«Ֆինանսական բուրգի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Արթուր Երիցյանը դեկտեմբերի 15-ի դատական նիստին մեկ շաբաթ ժամանակ է խնդրել ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին հարցաքննելու նպատակով կրկին հարցեր պատրաստելու, եւ նաեւ այս գործով հանրապետությունից դուրս գտնված, տուժող Արտակ Գալստյանին դեկտեմբերի 23-ին բերման ենթարկելու հետ կապված:
Վերջինս, որը հայտնի է «Վանոյի ճուտ» անվամբ էլ, ըստ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ոստիկանության պաշտոնական տեղեկանքի, գտնվում էր Ֆրանսիայում՝ Փարիզում, մինչդեռ դատախազ Արթուր Երիցյանը այդ նիստից երեք օր առաջ, ինչպես ասել է՝ «իր մոտ» հանդիպել է նրան:
Արթուր Անդրեասյանը ցուցմունք է տվել, որը տեւել է երեք ժամից ավելի: Նա նախապես ցավազրկող դեղեր է ընդունել: Չի ընդունել իրեն մեղսագրվածը՝ տարադրամի փոխանակման կետերի միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ «պտտացնելը», յուրացնելը, «քցելը»:
«Քցվողներն» էլ, ըստ գործի «ամենախոցելի» խումբն էր՝ բարձրաստիճան ոստիկանապետերի եւ նրանց հարազատների գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Արթուրի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը, որն, ըստ էության , որդու հետ Կասյանի փողոցի վրա գտնվող տարադրամի փոխանակման կետն է աշխատացրել, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե որդին վարկեր է վերցրել, կերակրել է մի շարք քաղցած ընտանիքների, կատարել հարկային պարտականությունները:
«Արտակ Գալստյանը ստեղծեց տոկոսային կոլապս, ուղղորդված մի ծրագիր՝ պաշտոնից հանելու իր բարերարին խոչընդոտող մի մարդու, ով ավելի խելացի է, ամեն առումով ավելի մարդասեր…Նա որպես խայծ օգտագործեց որդուս եւ քանի որ մասնագիտությունը վաշխառությունն էր, դա էլ արեց գերազանց: Նախաքննության ընթացքում նա էր վարում քննությունը, , հեռախոսով տալիս հարցեր, որ պատասխաններ պահանջեն քննիչները:
Նրան առաջադրվել էին հոդվածներ վաշխառության, փաստաթղթերի կեղծման համար, որից հետո նա դիմեց երեք ամսյա փախուստի:
Նրա վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները, իսկ որդուս հրահանգվեց տալ մարդկանց անուններ: Նույնիսկ դատարանում ապացուցվեց, որ իրենց հետաքրքրող անձինք ոչ մի կապ չունեն, այս պատվեր կոչեցյալ «բուրգի» հետ, Նրա տիկինը՝ Վեներա Գալստյանը հանդիսանում է բոլոր կեղծ փաստաթղթերի «վկան», որդուցս «քցված» բնակարանի , «Ամադելա» ՍՊԸ ավազահանքի բաժնեմասի, որն իր անունով է»:
«Քցված» բնակարան ասելով ամբաստանյալի մայրը նկատի ուներ Բաղրամյան պողոտայի 77 շենքի 8-րդ բնակարանը, իսկ Արտակ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործն էլ, որն ակնարկվեց, 2013թ. նոյեմբերի 4-ին ՀՔԾ-ում առկա գործն է եղել, որը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր:
Վերջին հետազոտության համաձայն, 42-ամյա ամբաստանյալի գլխուղեղում առկա է կիստա, ըստ գլխուղեղի մագնիտա-ռեզոնանսային հետազոտության արդյունքների՝ «ձախ հետին գլխուղեղային իլիկաձեւ անեւիզմա»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի կինը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը news.am-ին ասել էր որ ֆինանսական բուրգի գործում իր ամուսնու անունը շահարկելը հերյուրանք է: «Չեմ ցանկանում անդրադառնալ հիմարություններին»,-ասաց Ռուզան Տոնոյանը՝ հավելելով, որ Վանո Սիրադեղյանի անունը տալով՝ ուզում են իրենց արժեւորել: