Մեկ օր առաջ` Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի 66-րդ լիագումար նիստի ընթացքում ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը` GRECO-ն, հրապարակել է Հայաստանին վերաբերող զեկույցը: Թեև նշված է, որ Հայաստանն իրականացրել է այն 19 առաջարկությունները, որոնք GRECO-ն արել է՝ քաղաքական ֆինանսավորումը թափանցիկ դարձնելու եւ կոռուպցիան քրեականացնելու առումով, սակայն դեռ որոշ մտահոգություններ կան:
Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը ՀՀ-ին առաջարկել է ապահովել անկախ եւ միասնական մեխանիզմ՝ քաղաքական կուսակցությունների եւ ընտրարշավների ֆինանսական աղբյուրների դիտարկման նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն նաեւ պատժամիջոցներ։
Զեկույցում դրական է գնահատվել ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը, այն, որ փոփոխության է ենթարկվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը։ Սակայն GRECO-ն մտահոգություն է հայտնում քաղաքական կուսակցությունների աուդիտի հետ կապված որոշ խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Մասնավորապես այն մասին, որ աուդիտորները հիմնականում նշանակվում են կուսակցությունների կողմից, ինչպես նաև չի ապահովվում արդյունավետ մոնիտորինգ:
Aravot.am-ը վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց համամի՞տ է GRECO-ի զեկույցում տրված գնահատականների և մյուս կողմից արդյոք ԵԽ-ն մեղմ գնահատականներ չի տալիս: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Շատ ճիշտ են արել, որ մտահոգություն են հայտնել, քանի որ մեզ մոտ այդ ոլորտը ոչ միայն թափանցիկ չէ, այլև ընդհանրապես ստվերային է ամեն ինչը: Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե որ մասն է այնտեղ թափանցիկ»: ԵՄ-ի` Հայաստանին ուղղված մեղմ գնահատականների մասին հարցին ի պատասխան պարոն Հակոբյանը նկատեց, «թե Եվրամիությունը, Արևմուտքը, լինելով բավականին պրագմատիկ, հասկանում են, թե ՀՀ-ն ինչու է ՌԴ-ի հետ:
Կարդացեք նաև
Ըստ քաղտեխնոլոգի` նրանք ուզում են «ոտքի տեղ ունենալ». «Եթե կոշտ լինեն ու վանեն ՀՀ-ին իրենցից, ի՞նչ են դրանից ստանալու: Ուստի փափուկ ձևերով փորձում են շարունակել աշխատել ՀՀ-ի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ` թե գրանտային ծրագրերի տեսքով, թե այլ օժանդակությամբ: Իրենք չեն կարող և ասել` ուզում ենք աշխատել, և կոշտ դիրքորոշում ընդունել, ինչպես, օրինակ, ՌԴ-ի, Իրանի նկատմամբ»:
Այն, որ Հայաստանը գնաց եվրասիական զարգացման ճանապարհով, պարոն Հակոբյանը համարում է, որ այս հարցում մեղքի բաժին ունի նաև ԵՄ-ն` չորս տարի շարունակ բանակցելիս հայ ժողովրդին ռեալ այլընտրանքներ` տնտեսական և ռազմական անվտանգության, Արցախի հարցի շուրջ չէր առաջարկում: Մեր այն հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են Եվրամիության պաշտոնյաները նշում, թե ՀՀ-ի կողմից արձագանք չկա համագործակցության նոր ձևաչափի առումով, պարոն Հակոբյանն այսպես պատասխանեց. «Խոշոր հաշվով` դու կամ այնտեղ ես, կամ` այստեղ: Իհարկե կարող ես հռչակագրային ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որ ցույց տաս, թե սա էլ նա էլ: Այս առումով ԵՄ-ն հասկանում է, որ այսօր ռեալ այլընտրանքներ չի կարող առաջարկել, ուստի ուզում է գոնե այսպես աշխատել»:
Այս առիթով պարոն Հակոբյանը վկայակոչեց «փափուկ ուժ» տեխնոլոգիան, երբ վարկերի և տարբեր այլ ձևերով գումար տրամադրելու միջոցով արևմուտքը փորձում է կապեր հաստատել ՀՀ իշխանությունների հետ:
Մեր այն դիտակմանը, թե Ռուսաստանի առաջարկած ռեալ այլընտրա՞նքը որն է, Վիգեն Հակոբյանը արձագանքեց. «Մեր սահմանը մինչև հիմա ռուսներն են պահում, զենքը, Ադրբեջանին վաճառում են, թե ոչ, դա չէ էականը, էականն այն է, որ մեզ զենք տալիս են և ավելի լավ գնով: Եվ ավելին, մենք մտնեինք ԵՏՄ, թե ոչ, այդ ամենը, գումարած նավթն ու գազը, ստանալու էինք: Մեր անդամակցությունը ԵՏՄ-ին ոչ այնքան կարևոր է մեզ համար, որքան ռուսների»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Իսկ ի՞նչու է ռուսը կանգնած քո սահմանին: Դու զինվոր չունե՞ս:
Դա մի՛ֆ է,որ 4-5 հազար ռուսը հային կարող է պաշտպանել, եթե Թուրքիան ցանկանա հարձակվել: