Դիլիջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Դիլիջանում այսօր կազմակերպվեց տեղաբնակ շնորհալի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Ներկայացված էին ասեղնագործական, գոբելենագործական, գորգագործական, նկարչական աշխատանքներ, արհեստական եւ բնական քարերից պատրաստված զարդեր:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է քաղաքում ստեղծել կանանց ռեսուրս կենտրոն, եւ կազմակերպված ցուցահանդեսի նպատակը ապագա կենտրոնի հետագա զարգացման ուղղությունների բացահայտումն է:
«Ցուցահանդեսը կազմակերպվել է՝ գնահատելու համար, թե տեղացի կանայք հատկապես արհեստագործական որ ուղղություններն են նախընտրում, ինչն էլ կանխորոշիչ կդառնա ապագա ռեսուրս կենտրոնի զարգացման ուղղությունների ընտրության, անհրաժեշտ միջոցառումների գնահատման համար, որոնք կապահովեն կենտրոնի հետագա բարեհաջող գործունեությունը: Նմանատիպ նախագիծ իրականացվել է Գորիսում, ստեղծվել է բավականին հետաքրքիր փորձ, որն օգտակար կլինի նաեւ Դիլիջանի կենտրոնի գործունեության համար»,-նշեց Դիլիջանի զարգացման ծրագրի ներդրումների բաժնի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը:
Նախատեսվում է, որ կենտրոնի անդամ կանայք կմասնակցեն կարողությունների զարգացման որոշակի դասընթացների եւ կստանան անհրաժեշտ գործիքներ ու նյութեր՝ ձեռագործ առարկաների պատրաստման համար: Նրանց կողմից պատրաստվող ձեռքի աշխատանքները կիրացվեն թե ներքին շուկայում, թե որպես հուշանվերներ:
Կարդացեք նաև
Դիլիջանում այսօր IDeA հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի նախաձեռնությամբ մեկ այլ միջոցառում եւս մեկնարկեց քաղաքի փոքրիկ բնակիչների համար: Ամանորի նախաշեմին փոքրիկները հնարավորություն կունենան դիտելու Հենրիկ Մալյանի անվան թատրոնի ներկայացումները՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա: Ներկայացումները կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 19-ին, 21-ին եւ 22-ին:
«IDeA հիմնադրամը, որը կարեւոր ծրագրեր է իրականացում քաղաքում, արդեն երկրորդ տարին է, որ Ամանորին նման կրթամշակութային միջոցառումներ է կազմակերպում քաղաքի փոքրիկների համար: Կարծում եք, սա լավ նախաձեռնություն է, եւ երեխաները չորս օր կարող են վայելել հետաքրքիր թատերական ներկայացումները»,- նշեց Դիլիջանի երիտասարդական կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Բացի այդ, երեխաների համար պատրաստվել են նաեւ ամանորյա նվերներ, որոնք նրանց են տրամադրվում ներկայացումներից հետո:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին