Դեկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բանկերում դոլարի վաճառքի առքի գին էր սահմանված 470-480-ը: Դոլարը վաճառվում էր 520 դրամով: Բանկերում եվրոյի առքի գին էր սահմանված 572-590 դրամը , եվրոն վաճառվում էր 639- 640,5 դրամով:
Դրամի փոխարժեքը նվազել է նաեւ վրացական լարիի հանդեպ: Դեկտեմբերի 17-ին Նոյեմբերյան քաղաքի բանկերում լարի չէր վաճառվում: Վրաստանին սահմանակից Նոյեմբերյանի տարածաշրջանում լարին ավանդաբար պահանջարկ ունի: Այդ պահանջարկն ավելացել է նախատոնական այս օրերին, երբ տարածքի շատ առեւտրականներ զբաղված են Վրաստանից մանդարին, կարոլյոկ , ցիտրուսային մրգեր եւ այլ մթերքներ ներկրելով: Դեկտեմբերի 18-ին «Արդշինինվեստանկի» Նոյեմբերյանի մասնաճյուղում ասացին, որ իրենք ընդհանրապես լարի չեն վաճառում, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի մասնաճյուղում հայտնեցին,որ իրենք լարի չունեն, սակայն օրվա երկրորդ կեսին կունենան, այն կգնեն 235, կվաճառեն 280 դրամով:
Նոյեմբերյան քաղաքի խանութներում 25 կիլոգրամանոց ալյուրի պարկը վաճառվում է 9 հազար դրամով, 50 կիլոգրամանոցը՝ 19 500 դրամով: Հացի փռերում եւ խանութներում վաճառվող մեկ հատ հացի գինը բարձրացել է 50 դրամով: Չնայած թանկացումներին, Նոյեմբերյանի խանութներում մեծ ծավալի առեւտուր էր կատարվում: Առեւտրի կետերում վաճառվում էր նախկինում ավելի էժան գներով ձեռք բերված մթերքներ, սակայն խանութների տերերն օգտվելով խառն իրավիճակից՝ զգալի չափով ավելացրել են վաճառվող ապրանքների գները: Էականորեն թանկացել են բրինձը, շաքարավազը,սուրճը, ձեթը, կարագը եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Խանութների վաճառողներն ասացին, որ գնորդները դեկտեմբերի 17-ին խուճապի մեջ էին, հետագա թանկացումներից վախեցած ՝ մի քանի պարկ ալյուր, մեծ քանակով ձեթ էին գնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ