Կապանի խանութներն ու առեւտրի կենտրոնները եւս անմասն չմնացին առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումներից: Կապանում բնակիչներն ամենուր խոսում են աննախադեպ գնաճի եւ Նոր տարին հասարակ սեղանի շուրջ նշելու մասին: Այսօր շրջեցինք մարզկենտրոնի 15-ից ավելի խանութներում եւ առեւտրի կենտրոններում, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ արձանագրեցինք մեր այցելած բոլոր խանութներում: Բրնձի, շաքարավազի, հնդկաձավարի, ալյուրի եւ մի շարք այլ ապրանքներ թանկացել էին 100-200 դրամով: Մի շարք խանութներում ընդհանրապես վաճառքի շաքարավազ չգտանք, իսկ երկու սուպերմարկետում եւ մեկ խանութում 1 կգ շաքարավազը վաճառվում էր 520, 550 եւ 600 դրամով` նախկին 400-420 դրամի փոխարեն: Առեւտրի կետերի աշխատակիցներն ու տերերը նշում են, որ իրենց մոտ թանկացել են միայն ներմուծվող ապրանքները, որոնք դոլարով են ձեռքբերում: «Ալյուր ու պեսոկ ընդհանրապես չունենք: Երեւան գնացել ենք, որ բերենք պահեստից, պահեստը փակ էր, մեզ ապրանք չվաճառեցին: Իսկ 850 դրամանոց ձեթը 950 դրամով ենք ծախում, 500 կամ 600 դրամ արժողությամբ գրեչկան 850 դրամով, ոսպը 650 դրամի փոխարեն` 850 դրամով: 240 դրամանոց հացը, որ 500 կամ 600 գրամ էր կշռում, էսօր կշռեցինք արդեն 400 գրամ էին դարձել: Ժամը 4-ին ամեն օր հաց էինք ստանում, բայց էսօր ժամը 1-ից հետո հաց չենք ստացել, փուռից ասեցին ալյուր չունենք, որ հաց թխենք», «Մոտ 3000 տեսակի ապրանք ենք վաճառում մեզ մոտ, որից միայն 40-50 տեսակի ապրանքի գներն ենք թանկացրել, դրանք էլ հիմնականում դոլարով ձեռքբերվող ապրանքներն են: Բուդը, շաքարավազը, կարագը, ալյուրը եւ այլ ապրանքների գներն են փոփոխվել միայն: 1 պարկ ալյուրն արժեր 13 հազար 500 դրամ, հիմա չեն վաճառում, ասում են, եթե դոլարով եք վճարելու` կվաճառենք, բայց դոլարով ձեռք չի տալիս` 16 հազար 200 դրամ պետք է վճարենք: Սենց որ տեսնում ենք, հացն էլ կթանկանա հավանաբար: Ինձ համար էլ է տհաճ այս իրավիճակը, ես այս ժողովրդի թշնամին չեմ, որ թանկացնեմ, իմ սրտով չի էս ամենը, ի վերջո էս մարդկանց շնորհիվ եմ ես իմ ընտանիքը պահում», – նշեցին մեզ հետ զրուցած մթերային խանութների տերերը: Մեր այցելած առեւտրի կենտրոնները հիմնականում դատարկ էին, առեւտուր անողներ գրեթե չկային: Առեւտրի կետերի պատասխանատուների խոսքով` նախորդ տարիների համեմատ, այս ժամանակահատվածում առեւտուր անողների թիվը նվազել է: Ակնկալում են, որ առեւտուրը Կապանում մի քիչ կաշխուժանա դեկտեմբերի 20-ից հետո, քանի որ Կապանում Ամանորին սկսում են նախապատրաստվել դեկտեմբերի 20-25-ից հետո:
«Առեւտուր չկա, ոչ էլ փող ունեմ, որ ապրանք առնեմ, եղած ապրանքն էլ պարտքով են առնում մարդիկ: Մի գրամ ոչ շաքար օնիմ, ոչ պեսոկ, չեն բերում խանութս, երեւի սպասում են գների կարգավորմանը: Կապանում մի քանի խանութ փակ ա արդեն, պետական ձուն 80 դրամ էին ծախում, հիմա 90-100 դրամ են դարձրել, պեսոկը տեղ կա ասում են 600-700 դրամ է, իսկական խայտառակություն ա…», – ասաց Կապանում մթերային փոքր խանութ ունեցող տիկին Էլենը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ