Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվում էր «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկանները ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի՝ Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:
Դատական նիստի ընթացքում կողմերը դիտեցին լրագրող Լիլիթ Թադեւոսյանի նկարահանած տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է ոստիկանության մեքենան շարժվում եւ ոստիկան Վահան Վրթանեսյանը ձեռքով շարժում անում:
Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ տուժող Վահան Վրթանեսյանը ակնհայտ սուտ ցուցմունք է տալիս. «Նախաքննության ընթացքում ի սկզբանե տուժողը սկսել էր ցուցմունք տալ այն մասին, որ ընդհանրապես ինքը շատ հավասարակշռված է եղել ամբողջ ժամանակահատվածում, երբ մենք առաջին տեսանյութը ներկայացրինք, որտեղ երեւում է, թե ինչպես է նա հայհոյում Արգիշտի Կիվիրյանին եւ մի կերպ են անջատում, որպեսզի չհարվածի նրան, ինքը իր ցուցմունքներում նշել էր, որ այդպիսի բան եղել է, բայց դրանից հետո շատ հավասարակշռված է եղել: Հիմա մենք ձեզ ներկայացրինք մյուս տեսանյութը, որտեղ ակնհայտ երեւում է, որ սուտ է ասել այդ մասին»:
Կարդացեք նաև
Լուսինե Սահակյանը հավելեց, որ վկաներից մեկը նշել էր, որ այդ պահին մայթեզրին շան հետ կանգնած է եղել. «Տեսանյութում երեւում է այն հատվածը, որտեղ պետք է գտնվեր վկան: Տեսնում ենք, որ այդտեղ շան հետ կանգնած ոչ ոք չկա: Ե՛վ շան հետ, ե՛ւ առանց շան այդ վկան այդտեղ չի գտնվել: Այն վկաները, որոնք ցուցմունք տվեցին դատարանում, որ իբրեւ թե տեսել են այդ իրադարձությունները, իրենց նկարագրած վայրերում չկան»:
Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ տեսանյութում ակնհայտ երեւում է, թե ինչպես է Վրթանեսյանն իրեն հարվածում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տուժող ոստիկան Վահան Վրթանեսյանը դատարանին վստահեցրեց, որ ինքը չի խփել Կիվիրյանին, այլ պարզապես նրա անկանոն շարժումներն է փորձել սահմանափակել: Արգիշտի Կիվիրյանը ի պատասխան նրա հայտարարությանը՝ հայհոյեց ավտոմեքենայում իրեն ծեծողին եւ հայհոյողին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսինե Սահակյանը նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում միջնորդել էր կրկին հարցաքննել վկա ոստիկան Արմեն Քոչինյանին: Սակայն դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Արմեն Քոչինյանը այլեւս ոստիկանությունում չի աշխատում, դատավոր Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ բնակության հասցեով ուղարկված ծանուցագրից տեղեկություն չկա:
Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ Արմեն Քոչինյանը կեղծ վկաներից մեկն է եւ ակնհայտ է, որ համակարգը ձերբազատվում է իր կեղծ վկաներից. «Այս պարագայում պետք է միջոցներ ձեռնարկել եւ նրան բերել դատարան: Դա ձեր խնդիրն է, ինչպես ուզում եք ապահովեք այդ վկային»:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 15-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ամո՜թ խայտառակ, անամոթ ոստիկանությանը: Ամո՜թ: