին, «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների հարցով տնօրենին: Բնակիչները պահանջում են չեղարկել ՎՏԲ բանկի հետ կնքած պայմանագիրը եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կնքած համաձայնագրերը: Համայնքների բնակիչները նաեւ ստորագրահավաք են անցկացրել:
Ըստ այդ հայտարարության՝ որակումները, թե հանքավայրը շահագործող ընկերության գործունեությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, եւ որ հանքավայրի շահագործմամբ որեւէ օրենսդրություն չի խախտվում, իրականությանը չեն համապատասխանում:
Նրանք նշել են, որ հանքավայրի թույլտվությունները տրվել են Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտումներով, հետեւաբար՝ անօրինական են: Նաեւ համայնքների բնակիչները լիարժեք տեղեկացված չեն եղել հանքի շահագործման ծրագրի մանրամասներից եւ ազդեցությունից: Համայնքները կրել են գույքային վնասներ, նաեւ մասնավոր եւ համայնքային հողերի կորուստ, սակայն փոխհատուցում չեն ստացել. «Մեր բողոքները հայաստանյան դատական ատյանները պատշաճ կերպով չեն քննել, ընդհանուր լսվել է 109 ընտանիքի գործ, դրանից շատերը բողոքարկվել են, 9 գործ այժմ քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից»:
Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դատական մատչելիությունը, որպեսզի հասարակական կազմակերպությունները դատական կարգով ապացուցեն շահագործման թույլտվություններում տեղ գտած խախտումները եւ կեղծիքները, որը միջազգային իրավունքի խախտում է: Բնակիչներին անհանգստացնում է այն փաստը, որ մինչեւ օրս համայնքներում չի անցկացվել բնակչության ընդհանուր առողջական վիճակի գնահատական եւ նաեւ այն, որ Թեղուտ համայնքում խմելու ջրի պակաս կա. «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ջրագծերի վնասման հետեւանքով Թեղուտ համայնքը երկար ժամանակ զրկվել էր խմելու ջրից, նույնիսկ նորոգելուց հետո համայնքում խմելու ջրի լուրջ խնդիր կա, աղբյուրները ցամաքել են: Շնող գետի պետական մոնիտորինգի վերջին տվյալների համաձայն՝ գետում ծանր մետաղների, մասնավորապես՝ մոլիբդենի քանակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը: Թեղուտ համայնքն, ընդհանուր առմամբ զրկվել է գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
«Պահանջում են, ՈՐ,,,,,,»
ՈՐՊԷՍԶԻ-ն նպատակ է ցոյց տալիս, իսկ վերնագրում նպատակ չկայ (հարց՝ ի՞նչ են պահանջում):
Սա արդի հայերէնի ամենատարածուած սխալներից մէկն է:
Եթէ վստահ չէք՝ գրէք ՈՐ:
ՈՐՊԷՍԶԻ-ն կարելի է փոխարինել ՈՐ-ով, բայց ոչ հակառակը:
ՈՐՊԷՍԶԻ-ն «ստուգելու» համար կարելի է նախադասութիւնը դարձնել պարզ ու աւելացնել ՆՊԱՏԱԿ բառը: Եթէ իմաստը պահպանուեց, ուրեմն ՈՐՊԷՍԶԻ-ն ճիշտ էր: