Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտների տարեկան հաշվետվությունը

Դեկտեմբեր 18,2014 18:01

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ամփոփ արդյունքները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետպատվերի շրջանակում վիրահատվել է 13465 քաղաքացի: Քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում իրականացված նորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքների արդյունքները: Կարևորվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման ծրագիրը. ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ:  «Վերջին երկու տարիներին այս ուղղությամբ ընթացող աշխատանքները փաստում են, որ ներդրվող հսկայական միջոցները, նոր սարքավորումները կնպաստեն պոլիկլինիկաների պայմանների բարելավմանն ու մատուցվող ծառայությունների արդիականացմանը: Այս ուղղությամբ գործընթացը կլինի շարունակական»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք»  և «Երևանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում անվճար բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի:

Առևտրի և սպասարկումների ոլորտի վերաբերյալ նշվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման նպատակով տարեսկզբից կազմակերպվել են ամենօրյա շրջայցեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Դեկտեմբերի 15-ի դրությամբ    բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար կազմվել է 339  արձանագրություն: Աշխատանքներ են իրականացվել նաև ժամը 24.00-ից հետո աշխատող օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ: Հաշվի առնելով բնակչության բողոքները և արձանագրված խախտումները՝ 2014թ. ընթացքում 34 գիշերային ակումբների,  բարերի և կարաոկե-ակումբների գործունեության թույլտվություն չի տրվել:

Երևան  քաղաքի արտաքին  ձևավորման  և գովազդի  ոլորտում  2014 թվականին  կատարված  աշխատանքների շրջանակում մասնավոր  կազմակերպությունների  հետ  համագործակցության  արդյունքում  կառուցվել է  վերգետնյա  3 անցում: Հյուսիսային պողոտայի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվել է 5 մլն դոլարի ներդրումային ծրագիր. շուրջ  3 անգամ ավելացել է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվել է պողոտայի կահավորանքը։

2014թ. շարունակվել է գովազդային կրիչների արդիականացման ծրագիրը: Կենտրոն  վարչական շրջանում ապամոնտաժված 106  հնաոճ  մեծ  և միջին  չափերի  գովազդային  վահանակների  փոխարեն  տեղադրվել  են քաղաքային  չափերի գովազդային արդիական միջոցներ։ 950 վահանակ ապամոնտաժվել է շենք-շինությունների  վրա  տնտեսվարողների  կողմից   տեղադրված «Գովազդի մասին »   ՀՀ օրենքին  հակասելու պատճառով: Խախտումների  վերաբերյալ  կազմվել  է   219 արձանագրություն: Շարունակվել են կամարանցումների վերանորոգման, գունազարդման և լուսավորման, ինչպես նաև շենքերի ճակատային գունավորման աշխատանքները, տեղադրվել են նոր նստարաններ և աղբամաններ:

Նորարարական ծրագրերի վերաբերյալ քաղաքապետի տեղակալը հատկապես կարևորել է «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» կողմից մշակված ու ներդրված համակարգերը: Բարելավվել և նոր գործիքներով  են համալրվել բնակչությանը էլեկտրոնային և տեղեկատվական ծառայություններ տրամադրող համակարգերն ու կայքերը: Ներդրման առաջին փուլ են անցել գովազդային միջոցների հաշվառման և վերահսկման տեղեկատվական համակարգը, որը  նաև նոր էլեկտրոնային ծառայություն է տրամադրելու քաղաքացիներին՝  հնարավորություն տալով առցանց էսքիզի հաստատում և գովազգի տեղադրման թույլտվություն ստանալ www.yerevan.am կայքից: Հատկապես կարևորվում են ներդրված նոր էլեկտրոնային ծառայությունները, որոնց միջոցով բնակիչները 2014 թվականի ընթացքում հնարավորություն են ստացել www.yerevan.am կայքի միջոցով  առցանց դիմումներ ուղարկել և հետևել դրանց ընթացքին,  դիտարկել վճարովի ավտոկայանատեղերում տեխնիկական սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտումները, կատարել տրանսպորտային միջոցի և անշարժ գույքի գույքահարկի պարտքի վերաբերյալ առցանց հարցում, իրականացնել վճարում և այլն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031