Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջուջեւանի գյուղապետը խորհուրդ է տալիս Հայաստանին խելոք գառան պես 2 մոր կաթ ուտել՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի

Դեկտեմբեր 18,2014 17:44

Այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ստորագրեց Հայաստանի հետ համագործակցության 15 պայմանագիր՝ հատկացնելով 10 մլն եվրո: Գումարը հիմնականում ուղղվելու է գյուղատնտեսության զարգացման, գյուղական համայնքների կառավարման, մարդու իրավունքների ու ժողովրդավարության, աղքատության կրճատման եւ քաղաքաշինության կայուն զարգացման համար:

Հատկացված գումարով, օրինակ, Վայոց ձորի մարզում զարգացնելու են մեղվաբուծությունը, եւ ԵՄ պաշտոնյաները նշեցին՝ հուսով ենք, ծրագրի արդյունքում Վայոց ձորի մարզում կուտենք ձեր մեղրը:

240 հազար եվրոյի ծրագիր է իրականացվում վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

«Հաբիթաթ» հիմնադրամի, Վայքի եւ Սպիտակի քաղաքապետարանների հետ իրականացնելու են էներգախնայողության ծրագիր, որն արդեն արվել է Գյումրիում եւ Երեւանի փողոցներում. «Այս ծրագիրը նպաստելու է ՀՀ-ի էներգետիկ անկախությանը: Ունենք 10 մլն եվրոյի ծրագիր՝ Գյումրիում, Երեւանի փողոցային լուսավորության էներգախնայողության համար, որն աշխատելու է այս անգամ Վայքում եւ Սպիտակում՝, 1.7 մլն եվրոյի ծրագիր է»:

Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց 2 մլն եվրո գյուղտեխնիկայի համար: Ծրագրի տեւողությունը 3 տարի է:

Ծրագրերից մեկն էլ կոչվում է համագործակցություն խոցելի խմբերին: Այն ծնողազուրկ երեխաների համար է, որոնց հատկացվելու է 400 հազար եվրո՝ 2 տարի տեւողությամբ:

Եվս 400 հազար 19 հազար եվրո ուղղվելու է՝ սիրիահայ փախստականներին աջակցելու համար: ԵՄ-ն 225 հազար եվրո էլ հատկացրեց գենդերային բռնության համար, եւ 750 հազար եվրո՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների համար: Տրայան Հրիսթեան նշեց, որ հիմա տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը 115-100 է, ինչը կարող է բերել նրան, որ ՀՀ-ում շուտով աղջիկներ չմնան:

Jujevani_gyuxapet

230 հազար եվրո էլ հատկացվեց Տավուշի մարզի Ջուջեւան համայնքին: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ գումարով ջրի եւ գյուղտեխնիկայի հարցն են լուծելու: Գյուղապետը պատմեց, որ վերջին օրերի փոխարժեքի տատանումներից առաջացած խուճապն ու թանկացումները հասել են իրենց համայնք: Բնակիչները հիմնականում դժգոհում են թանկացումներից, որովհետեւ, նրա խոսքերով՝ այսպես թե այնպես փող չունեն, ռուսական ու դոլար չունեն, որ փոխարժեքի տատանումներից էլ խառնվեն իրար: Ջուջեւանում թանկացել է ալյուրը. «20 հազար դրամ է՝ 50 կգ-անոց պարկը: Ալյուրին հիմա մարդիկ տալիս են պրիլիչնի գումար»:

Ջուջեւանի գյուղապետն ուրախ է, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ անկախ ՌԴ-ում տնտեսության անկման ազդեցությունից: Ըստ նրա, մենք կարող ենք խելոք գառան պես երկու մոր կաթ ուտել. «Եվրամիությունը դեմ չի, որ Հայաստանը աշխատի ԵՏՄ-ի հետ: Շատ լավ կլինի, եթե ունենանք «եւ-եւ»-ը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031