ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաջարկվել է նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Գործադիրը սահմանել է, որ 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սահմանամերձ համայնքների ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Նաև սահմանվել է, որ նշված համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարի ՀՀ կառավարությունը:
Որոշման գործողությունը տարածվում է 2015թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները: Համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 4-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները: Որոշման նպատակն է ապահովել պետբյուջեի կատարման կազմակերպումը՝ պետական կառավարման մարմիններին տրվող հանձնարարականների միջոցով: Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների, պլանների կազմումը և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից որոշման նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ